Մնում է գլուխն առնելն ու փախչելը
Փաշինյան Նիկոլի արեւմտյան «ընկերներից» մեկը (հենց ընկեր եւ ոչ թե գործընկեր) Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է: Իր պահվածքով իսկական ֆրանսիացի է, ավելի ճիշտ՝ իմ պատկերացրած ֆրանսիացին, բայց ես նրան երբեք պետության ղեկավար չէի նշանակի, եթե օժտված լինեի նման լիազորությամբ: Որովհետեւ Ֆրանսիայի նախագահն իսկական ֆրանսիացի լինելուց բացի, պետք է լիներ նաեւ առանձնահատուկ ֆրանսիացի կամ՝ առանձնահատուկ անձնավորություն: Որովհետեւ նոր ժամանակների ֆրանսիական ղեկավարը պետք է լինի հեղափոխական յակոբինականների առաջնորդ, «Անկաշառ» անվանված Մաքսիմիլիան Ռոբեսպիեր (18-րդ դարավերջ), արտակարգ զորահրամանատար ու պետության ղեկավար Նապոլեոն Բոնապարտ (18-19-րդ դարեր), վերջապես՝ 20-րդ դարակեսի հաղթական գեներալ Շառլ դը Գոլ:
Բայց, ոնց գցում-բռնում եմ, Մակրոնն այդ շարքում չի տեղավորվում: Ավելին, նա կարող է լինել հենց Փաշինյանի ընկերներից մեկը՝ ոչ ավելի: Այստեղ է, որ հիշում ես հին հռոմեական առածը՝ ասա, թե ով է ընկերդ, ասեմ, թե ով ես դու: Եվ իզուր չէր, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը նրա՝ որպես պետության ղեկավարի մասին ուներ, մեղմ ասած, ոչ այնքան դրական կարծիք: Դա ասել է նախքան փողոցային բողոքի ակցիաները: Իսկ Էրդողանը՝ որպես պետության ղեկավար, հենց իր տեղում է՝ որքան էլ թշնամի լինի մեզ, ինչը չես ասի մեր հոդվածի «հերոս» պարոն Մակրոնի մասին: Նա կարող էր լինել սովորական կամ միջին վիճակագրական ֆրանսիացի պարոն:
Այժմ գանք կենսաթոշակային բարեփոխման (տարիքը 62-ից 64 դարձնելը) խնդրին եւ դրա դեմ պայքարին: Որպես 64-ն արդեն լրացած կենսաթոշակառու՝ ես կողմ կլինեի այդ բարեփոխմանը, որովհետեւ ո՛չ 64 կամ 63 եւ ո՛չ էլ հատկապես 62 տարեկան հասակում ինձ չեմ զգացել թոշակի անցնելու պատրաստ անձնավորություն: Բայց Ֆրանսիայի պես ապահովված երկրում մարդիկ կլինեն, որ կցանկանան ավելի վաղ թոշակի գնալ ու մնացած ողջ կյանքում հանգստանալ: Դա հաշվի առնելով՝ ես կենսաթոշակային բարեփոխումը կյանքի կկոչեի փուլ առ փուլ: Ովքեր իրենց այնքան ծեր են զգում, որ 62-ից հետո աշխատել չեն ցանկանում, նրանց հնարավորություն կտրվեր գնալ թոշակի, մնացածները կշարունակեին աշխատել: Դա՝ մեկ, եւ երկրորդ՝ այդ գործընթացը չէի նախաձեռնի ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում: Ինչքան էլ այդ բարեփոխման նպատակը լինի ֆինանսների տնտեսումը՝ պետության վրա նստած սոցիալական բեռի թեթեւացումը: Որովհետեւ թե՛ կոնկրետ Ֆրանսիայի եւ թե՛ ընդհանրապես Եվրամիության կողմից ուկրաինացիներին ֆինանսապես օժանդակելու պայմաններում սեփական քաղաքացիների հաշվին գումար տնտեսելը, հաստատ, խելացի գաղափար չէ: Հատկապես, որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների արդյունքում ոչ թե ռուսական տնտեսությունը փլվեց, այլ տնտեսական լուրջ խնդիրներ առաջացան եվրոպական երկրներում: Ինչը հանգեցրեց բազմաթիվ ապրանքների ու ծառայությունների գների աճին:
Եվ հենց երկրորդ ասպեկտն էլ դարձավ այն կատալիզատորը, որն արագացրեց ու թեժացրեց ֆրանսիական հասարակության ցասումը: Փողոցային բողոքն էլ դուրս եկավ օրինականության սահմաններից, ինչը, ի դեպ, անսովոր երեւույթ չէ Ֆրանսիայում. հիշենք դեղին ժիլետների ցույցերը: Բայց այն ժամանակ ոստիկանությունը շատ ավելի քաղաքակիրթ ու հանդուրժող էր: Իսկ այս օրերին տեղի ունեցող ցույցերի ընթացքում բողոքավորներն ու ոստիկանները մրցում են, թե որ կողմը կլինի ավելի անհանդուրժող: Դա էլ պետք է հանգեցներ կենսաթոշակային խնդիրը կառավարության եւ նախագահի հրաժարականի պահանջի վերաճելուն: Սակայն զարմանալին այն է, որ արեւմտյան քաղաքական գործիչները չեն «նկատում» ոստիկանների վայրագությունները: Ինչն այնքան աչք ծակող է, որ նույնիսկ մեր հարեւան Իրանի ԱԳՆ-ն է հանդես եկել հայտարարությամբ՝ ի պաշտպանություն ցուցարարների: Ի դեպ, մեկ-երկու շաբաթ առաջ Նիդերլանդներում ոստիկանական շներով ցուցարարների վրա հարձակումը, իսկ այս օրերին մահակներով ցուցարարներին դաժան ծեծելը վկայում են, որ ժողովրդավարական Արեւմուտքի երկրներն ավելի բռնատիրական վարք են ցուցաբերում, քան ժողովրդավարությունից հեռու գտնվողները:
Ինչեւէ, Ֆրանսիայի նախագահը, չնայած իր հասցեին հնչող քննադատություններին եւ երկրում շարունակվող բողոքի զանգվածային ցույցերին, չի նախատեսում ո՛չ կենսաթոշակների հարցով հանրաքվեի անցկացում, ո՛չ էլ Սենատի արձակում, իսկ իր հրաժարականն «անհավանական է» համարել։ Չգիտես ինչու, լրագրողը հարցրել է, թե ինչպես է հնարավոր դառնալ նախագահ, ինչին Մակրոնը պատասխանել է. «Դրան հասնելու լավագույն միջոցն իրերի մասին սեփական պատկերացում ունենալն է եւ միմյանցից կախված չլինելը»: Զարմանում եմ, որ լրագրողը չի հարցրել, թե նման պայմաններում ինչպես է հնարավոր մնալ նախագահ, եւ ապա՝ երկրորդ ժամկետով նախագահ ընտրված Մակրոնը չի հասկացել, որ նախագահ դառնալուց հետո երբեմն կամ հաճախ օրակարգային է դառնում նախագահ մնալու հարցը: Իսկ դրա համար, հատկապես Ֆրանսիայի պես ժողովրդավարական երկրում, անհրաժեշտ է ականջալուր լինել զանգվածների պահանջներին: Որովհետեւ դա արհամարհելը խնդիրներ է առաջացնում ոչ միայն Հայաստանի նման փոքր ու թույլ, այլեւ Ֆրանսիայի պես մեծ ու համեմատաբար հզոր երկրներում: Եվ դա վերածվում է այնպիսի գլխացավանքի, որ մնում է գլուխդ առնես ու փախչես…
Վերջաբանի փոխարեն․ Թվիթերի ֆրանսիական հատվածում առաջատար է դարձել «#MacronOrdure» (Մակրոն-աղբ) հեշթեգը։ Հեշթեգը տարածվել է այն բանից հետո, երբ մի կին ձերբակալվել է նախագահ Մակրոնին «աղբ» անվանելու համար: Այնուհետեւ այդ հեշթեգի ոգով տիկնիկներ են հայտնվել Փարիզի փողոցներում:
Կարծիքներ