«Հրապարակ». Բրյուսելյան բանակցություններից Բաքվում ուրախ են, Մոսկվայում խանդով են արձագանքում

«Հրապարակ». Բրյուսելյան բանակցություններից Բաքվում ուրախ են, Մոսկվայում խանդով են արձագանքում

Նախօրեին Բրյուսելում՝ ԵԽ նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ, տեղի ունեցավ ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հերթական հանդիպումը։ Սա, ինչ խոսք, կարեւոր հանդիպում էր, եւ մեկ միավոր կարելի է գրանցել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների նորմալացման ու ղարաբաղյան խնդրով զբաղվող արեւմտյան կամ «բրյուսելյան հարթակի» օգտին, թեեւ այս հանդիպումից առաջ տեղի էր ունեցել Հայաստան-Ադրբեջան սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով երկու հանձնաժողովի հանդիպումը Մոսկվայում, սակայն, դատելով պաշտոնական հաղորդագրություններից, նրանք միայն «իրականացրել են կարծիքների առարկայական փոխանակում հետագա աշխատանքի վերաբերյալ»՝ չհասնելով որեւէ էական արդյունքի։ Ադրբեջանը, ըստ ամենայնի, ունի բավականին մեծ ակնկալիքներ եւ հույս ունի, որ այժմ նկատվող բանակցային դինամիկան կհանգեցնի նրան, որ արդեն առաջիկա ամիսներին ստորագրվի խաղաղության պայմանագիր։ 

Բաքվի մաքսիմալիզմին, թերեւս, նպատեց այն, որ նախատեսված ժամկետից շուտ նրա հսկողության տակ անցան Բերձոր, Աղավնո եւ Սուս բնակավայրերը, եւ փոխվեց Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհը։ Սա նաեւ նշանակում է, որ Ղարաբաղի մնացորդացը, որը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ենթակառուցվածքային առումով հայտնվել է ադրբեջանցիներից կախման մեջ, քանի որ ադրբեջանական կողմը ներկայումս վերահսկում է դեպի այդ տարածքներ գազի եւ էլեկտրականության մատակարարման գծերն ու խողովակաշարերը։ 

Բրյուսելում բանակցությունները տեւել են չորս ժամից ավելի, ըստ ադրբեջանական կողմի, անցել են բավականին լարված։ Բանակցություններն ամփոփվեցին Շառլ Միշելի բավականին ծավալուն ամփոփիչ հայտարարությամբ, որտեղ թեեւ նոր բան չկար ասված, սակայն շեշտադրումները հետաքրքիր էին։ Ուշագրավ է այն, որ ադրբեջանական կողմը բանակցություններից անմիջապես հետո «լրատվական արտահոսք» կազմակերպեց ու որոշ մանրամասներ բացահայտեց, որով պարզ դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը փորձել են դիմադրել խաղաղության համաձայնագրի կնքման նախապատրաստական աշխատանքներով զբաղվող աշխատանքային խմբի գործունեության մեկնարկին, սակայն, ի վերջո, ադրբեջանական կողմը հասել է նրան, որ այդ աշխատանքային խմբի հանդիպումը կայանա։ Ուշագրավ էր նաեւ այն, որ ադրբեջանական կողմը, ինչպես անցյալ անգամ, ամփոփիչ տեքստերից հանել է տվել «Ղարաբաղյան խնդիր» արտահայտությունը՝ պատճառաբանելով, որ այն Ադրբեջանի ներքին գործն է։ Բացի այդ, ադրբեջանական կողմը հրաժարվել է քննարկել Ղարաբաղում ապրող հայերի հետագա ճակատագրի հարցը՝ պատճառաբանելով, որ նրանք իր քաղաքացիներն են եւ այլն։

Բանակցություններից հետո Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքական հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիեւը թվիթերյան գրառմամբ շնորհակալություն էր հայտնել Միշելին ու նրա թիմին՝ նախօրեի բանակցությունների կայացման գործում ներդրած ջանքերի համար։ 
Ռուսական մեդիատիրույթում եւ փորձագիտական շրջանակներում որքան էլ որ առաջնայինն ուկրաինական թեման է, այնուհանդերձ, անդրադարձել են այդ բանակցություններին՝ նկատելով, որ Բրյուսելն է կարծես թե դառնում ղարաբաղյան կարգավորման հարթակ, եւ նկատելի խանդով արձանագրել են, որ Ղարաբաղի մասին խոսում են, բայց ո՛չ Մոսկվայում։ Ադրբեջանի մեդիատիրույթում նախօրեի բանակցությունների արդյունքները ներկայացվում են որպես Բաքվի քաղաքական-դիվանագիտական հաղթանակ, ինչի մասին արձանագրել է ադրբեջանցի խորհրդարանական Հիքմեթ Բաբաօղլուն։ Ի դեպ, ուշագրավ է նաեւ այն, որ, ըստ ադրբեջանական «լրատվական արտահոսքի», Բաքուն առավել, քան Երեւանը, հետաքրքրված է, որ «բրյուսելյան ձեւաչափը» պահպանվի եւ զարգանա։