Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե․ բանաստեղծություններ

Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե․ բանաստեղծություններ

Լեռների գագաթներին լռություն է տիրում

Լեռների գագաթներին
Լռություն է տիրում, 
Ծառերի սաղարթներին
Շրշյուններն են լռում, 
Թռչունների անուշ դայլայլն անգամ չկա.
Քիչ համբերի՛ր, հոգի՛ս
Սիրտդ անդորր կզգա։

Նոր սեր՝ նոր կյանք

Սի՛րտ իմ, ասա՛ ինձ, ի՞նչ է պատահել, 
Ի՞նչն է անդորրդ այսպես խաթարել, 
Եվ կյանքը ուրիշ դռներ է բացում
Ես էլ արդեն քեզ է՛լ չեմ ճանաչում։
Անցա քո սիրած ճանապարհներով, 
Անցա տխրության մութ ուղիներով, 
Ջանք ու հոգնություն եկան ու անցան,
Մեզ հետ քայլեցին ու լուռ հեռացան։

Քո ջահել հոգում դաջվել է գուցե
Այդ կույսի չքնաղ պատկերը լուսե, 
Նրա հայացքին դարձել ես գերի․
Քաղցր տանջանք է լույսն այդ աչքերի։
Ուզում եմ փախչել, չլինել գերի, 
Վազում եմ հեռու, ուր ճամփան տանի… 
Ուր էլ որ գնամ, էլի՛ նրա մոտ
Ինձ պիտի տանեն ճամփեքը փոշոտ։

Կապված եմ արդեն ես անտես թելով
Ես այդ թելերը կպահեմ սիրով։
Թո՛ղ այդ կույսը ինձ շղթայի ամուր,
Թո՛ղ մարեմ նրա աչքերում լազուր։ 
Եվ կախարդական իմ շղթաներով
Ուզում եմ քայլել այս ճամփաներով․
Ինչպե՞ս ազատվեմ ես այս կապանքից
Ա՜խ, սե՛ր, արբել եմ նրա նազանքից։

Հիասքանչ գիշեր

Հեռանում եմ այս խրճիթից, 
Որն օրրան էր ինձ համար, 
Եվ քայլում եմ հանդարտ ու լուռ
Անտառում մութ ու խավար։
Հեզ լուսնյակն է կաղնուն գրկել, 
Զեփյուռը տաղ է ասում, 
Կեչիները խաղով ընկել, 
Խնկաբույր են տարածում։

Վայելում եմ ես կաթոգին
Այս գիշերը դյութական, 
Երջանիկ է իմ խենթ հոգին, 
Այս աշխարհում մոգական։
Խենթացրել են ինձ երկինքը
Եվ աստղերը անհամար, 
Հազար  գիշեր ես կտայի
Սե՜ր, մի գիշերիդ համար։

Էլֆերի երգը 

Կեսգիշերին, երբ մարդիկ քուն են մտնում, 
Երբ իր փայլով սիրուն լուսինն է ժպտում, 
Երբ աստղերն են դուրս գալիս ու ծիծաղում, 
Մենք թափառում, անհոգ երգում ենք, խաղում, 
Եվ խմբերով ելնում ցատկում ենք, պարում։

Կեսգիշերին, երբ մարդիկ քուն են մտնում, 
Մենք հարազատ ու ջերմ անկյուն ենք փնտրում, 
Ե՛վ թափառում, ե՛ւ խաղում ենք, ե՛ւ երգում, 
Ե՛վ մեր պարով լուսե երազ ենք կերտում։

 

Գերմաներենից թարգմանեց՝  Հասմիկ ԲԱԼԵՅԱՆԸ  

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ