ՀՀ կառավարությունը տեղափոխեք Աշտարակի ձոր

ՀՀ կառավարությունը տեղափոխեք Աշտարակի ձոր

Նիկոլ Փաշինյանին լավ առաջարկ ունեմ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունն իր գլխավորությամբ հայտնվել է հոգեվարքի մեջ, կառավարությամբ հանդերձ՝ տեղափոխվել Աշտարակ, իսկ բուհերը հանգիստ թողնել եւ չմիջամտել նրանց աշխատանքին:
ՀՀ կառավարությունն այսօր ուզում է լուծել մի խնդիր, որի մասին ամենատարրական պատկերացումները չունի: Թերուսները, սովորաբար, չեն զբաղվում ուսման հարցերով, ինչպիսի ուսում էլ լինի դա՝ տարրական, միջնակարգ, միջնակարգ-մասնագիտական, բարձրագույն… Թերուսները պարզապես պարտավոր են վեր ընկնել տեղները եւ զբաղվել այն գործով, որին շատ թե քիչ տիրապետում են: Եթե այս մոտեցումը որդեգրվի որպես պետական քաղաքականության գիծ, ապա վստահ կարող եմ ասել, որ այս կառավարության անդամների մեծ մասն առավելագույնը տաքսի պետք է քշեր եւ ոչ թե շաբաթը մեկ հաճախեր կառավարության նիստի: Նույն Նիկոլը՝ բուհական կրթություն չունեցող, անհաջողակ ընդդիմադիր գործիչ, քրեական անցյալով հայտնի մեկը, ոչ թե կառավարություն պետք է ղեկավարեր, ոչ թե պատերազմ ու արտաքին քաղաքականություն, այլ պետք է նստած լիներ տիկնոջ կողքին ու լոբի մաքրեր: Եվ դա կլիներ ճիշտը: Այլապես լեզվին տալով եկել է իշխանության ու հիմա ոչ մի կերպ չի հեռանում, որպեսզի հնարավորություն տա իր ավերածի գոնե մեկ տոկոսը վերականգնել: Ու դեռ շարունակում է ավերել: Հասել է բուհերին:

Այս կառավարությունը հայ ժողովրդի պատմության մեջ անպայման պետք է հիշատակվի եւ առանձնացվի որպես Հայաստանի Հանրապետության գերեզմանափորների կառավարություն: Եվ ոչ մի նշանակություն չունի՝ Հայաստանի Հանրապետությունը կպլստա՞ նրանց ձեռից, թե՞ նրանք ի վերջո կկարողանան թաղել մեր պետությունը: Եթե այս հեռանկարը վախեցնում է ձեզ, կարող եմ այլ կերպ նկարագրել այն: Պատկերացրեք «Ժիգուլու» թերուս «խադավիկների» մի խումբ, որ հավաքվել է «Մերսեդեսի» շարժիչի անսարքությունը վերացնելու նպատակով: Մի ծիծաղեք: Փաշինյանի գլխավորած կառավարությունն ավելին չէ, քան «խադավիկների» կոնսիլիումը, եւ դրանում մենք համոզվում ենք ամեն օր:

Ի՞նչ անել այս իրավիճակից դուրս գալու համար: Ճիշտն ասած՝ չգիտեմ: 60-ն անց մարդ եմ ու երբեք նման իրավիճակներում չեմ հայտնվել: Անգամ էն երկրաշարժին, Արցախյան առաջին պատերազմին եւ էն մութ ու ցուրտ օրերին կրթությունը չհայտնվեց հոգեվարքի մեջ: Տոկացինք, պայքարեցինք, դասասենյակները փայտով ու կերոգազով տաքացրինք, բայց պահեցինք կրթությունը, թույլ չտվեցինք, որ մեր զարգացման շարժիչը կանգ առնի: Երեւի հիմա, այս լուսավոր դարում էլ պետք է պայքարենք, տոկանք, որ գրողի ծոցը չգնա հազարամյակների ճանապարհ անցած համալսարանական կրթությունը, որ պահենք Գիտությունների ազգային ակադեմիան, մասնագիտական ուսումնական հաստատությունները, իսկ վաղը՝ արդեն դպրոցները: Եվ որքան մտածում եմ, կրկին ու կրկին հանգում եմ այն մտքին, որ պետք է վերացնել գիտության ու կրթության գլխին կախված այս չարիքը, այն է՝ «խադավիկների» այս խումբը, որից որեւէ խելացի ախտորոշում ու քայլ հնարավոր չէ սպասել:

Վիճակն ավելի բարվոք չէ մյուս ոլորտներում, որոնք ղեկավարում են պոտենցիալ տաքսու վարորդներն ու «խադավիկների» կոնսիլիումի անդամները: Պաշտպանություն, անվտանգություն, էկոնոմիկա, գյուղատնտեսություն, սոցիալական ապահովություն, արդարադատություն, մշակույթ, բնապահպանություն… Ոլորտ չկա, որ ապականած չլինեն: Այսօր ամեն ինչ է կործանման եզրին: Մի բուռ են թողել մեզ: Էդ մի բուռն էլ ցրիվ կտան աշխարհով մեկ, ու կանաչ խիյարի այս պատմությունը, որին անկախություն ենք ասում, կավարտվի: Հո չե՞ք մտածում, թե Արեւմուտքը կամ Ռուսաստանը չեն թողնի, որ Հայաստանի Հանրապետությունը վերանա: Հիմարություն… Ո՛չ Արեւմուտքին, ո՛չ էլ Ռուսաստանին ավելորդ խնդիրներ պետք չեն Հայաստանի կամ մեկ այլ երկրի տեսքով: Ինչքան քիչ բան ընկնի ոտքի տակ, այնքան լավ նրանց համար: Նավթի ու գազի խնդիր է՝ նավթի ու գազի տիրոջ հետ էլ կկարգավորեն, էլ Հայաստանն ի՞նչ ցավս է, որ մի հատ էլ գլուխ դնեն այդ երկրի կիսագրագետ կառավարիչների հետ: Շառլ Միշելին ու Ալիեւին, Պուտինին ու Ալիեւին, կարելի է մտածել, Նիկոլն է պակասում՝ պետք՝ հետագա ողջ կյանքում երջանիկ լինելու համար: Կտրորեն ու կանցնեն մեզ, մի հատ «օֆ» էլ չեն անի, եթե Հայաստանը շարունակի աշխարհին ներկայանալ թերուսների, անճարակների եւ կիսագրագետների այս կառավարությունով: