Իշխանությունում իրականում «մանթրաժ» են, չնայած հայտարարում են, որ 60 հազար մարդ է մասնակցել

Իշխանությունում իրականում «մանթրաժ» են, չնայած հայտարարում են, որ 60 հազար մարդ է մասնակցել

Վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմամբ կայացած  Փաշինյանի մարտիմեկյան հանրահավաքը տարբեր ընկալումներ է առաջացրել սեփական թիմում։ Որոշ տեղեկություններով, նախապես ակնկալել են, որ առնվազն 30-50 հազար քաղաքացի են կարողանալու բերել հրապարակ, բայց հանրահավաքի ժամանակ «մանթրաժ» են ընկել՝ տեսնելով, որ իրենց ջանքերը սպասված արդյունքը չեն տվել։ Հիշեցնենք, որ անգամ իշխանամերձ ՀԿ-ի հաշվարկներով՝ 20-21 հազար մարդ է մասնակցել։

Նախապես ծրագրված է եղել, որ Նիկոլ Փաշինյանի խոսքից հետո այլ ելույթներ էլ են լինելու, սակայն Փաշինյանը շատ երկար է խոսել, ցուրտ է եղել, եւ հասկացել են, որ մարդիկ կցրվեն՝ չդիմանալով մինչեւ երթի սկիզբը, ուստի այլ ելույթներ չեն հնչել։ Իսկ առաջնորդը էքսպրոմտ քայլերի է գնացել՝ արտասվել է ելույթի ժամանակ, երթն ուղեկցել են դըմփ-դըմփ-հու-երով ու ծափողջույններով, որ փորձեն էներգետիկա մտցնել շարքերում ու հաղթանակի տպավորություն թողնել։ 

ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանի գնահատմամբ, հանրահավաքն ազդարարեց Փաշինյանի պարտությունը, քանի որ «քերելով»՝ իշխող թիմին հաջողվեց լավագույն դեպքում 20 հազար մարդ հանել հրապարակ։ Իսկ ի՞նչ են կարծում իմքայլական պատգամավորները։

Պատգամավոր Հովիկ Աղազարյանը ցանկալին փորձում է իրականության տակ անցկացնել, նրա հաշվարկներով՝ հանրահավաքին մոտ 60 հազար մարդ է մասնակցել, նա հիշեցնում է, որ ինքը մաթեմատիկայից ուժեղ է եւ չի կարող իր հաշվարկներում սխալվել, իսկ դա՝ այս պայմաններում, հատկապես ընդդիմության հետ համեմատության մեջ, բարձր ցուցանիշ է։ Աղազարյանը խոսում է իշխանության ունեցած վարկանիշի մասին․ «Բեմի կենտրոնից մինչեւ «Մարիոթ» հյուրանոց համարում ենք շրջանագծի շառավիղը, իմ հաշվարկով՝ դա մոտ 100 մետր կլինի, դա շառավիղն է, իսկ մակերեսը որոշում են PR քառակուսի բանաձեւով, որտեղ P-ն հաստատուն 3.14 է, R-ը՝ քառակուսին, այսինքն՝ 100-ի քառակուսին 10 հազարն է, անգամ երեք 30 հազարն է։ Հիմա այսքան քառակուսու վրա մարդ է հավաքված եղել, եկեք միջինացված հաշվարկ անենք, որովհետեւ մի տեղ շատ են հավաքվել, մի տեղ նոսր է եղել, վերցնենք կեսով՝ 45 հազար քմ, 1 քմ-ին եթե գցենք 3 մարդ, ապա ստացվում է, որ նվազագույնը 45 հազար մարդ է հավաքվել»։ Դիտարկմանը, թե իրենց սորոսական գործընկեր Դանիել Իոաննիսյանն ասում է՝ 20-21 հազար, այսինքն՝ կեղծե՞լ է, Աղազարյանը բացասական պատասխան տվեց։ Նրա ենթադրությամբ, Դանիելը շուտ է կատարել իր հաշվարկը։

Աղազարյանն ասաց, որ ամեն դեպքում ընդդիմությունից շատ մարդ են հավաքել․ «Ասում են՝ երկիրը ծախել ենք, դավաճան ենք, էս ենք արել, բայց 5 հազար մարդ է հավաքվում»։ Աղազարյանը եզրափակեց, որ իշխանության եւ ընդդիմության հանրահավաքների մարդկանց մասնակցության ցուցանիշը վերլուծելով՝ ինքն այն համոզմանն է եկել, որ ժողովրդի լայն զանգվածների մոտ իշխանությունը շարունակում է վստահություն վայելել։ Նրա խոսքով՝ դըմփ-դըմփ հու-ի կիրառումն էլ հետպատերազմական իրավիճակում «ընդամենը ուժի, միասնականության, համախմբվածության նշան է եղել»։

Նորաթուխ իմքայլական պատգամավոր Կարեն Գրիգորյանը, ով պատերազմի օրերին Արմավիրի փոխմարզպետն էր, ասում է, որ Ն․ Զոհրաբյանը, հավանաբար, շփոթել է 2008 թվականի փետրվարի 26-ի հանրահավաքի հետ․ «Էդ ժամանակ Սերժ Սարգսյանի կողմից վարչական ռեսուրսով մարդիկ բերեցին, որոնք հանրահավաքի կեսից փախան ու գնացին Ազատության հրապարակ, որտեղ ընդդիմությունն էր հանրահավաք անում»։ Գրիգորյանը համաձայն չէ, թե երեկ էլ է պատմությունը կրկնվել։ Նրա բոլոր սպասումներն արդարացել են, հատկապես տպավորվել է հանրահավաքի էներգետիկայից․ «Հանրությունը, հավաքված մարդիկ մեզ ողջունում էին, եւ դա խոսում է նրա մասին, որ որեւիցե մեկը զոռով հանրահավաքի վայր չի բերվել»։

Այդուհանդերձ, երկու տարի առաջ հարյուր հազար մարդ էր հավաքվում Նիկոլ Փաշինյանի շուրջ, իսկ հիմա, անգամ ադմինիստրատիվ լծակներով, մի քանի անգամ պակաս։ «Մենք երբեւիցե թվերի վրա չենք ֆիքսվել, մեր խնդիրը հասարակության, քաղաքացու հետ խոսելն է։ Մենք ստեղծել ենք մի հարթակ, որ հասարակության հետ հաղորդակցվենք։ Եվ, այո, քաղաքացիները եկան, մենք նրանց հետ հաղորդակցվեցինք, մեր ասելիքն ասացինք, մեր ակնկալիքն այդ մասով արդարացված է»։ Թե ինչ չէր կարողանում հանրությանը հայտնել «լայվերի» սիրահար Նիկոլ Փաշինյանը եւ ինչ փոխանցեց նախօրեի հանրահավաքի միջոցով, պատգամավորը պատասխանեց․ «Ուզում եք Նիկոլ Փաշինյանի խոսքերը ես կրկնե՞մ»։ Հարցն այլ կերպ ուղղեցինք․ իսկ հասարակությունը, կարծում եք, հաղորդակցվե՞ց ձեզ հետ, որովհետեւ առավելագույնը՝ «Նիկոլ, վարչապետ» էին բացականչում, այն դեպքում, երբ երեք տարի է՝ Նիկոլը վարչապետ է։ «Հանրահավաքի ընթացքում վարչապետի կողմից բազմաթիվ առաջարկներ հնչեցին, եւ մենք խնդիր ունեինք հասկանալ հանրության արձագանքը, առաջարկները։ Եվ ես կարծում եմ՝ այն անձը, որը գոնե մի պահ դիտել է հանրահավաքը, իր համար կհասկանա, թե ինչ արձագանքեց»։ 

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը չհերքեց, որ իշխանությունը կազմակերպել է մարդկանց մարզերից Երեւան տեղափոխելու գործընթաց․ «Այո՛, կազմակերպվել է մարզերից ինչ-որ մարդկանց տեղափոխում, բայց դա անվանել վարչական ռեսուրսի կիրառում՝ կլինի միայն այն պարագայում, երբ ԱԺ-ի կամ ՊՆ-ի, ոստիկանության ավտոբուսն ուղարկենք ՔՊ-ի համակիր բերելու»։ Նրա խոսքով՝ բոլոր հարցումները ցույց են տալիս, որ «Քաղաքացիական պայմանագիրը» եւ Նիկոլ Փաշինյանն ունեն տասնապատիկ ավելի շատ վարկանիշ, քան ընդդիմության բոլոր ուժերը՝ միասին վերցրած։