Սա մերժելու ընտրություն չէ, սա ընտրելու ընտրություն է

Սա մերժելու ընտրություն չէ, սա ընտրելու ընտրություն է
Դավիթ Դանիելյան

Հարցազրույց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր, Կապանի քաղաքապետի թեկնածու Դավիթ Դանիելյանի հետ

- Դուք Կապանի քաղաքապետի իշխանական թեկնածուն եք, Ձեր մրցակիցը գործող քաղաքապետ Գեւորգ Փարսյանն է: Ասում են՝ նրա շանսերը մեծ են, 2018-ին, երբ ձեր իշխանության ռեյտինգը պիկին էր հասել, նա հաղթեց ձեր թեկնածուին։

- Տեսեք, երբ ընտրությունները սկսվում են, ես երկու կողմերի կամ երեք կողմերի շանսերը հավասար եմ գնահատում, որովհետեւ դրա համար կա նախատեսված քարոզարշավ, հանդիպումներ քաղաքացիների հետ, ընթացքում՝ վերջին օրերին նոր որոշակի պատկեր կերեւա։

- Իսկ Փարսյանի մասով ի՞նչ կասեք, նա, բացի այն, որ Ձեր մրցակիցն է, նաեւ ընդդիմադիր դիրքերից է հանդես գալիս, պարբերաբար քննադատում է ձեր իշխանությանը։

- Ես ցանկացած կապանցու հարգում եւ սիրում եմ, որոնց շարքում է նաեւ Փարսյանը։ Ես որեւիցե կապանցու մասին վատ կարծիք չունեմ, սա քաղաքական պայքար է։

- Դուք ի՞նչ եք խոստանալու կապանցուն: Տեսնում ենք, թե Սյունիքում ինչ իրավիճակ է, Գեւորգ Փարսյանն ասում է, որ Փայլասարում մենք դիրքեր ենք զիջել։ Դուք սյունեցիների անվտանգությունը երաշխավորող ի՞նչ խոստում եք տալու։

- Համայնքապետի հայտարարությունից հետո ինքը հենց «Զանգեզուր TV»-ին տված հարցազրույցում բառացի ասաց՝ հայկական եւ ադրբեջանական զորքերի դիրքերի տեղաշարժ Փայլասարում տեղի չի ունեցել։

- Բայց անվտանգության մասով Դուք ռիսկեր չե՞ք տեսնում, կարծում եք՝ կապանցին այսքանից հետո ձեր թիմին կվստահի՞։

- Անվտանգությունը շատ մեծ համակարգ է, որի մի փոքր մասնիկն է համայնքապետարանը։ Եվ այստեղ կարեւոր է նաեւ ճիշտ համագործակցությունը կենտրոնական իշխանության հետ՝ անվտանգության առումով։

- Փարսյանից կապանցիները, ըստ էության, դժգոհ չեն, հիմա ի՞նչը պետք է մոտիվացնի կապանցուն, որ նա գործող քաղաքապետին, որը դեռ չի ավարտել իր պաշտոնավարման ժամկետը, ձայն չտա եւ ձայն տա այլ թեկնածուի, այս դեպքում՝ Ձեզ։

- Մի շարք քաղաքական գործընթացներ են տեղի ունեցել անկուսակցական Փարսյանի ընտրվելուց հետո, որի արդյունքում անգամ ավագանու անդամներ հրաժարական տվեցին, քաղաքում որոշակի տրամադրություն փոխվեց։ Դրա համար ես կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ քաղաքացիները տեսնեն երկու կողմերի ծրագրերը, առաջարկները, քննարկեն, քննադատեն եւ որոշում կայացնեն։

- Ձեր իշխանության վերջնանպատակն այն է, որ բոլոր համայնքները ՔՊ-ակա՞ն դարձնեք։

- Սա քաղաքական պայքար է, եւ ես ունեմ ավագանու շատ լավ կազմ, մենք թիմային ենք աշխատում, էստեղ առանձին միայն իմ ընտրությունը չէ, իմ ավագանու անդամները բոլորն էլ քաղաքացիների կողմից ընդունված դասախոսներ են, հանքի աշխատողներ են, բանպահպաններ են, ուսուցիչներ են, բիզնեսմեններ են․․․ Տարբեր ոլորտների ներկայացուցիչներ ենք ընդգրկել, որպեսզի հետագայում քաղաքը կառավարելիս ամեն մեկն իր ոլորտով պատասխան տա, իր ոլորտի ներկայացուցիչների հետ շփվի, հանդիպումներ ունենա, որպեսզի ոչ մի ոլորտ բաց չմնա։

- Դուք մասնագիտությամբ նկարիչ եք, Ձեր մասին ասում են՝ վատ տղա չէ, բայց քաղաքային կառավարման փորձ չունեք։

- Ես մի քանի տարի աշխատել եմ տարբեր գերատեսչություններում եւ շատ տարբեր ոլորտներում՝ պետական վերահսկողությունում եմ աշխատել, ստուգումներ ենք իրականացրել, ԿԳՄՍ նախարարությունում ամբողջ Հայաստանի ռազմավարությունն ենք մշակել եւ իրականացրել, նաեւ այդ տարիներին Կապանում, Սյունիքում շատ ծրագրեր ենք իրականացրել, տարբեր տարիների իմ աշխատանքային փորձն ինձ օգնում է, որ ես այսօր տեսնեմ Կապանում թիրախային խնդիրները, որոնք իրոք բաց են մնացել։

- Դուք Գեւորգ Փարսյանի աշխատանքում թերացումներ տեսնո՞ւմ եք։

- Ցանկացած պաշտոնյայի աշխատանքում թերություններ եւ խնդիրներ կան, եւ ես կարծում եմ՝ մի պահ է գալիս, որ պաշտոնյան կարող է ինքն էլ իր թերությունները չնկատել։

- Իսկ հատկապես ինչի՞ համար պետք է կապանցին մերժի Փարսյանին, ում հանդեպ տեղացիները դրական վերաբերմունք ունեն։

- Սա մերժելու ընտրություն չէ, սա ընտրելու ընտրություն է։ Կա երկու թեկնածու, որոնք ներկայացնում են իրենց թիմը, ես շատ կուզենայի, որ քաղաքացիները համեմատեին երկու կողմերի թիմը, ծրագիրը, թեկնածուների անցած ճանապարհը, եւ թե ում հետ հնարավոր է ապագայում հույս կապել։

- Կարծում եք՝ առավելությո՞ւն է ՔՊ-ի թիմից լինելը, չէ՞ որ ՔՊ-ի պատճառով այսօր Սյունիքում անվտանգության խնդիր կա, տարածքներ են հանձնվում, վաղը չգիտենք ինչ է լինելու։ Գուցե Ձեր անունից հանդես գալն ավելի՞ բարձր շանս ապահովի Ձեզ համար, քան ՔՊ-ով ներկայանալը։

- Եթե լիներ սովորական ընտրություն, այսինքն՝ առանց օրենքով քաղաքական թիմերի մասնակցության պարտադրանքի, հնարավոր է առանձին մասնակցեին թեկնածուները։ Բայց հիմա ՏԻՄ օրենքն այդպիսին է, որ անպայման պետք է կուսակցությամբ ներկայանան, եւ ավագանու կազմի առնվազն 70 տոկոսը պետք է դառնան կուսակցականներ։

- Դա նկատի ունեմ` գուցե ՔՊ-ի թիմից հանդես գալը Ձեզ վնասի՞։

- Ես չեմ կարծում՝ ՔՊ-ից հանդես գալը վնասակար է, որովհետեւ ես այդ թիմի անդամ եմ եւ այդ թիմի հետ տանում եմ այն ամբողջ պատասխանատվությունն ու ռազմավարությունը, որ այս պահին մենք ունենք։

- Բայց Գորիսում, օրինակ, ձեր թիմին մերժեցին՝ ընտրելով կալանավայրում գտնվող Առուշ Առուշանյանին։

- Ես չէի ցանկանա համայնքներն իրար հետ համեմատել, ե՛ւ մարդկանց մոտեցումներն են տարբեր, ե՛ւ թեկնածուները, ե՛ւ թիմերը, ե՛ւ ավագանիները, ե՛ւ գործող համայնքապետերը՝ բոլորն էլ տարբեր են իրականում, կարծում եմ՝ տրամաբանական չէ համեմատելը։

- Բայց մի մարզի մեջ են, իսկ Փարսյանն էլ ազատության մեջ է, կարող է քարոզարշավ անել։ Դուք վերլուծե՞լ եք, թե ինչու Առուշ Առուշանյանին ընտրեցին։

- Գորիսի ընտրությունների ժամանակ արդեն հայտարարվել էր իմ թեկնածության մասին, եւ ես զբաղված էի իմ ավագանու անդամների հետ հանդիպումներով ու լավագույն կազմ ընտրելու աշխատանքներով։ Դրա համար ներգրավված չեմ եղել եւ չեմ կարող ասել՝ քարոզարշա՞վն էր վատը, սխա՞լ ընտրություն էինք արել, սխա՞լ ճանապարհ էինք ընտրել։

- Գուցե գորիսեցիները նախընտրել են ձայն տալ ուժեղ ղեկավարի, իրենց սահմանները պահելուն միտված մարդու, այլ ոչ թե մի թիմի, որն իրենց սահմանների անվտանգությունը գնալով թուլացնում է։

- Ես կոռեկտ չեմ համարում գորիսեցիների անունից ինչ-որ բան ասել, ես կապանցի եմ։

- Ի դեպ, տեղեկացանք, որ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը մեծ շքախմբով մեկնել էր Քաջարան՝ Զանգեզուրի կոմբինատ, եւ այնտեղ սպառնացել, որ անպայման կոմբինատի աշխատակիցները ՔՊ-ին ձայն տան։ Դուք սրա վերաբերյալ ի՞նչ կասեք։

- Մենք աշխատանքային այցով գնացել ենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, հանդիպել ենք տնօրինությանը, աշխատակիցներին, տեսել ենք, թե ինչպիսի խնդիրներ կան, որ կառավարությունը կարող է աջակցել, հետո քննարկում ենք ունեցել տնօրինության հետ, այնուհետեւ շարժվել դեպի Երեւան։ Իմ ներկայությամբ որեւէ քարոզչական խոսակցություն տեղի չի ունեցել։

- Այսինքն՝ բացառո՞ւմ եք, որ Կապանում իշխանությունը Ձեր օգտին վարչական լծակներ կիրառի։

- Եթե ինձ ասեք՝ երեք տարվա մեջ երբ ենք մենք վարչական լծակ կիրառել, ես Ձեր հարցին կպատասխանեմ։

- Բազմաթիվ հրապարակումներ եղան ընտրությունների ժամանակ` վարչական լծակներ կիրառելու, թաղային կրիմինալին օգտագործելու մասին։

- Մեզ հիմնականում քաղաքացիները մեղադրում են, որ մենք շատ փափուկ եւ շատ հանդուրժողական ենք եղել։ Դա գալիս է նրանից, որ մենք փորձել ենք արդարությունը միշտ պահել, եւ այս ընտրություններին էլ արդարությունը պահելու ենք։ Ոչ մի լարվածություն Կապանում չկա, ամեն մեկը գլուխը կախ՝ իր աշխատանքն է անում, դեռ նոր-նոր պաստառներ են փակցնում, դեռ քաղաքում շատ նախընտրական տրամադրություններ չկան, այսօրվանից նոր քարոզարշավը պետք է սկսվի։

- Եթե Գեւորգ Փարսյանը վերընտրվի, Դուք կշնորհավորե՞ք նրան։

- Ես Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից կատարված ընտրության արդյունքում ցանկացած համայնքի ցանկացած ղեկավարի պատրաստ եմ շնորհավորել, որովհետեւ ես ցանկացած քաղաքացու քվե հարգում եմ։

- Այսինքն՝ Դուք Առուշանյանին շնորհավորո՞ւմ եք։

- Այո, մեր քաղաքացիների կողմից ընտրված ցանկացած թեկնածուի ես շնորհավորում եմ։