Անթույլատրելի ենք համարում պետական ու հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց ուղղակի և անուղղակի ուղղորդումը

Անթույլատրելի ենք համարում պետական ու հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց ուղղակի և անուղղակի ուղղորդումը

Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանն իր էջում հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է․

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ճարտարապետության ոլորտում վերջին զարգացումների վերաբերյալ

Ճարտարապետական խնդիրներին` մասնավորապես նախագծային գործունեությանը տարբեր պաշտոնյաների ներգրավվածությանը վերաբերող քննարկումները վերջին շրջանում լայն արձագանք են ստացել լրատվամիջոցներում։ Ելնելով ստեղծված իրավիճակից` Հայաստանի մի խումբ անհատ ճարտարապետներ ու ճարտարապետական արվեստանոցներ հայտարարում են.

Անթույլատրելի ենք համարում պետական ու հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց ուղղակի և անուղղակի ուղղորդումը կամ անմիջական մասնակցությունը ճարտարապետական նախագծային պատվերներում։

Անընդունելի ենք համարում պետական կամ համայնքային պաշտոններ զբաղեցնող ճարտարապետների՝ նախագծային գործունեությամբ կամ փոխկապակցված նախագծային կազմակերպությունների միջոցով մասնակցությունը նախագծային գործընթացներին:

Ուստի, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Երևանի քաղաքապետարանին և տեղական ինքնակառավարման մյուս մարմիններին կոչ ենք անում.

1․ Բացառել ցանկացած դեպք, երբ պետական կամ համայնքային ծառայողները թե՛ անձամբ, թե՛ փոխկապակցված անձանց միջոցով մասնակցում են նախագծային գործընթացներին։

2․ Ներդրումային նախագծերի քննարկման գործընթացները կազմակերպել հնարավորինս բաց և թափանցիկ՝ ապահովելով մրցակցային գործընթացը, որի նպատակն է գտնել հանրային և տնտեսական արժեք ապահովող լավագույն լուծումներ։

3․ Քայլեր ձեռնարկել ներկա խոշոր քաղաքաշինական նախագծերում` կասեցնելու պետական և համայնքային պաշտոնյաների և նրանց հետ փոխկապակցված անձանց մասնակցությունը՝ ապավինելով մասնագիտական տարբեր հարթակների և կազմակերպությունների, այդ թվում ՝ Հայաստանի ճարտարապետների պալատի միջոցով մասնագիտական քննարկումներին։

4․ Նախաձեռնել ոլորտի խորքային բարեփոխումներ, որոնք ուղղված կլինեն կառավարության նախաձեռնած տնտեսական հեղափոխության արդյունքում նախանշվող շինարարության ոլորտի աճի կայուն զարգացմանը։

Միաժամանակ սատարում ենք Հայաստանի ճարտարապետների պալատի նախաձեռնած բարեփոխումներին և տարբեր սերունդների մեր գործընկերներին` անկախ իրենց մասնագիտացումներից (նախագծող ճարտարապետ, վերականգնող ճարտարապետ կամ քաղաքաշինարար-ճարտարապետ), հորդորում համախմբվել պալատի շուրջ, պահանջել հետևողականություն և բարեփոխումների շարունակականություն։

Ավելի քան վստահ ենք, որ հանրային կյանքում տեղի ունեցող փոփոխությունների ու զարգացումների շրջանակում ինքնակարգավորման ինստիտուտները կարող են և պետք է ունենան առանցքային դերակատարություն։
Եվս մեկ անգամ հաստատում ենք, որ մենք՝ ճարտարապետներս, պարտավոր ենք ուղղել նախկինում թույլ տված սխալները և մեր քաղաքացիների համար գեղեցիկ ու ներդաշնակ քաղաքներ և երկիր ապահովել։

Հայտարարությանը կարող են միանալ անհատներ և մասնագիտական կառույցներ։

Այս պահին հայտարարությանը միացած մասնակից ճարտարապետական արվեստանոցներն են.
BARDI
TEQ Architectural studio
ARCHcoop
snkh
Cubit Architecture and Design Studio
ArWest
9architects Architectural Studio
A&L Architectural Studio
Archangel Architectural Studio
FUTURIS
Atrium Architectural Studio
ArAre Architectural studio
VoskanyanHayk Architect+Associates
d'Արվեստանոց / d'Arvestanots
Shatvoryan School
E.Studio
archi-walkie
SP2 I Design and Planning
TFA architectural studio
Storaket Architectural Studio»