Ինչու ընտրություններով հնարավոր չէ հաղթել իշխանությանը

Ինչու ընտրություններով հնարավոր չէ հաղթել իշխանությանը

Յուրաքանչյուր ընտրությունից հետո, երբ ՔՊ-ական թեկնածուները հերթական համոզիչ հաղթանակն են տանում, բուռն քննարկում է սկսվում, թե ոնց կարող է երկիրը մաս-մաս թշնամուն հանձնող, Արցախից հրաժարվող, բանակը քանդող ու երկրի անվտանգությունը զրոյական կետի հասցրած իշխանությունը կամ դրա առանձին ներկայացուցիչ ձայն ստանալ: Ինչպե՞ս կարող է սիսիանցին, իշխանասարցին, Տեղի գյուղացին ՔՊ-ին ձայն տալ, երբ այդ նույն ՔՊ-ական իշխանության գործունեության արդյունքում թուրքը հասել է իր տան շեմին ու մի քայլ էլ որ անի, կմտնի իր տուն: Շատերն անիծում են նման ընտրողներին, մյուսները՝ հայհոյում, անվանում են ժեխ կամ զոմբի, հիասթափվում կամ ամաչում իրենց ազգային պատկանելությունից, թե բա՝ ոնց կարող է ես էլ հայ լինեմ, ՔՊ ու ՔՊ-ական ընտրողն էլ:

Մինչդեռ պարզից էլ պարզ է, որ քանի դեռ ՔՊ-ն Հայաստանում իշխանություն ունի, ընտրություններում ՔՊ-ականները հաղթելու են, պարզից էլ պարզ է, որ ընտրություններով իշխանություն փոխելն անհնար է, նույնիսկ՝ տեսականորեն:
Մինչեւ իշխանազավթումը, Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկացել էր, որ ինքն ընտրություններով իշխանություն չի կարող վերցնել, նա նույնիսկ դրա բանաձեւն էր գտել: Փաշինյանն ասում էր, որ Սերժ Սարգսյանի իշխանությունը հատուկ է հայ հասարակությանն աղքատության մեջ պահում, որ ընտրությունների ժամանակ կարողանա 5-10 հազար դրամ բաժանելով՝ նրանց ձայներն առնի ու իր իշխանությունը պահպանի: Նյութապես քիչ թե շատ ապահովված մարդն իրեն թույլ չի տա փողով իր ձայնը վաճառել՝ դա դիտելով որպես վիրավորանք իր ինքնասիրությանը, մինչդեռ աղքատ մարդու համար 10 հազար դրամը մի պարկ ալյուր է, մի ամսվա սնունդ, որից չի կարող հրաժարվել: 

Ամեն ինչ շատ ճիշտ է, միայն թե այդ նույն տրամաբանությունն աշխատում է նաեւ հիմա, Փաշինյանն ինքն է այդ տրամաբանությամբ իշխանություն ձեւավորում եւ վերարտադրվում: Հայաստանում աղքատությունը եւ ծայրահեղ աղքատությունը ոչ միայն չեն նվազել, այլեւ, ընդհակառակը՝ ավելացել են, նույնիսկ պաշտոնական վիճակագրությամբ աղքատության վերին շեմը կազմում է 45,7 տոկոս: Ծայրահեղ աղքատների, այսինքն՝ սովածների թիվը երկրում կրկնապատկվել է՝ կազմելով 1,5 տոկոս, այսինքն՝ յուրաքանչյուր հազարից 15-ը ծայրահեղ աղքատ է, սոված: Որքանո՞վ է բարոյական աղքատ, սոված կամ կիսաքաղց մարդուց պահանջել, որ նա ունենա հայրենիքի կամ երկրի տիրոջ զգացողություն, պատասխանատվություն իր երկրի ու նրա ապագայի նկատմամբ: Երբ մարդն ընդունակ չէ կերակրել իրեն ու իր երեխաներին, երբ մարդու առօրյա հոգսը մի կտոր հաց վաստակելն է, նա ինչպե՞ս կարող է մտահոգվել Սյունիքում կամ Գեղարքունիքում ապրող իր հայրենակցի մասին, երբ մարդը եւ նրա ընտանիքը սոված են կամ կիսաքաղց, ի՞նչ արժեք ունի նրա համար կյանքն ընդհանրապես: 

Նայեք աղքատության բաշխվածությունը ըստ մարզերի եւ քաղաքների եւ կտեսնեք, որ աղքատության ամենաբարձր տոկոսը գյուղերում է, եւ իշխանության օգտին ավելի շատ քվեարկում են հենց գյուղաբնակները, իսկ իշխանությունն ամենացածր վարկանիշն ունի Երեւանում: Աղքատության բաշխման ցուցանիշով էլ Երեւանն ամենացածր նիշում է: Գյուղական բնակչության կեսից ավելին աղքատ է կամ ծայրահեղ աղքատ, բայց շարունակում է քվեարկել իշխանության օգտին: Աղքատ մարդը հավես, տրամադրություն, էներգա չունի մտածելու երկրի ու ապագայի մասին, նրան հեշտ է մանիպուլացնել ու լռեցնել:

Համընդհանուր ընտրական իրավունքը համեմատաբար թարմ նորամուծություն է, այն սկսել է գործել վերջերս․ տղամարդկանց համար՝ 20-րդ դարի սկզբից, կանանց համար՝ 20-րդ դարի կեսերից: Օրինակ՝ ժողովրդավարական համարվող Շվեյցարիայում կանայք ընտրական իրավունք են ստացել միայն 1971 թվականին, եվրոպական շատ երկրներում՝ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո:

Անտիկ աշխարհից սկսած, հելենական քաղաքներից մինչեւ հանրապետական Հռոմ՝ ընտրելու իրավունք վերապահված էր միայն նյութական որոշակի ապահովվածություն ունեցող շերտերին, ըստ գույքային ցենզի: Երբ եվրոպական երկրներում վերացվում էին միապետությունները, եւ հաստատվում էին հանրապետություններ, եւ իշխանությունը դառնում էր ընտրովի, դարձյալ ընտրական իրավունք տրված էր միայն նութապես ապահովված մարդկանց: Ամենալավը դա հիմնավորել է ԱՄՆ երկրորդ նախագահ Ջոն Ադամսը, ով նախագահել է 1797-1801 թվականներին: «Եթե յուրաքանչյուր աղքատին ձայնի իրավունք տաս, արդյոք այս հիմնարար իրավունքը չի՞ խրախուսի կոռուպցիան։ Մարդկային բնության բարոյական թուլությունն այնպիսին է, որ միայն շատ քիչ աղքատ մարդիկ կարող են ինքնուրույն դատողություններ կազմել: Նրանք խոսում եւ քվեարկում են այնպես, ինչպես ասում են հարուստ մարդիկ` ձեւավորելով աղքատների կարծիքը՝ ելնելով իրենց շահերից»: Ամերիկյան պետության հիմնադիրները համարում էին, որ միայն նյութական որոշակի ապահովվածություն ունեցողները կարող են կայուն պատկերացումներ ունենալ իրենց եւ երկրի ապագայի մասին, մինչդեռ աղքատներին ու չքավորներին շատ հեշտ է մանիպուլացնել:

Ինչի արդյունքում վերացավ ընտրական իրավունքի գույքային ցենզը, եւ հաստատվեց համընդհանուր ընտրական իրավունքը: Պատճառները թերեւս երկուսն էին. ազատական գաղափարների եւ տրամադրությունների հաղթարշավը, երբ քարոզվում էր, որ բոլոր մարդիկ հավասար են, ունեն հավասար իրավունքներ եւ ազատություններ, անկախ իրենց նյութական կացությունից, սեռից, մաշկի գույնից, կրոնական, ազգային պատկանելությունից: Մյուս կողմից՝ զարգացած երկրներում մարդկանց նյութական վիճակը սկսեց էապես բարելավվել, աղքատությունը նկատելիորեն նվազեց, նվազեց այնքան, որ սկսեցին համարել, որ նրանց կարծիքը մանիպուլացնելով հնարավոր չէ էապես փոխել ընտրության արդյունքը: Իսկ երրորդ աշխարհի երկրների իշխանությունները հասկացան, որ աղքատների կարծիքը մանիպուլացնելու հնարավորությունը կարող է իրենց հնարավորություն տալ շատ հեշտ վերարտադրվելու:

Յուրաքանչյուր իշխանություն, հատկապես այնպիսի երկրներում, ինչպիսին Հայաստանն է, ունի վարչական ռեսուրսի աջակցությունը․ նախարարները, մարզպետները, քաղաքապետերն ու տարբեր կարգի չինովնիկները, նրանց ընտանիքի անդամները, հարազատները եւ մտերիմները չեն ցանկանում իշխանության փոփոխություն, քանի որ դա կարող է հանգեցնել պաշտոնների եւ ազդեցության կորստի, ինչը թույլ չտալու համար միշտ քվեարկում են գործող իշխանության օգտին: Ուռճացված չինովնիկական ապարատ ունեցող Հայաստանում այդ թիվը հասնում է մինչեւ 30-35 տոկոսի, գումարեք դրան աղքատ ու իշխանության կողմից հեշտ մանիպուլացվող խավի ձայները եւ կտեսնեք, որ գործող իշխանությանը հնարավոր չէ հաղթել, այսպես կոչված, ազատ եւ արդար ընտրություններով: Միակ ճանապարհը մնում է թավշյա, ոչ բռնի հեղափոխությունը, որի դեպքում իշխանության հենարան չինովնիկներն ու աղքատ խավը, իրենց բնույթին հավատարիմ, սկզբում չեն խառնվում հեղափոխությանը, իսկ հետո դառնում են հեղափոխական գաղափարների կրողն ու նույնիսկ՝ դրոշակակիրը:

Ավետիս Բաբաջանյան