Փաշինյանը Շուշին հանձնել է մինչեւ պատերազմը

Փաշինյանը Շուշին հանձնել է մինչեւ պատերազմը

Շուշին հանձնվել է մինչեւ պատերազմը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ բանավոր կամ գուցե գրավոր պայմանավորվածության արդյունքում: Դրա ամենավառ ապացույցը մինչեւ պատերազմը Արցախի եւ նույնիսկ Հայաստանի՝ Շուշիի ադրբեջանական լինելուն ուղղված հետեւողական քարոզչությունն էր, հայ հանրությանը Շուշին հանձնելուն նախապատրաստելը: Մինչեւ պատերազմը՝ 2020 թվականի հուլիսին, համացանցում մի փաստաթղթի լուսանկար էր շրջանառվում, որտեղ կորոնավիրուսով հիվանդի համար, որպես մեկուսացման հասցե, նշված էր՝ Ադրբեջան, Շուշի քաղաք: Այդ փաստաթղթի մասին այն ժամանակ շատ խոսվեց, բոլորը հարցնում էին, թե արդյոք դա նշանակո՞ւմ է, թե արդեն պայմանավորվածություն կա, որ Շուշին հանձնվելու է Ադրբեջանին, թե՞ պատահականության արդյունք է: Չնայած Արցախում մինչ այդ երբեք նման բան չէր եղել, որ պաշտոնական փաստաթղթում, որը տրամադրել էր Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնը, Շուշին նշված լիներ որպես ադրբեջանական քաղաք: Պատերազմից երկուսուկես ամիս առաջ հայտնված այս փաստաթղթի մասին խոսեցին գրեթե մինչեւ պատերազմի սկիզբը, որեւէ պաշտոնական արձագանք չեղավ, բայց հանրային գիտակցության վրա նստվածք մնաց: 

Նման փաստաթուղթ հենց այնպես չէր կարող ի հայտ գալ: Ով պատրաստել էր այդ փաստաթուղթը, ով Շուշին ներկայացրել էր որպես Ադրբեջան, դա չէր արել պատահականության արդյունքում, նման պատահականություններ չեն լինում: Ով հրապարակայնացրեց այդ փաստաթութը եւ տվեց այն հանրային քննարկման առարկա դարձնելու մեկնարկը, հիմա հնարավոր չէ պարզել: Պարզ է միայն, որ այդ քննարկումները եւս ծրագրի մի մասն էին կազմում: Ըստ ամերիկացի հասարակական գործիչ եւ իրավաբան Ջոզեֆ Օվերտոնի տեսության, հասարակության համար ամենամերժելի, ամենաանհավանական թվացող գաղափարները կարելի է դարձնել շատ սովորական եւ հանրայնորեն ընդունելի: Ըստ Օվերտոնի տեսության, այդ ամենաանհավանական թվացող իրադարձությունը կամ միտքը նախ պետք է դարձնել հանրային քննարկման առարկա, հետո քննարկումը դարձնել սովորական եւ թեմային տալ հանրային կարեւորություն, որից հետո այն կարող է դառնալ նաեւ հանրության համար ընդունելի ու ընկալելի: Պատերազմի արդյունքում 2020 թվականի հուլիսին ի հայտ եկած փաստաթղթում նշվածը դարձավ իրականություն:

Հիմա Նիկոլ Փաշինյանի իշխանությունն Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին մեղադրում է Շուշին հանձնելու մեջ: Արզումանյանին ներկայացված մեղադրանքները կոնկրետ չեն, դրանք գնահատողական բնույթի են․ «Անփույթ վերաբերմունք է դրսեւորել իր ծառայայողական պարտականությունների նկատմամբ, չի ապահովել զորքերի կիրառման կայունությունը, անընդհատությունը, իրադրությունը գնահատել է վերահսկելի, մինչդեռ թշնամին արդեն իսկ հաջողել է ներթափանցել Շուշի»: Հանրային բազմաթիվ գործիչներ եւ հատկապես նախկին զինվորականներ, ովքեր այլեւս կախվածություն չունեն Փաշինյանից ու նրա իշխանությունից, միարժեքորեն պնդում են, որ պատերազմի հրահրման, դրա հանցավոր կառավարման, պարտության եւ կապիտուլյացիայի պատասխանատու Նիկոլ Փաշինյանի հիմնական նպատակն իր վերահսկողության տակ գտնվող ուժային կառույցների միջոցով մեղքը զինվորականների վրա բարդելն է: Իրենց պարտքը հայրենիքի նկատմամբ անմնացորդ կատարած զինվորական վերնախավին վարկաբեկելով եւ մեղադրելով՝ Փաշինյանը խնդիր ունի հեղինակազրկել եւ կազմաքանդել բանակը, որովհետեւ նրա իշխանությանը նման կառույց այլեւս պետք չէ:
 Միքայել Արզումանյանին վերագրվող մեղադրանքները չեն ապացուցվելու, որովհետեւ նույնիսկ տեսականորեն դրանք հնարավոր չէ ապացուցել: Մինչդեռ Փաշինյանը խնդիր ունի, իր ունեցած իշխանությունն օգտագործելով, հանրային գիտակցության մեջ ներարկել այն միտքը, որ պատերազմի ու պարտության պատասխանատուն անփույթ, անկազմակերպ, ոչ պրոֆեսիոնալ եւ նույնիսկ դավաճան զինվորականությունն է: Եթե Ջալալ Հարությունյանը պատերազմի ժամանակ ծանր վիրավորված եւ հրաշքով փրկված չլիներ, հաստատ Փաշինյանը նրան էլ կմեղադրեր Ջրականը կամ Հադրութը հանձնելու մեջ: Չնայած չի բացառվում, որ մի օր էլ դա տեղի ունենա: Ի վերջո, եթե պատերազմի վերջին դրվագի պատասխանատու գտել են, պետք է սկզբնական եւ հիմնական անհաջողությունների պատասխանատու էլ գտնեն: 

Հանրային հեղինակությունը կորցրած Փաշինյանի բոլոր քայլերն ուղղվում են իր դեմ: Հասարակության մեծ մասն այլեւս չի կասկածում, որ Փաշինյանը փորձում է խուսափել պայմանավորված պատերազմի եւ պարտության պատասխանատվությունից: Շատերը հիմա վախենում են բաց խոսել եւ փաստեր հրապարակել, որոնք կբացահայտեն, թե ում միջոցով եւ ինչպես է գործել Փաշինյանը՝ պատերազմում իր համար ցանկալի պարտությունն ապահովելու համար, բայց մի օր դրա ժամանակը կգա: 

Իսկ որ Շուշին հանձնելու պայմանավորվածությունը եղել է դեռեւս պատերազմից ամիսներ առաջ, ցույց է տալիս Արցախի առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի պատրաստած այս փաստաթուղթը: Պայմանավորվածությունը կատարվել է անթերի:

Ավետիս Բաբաջանյան