Ալիեւը համառու՞մ է

Ալիեւը համառու՞մ է

Թուրք-ադրբեջանական հարաբերություններում, կարծես, ինչ-որ բան այն չէ: Ալիեւին, հավանաբար, անհանգստացրել են ապրիլյան քառօրյայի եւ տավուշյան մարտերի մասին թուրքական կողմից արված նշանային բացահայտումները: Հիշեցնենք, որ Թուրքիան փորձագիտական խողովակներով գաղտնազերծել էր գեներալ Հաշիմովի ոչնչացումը՝ բացահայտելով, որ նա թիրախավորվել է մարտական գործողություններից օդային գծով 31կիլոմետր հեռավորության վրա հրամանատարական կետում՝ մարտական ԱԹՍ-ի հարվածով: Թուրք փորձագետը նաեւ հիշեցրել էր, որ 2016թ. ապրիլի 3-ին Հաշիմովը խայտառակաբար թողել էր Թալիշի ուղղությամբ նախօրեին գրաված դիրքը, որտեղ տեղադրված Ադրբեջանի պետական դրոշն իբրեւ ռազմավար անցել էր հայ մարտիկների ձեռքը: Ալիեւյան քարոզչության համար սա մահացու հարված էր: Մեկ բան է, երբ ապրիլյան պատերազմում եւ տավուշյան մարտերում ադրբեջանական բանակի ապիկարության մասին հայկական կողմն է ասում եւ բոլորովին այլ, երբ այդ մասին բարձրաձայնում են Թուրքիայում: Անկարայի քարոզչական տեխնոլոգիան արտաքուստ բարեկամական, բայց ենթատեքստով խիստ քննադատական է: Թուրքիան փաստացի ակնարկում է Ադրբեջանի՝ որպես պետության, չկայացածության մասին: Սա թիրախային հարձակում է Իլհամ Ալիեւի դեմ, որն, ըստ երեւույթին, Էրդողանի հետ, ինչպես ասում են, սկսել է «խաղեր տալ»: Եւ ահա հետեւել է Անկարայի հաջորդ, ավելի սուր եւ, մանավանդ, չափազանց թափանցիկ գրոհը: Թուրք քաղաքագետն ընթացող համատեղ զորավարժությունները համեմատել է 1918թ. սեպտեմբերի 15-ին Նուրի-փաշայի հրամանատարությամբ Կովկասի իսլամական բանակի (փաստացի՝ թուրքական էքսպեդիցիոն կորպուսի) կողմից Բաքուն գրավելու եւ Ադրբեջանի մայրաքաղաք հռչակելու հետ: Ավելի մեծ անարգանք, քան թուրք քաղաքագետն է հասցրել Իլհամ Ալիեւին, դժվար է պատկերացնել: Նա փաստորեն հիշեցրել է, որ առանց թուրքական էքսպեդիցիոն կորպուսի ներկայության Ադրբեջանը չէր հռչակի անկախություն եւ Բաքուն չէր լինի մայրաքաղաք: Միաժամանակ թուրք քաղաքագետը, կարծես, ակնարկել է պատմական փաստի մասին, թե ինչպես է Նուրի-փաշան ցրել անկախություն խաղացող՝ Ադրբեջանի ժողովրդական հանրապետության կառավարությունը եւ միանձնյա կազմավորել նորը, որ Թուրքիային է հանձնել Ադրբեջանը կառավարելու եւ նրա անունից միջազգային ասպարեզում հանդես գալու իրավունքը: Ադրբեջանական պատմագիտությունը խնամքով թաքցնում է այդ իրողությունը, բայց իրազեկ աղբյուրներն այդ մասին վկայում են վաղուց:

Պատմական այդ համեմատությամբ թուրք քաղաքագետն Ալիեւին չի՞ հասկացնում, որ Էրդողանի հետ պետք է ծայրահեղ զգույշ լինել: Հակառակ դեպքում նա Նուրի-փաշայի օրինակով կցրի Բաքվի անվանական իշխանությունը եւ կկազմավորի նորը: Այնպիսին, որ կառավարման լծակները կհանձնի Թուրքիային: Թե ո՞րն է Էրդողանի պահանջը՝ կարելի է միայն ենթադրություններ անել: Բացառված չէ, որ Թուրքիան բարձրացրել է Նախիջեւանի հարցը: Այլ տարբերակներ եւս կարող են լինել: Բայց որ Թուրքիան փորձագիտական մակարդակով գրոհում է Ալիեւին, փաստ է: Ի՞նչ զարգացումներ կարող են հետեւել՝ ցույց կտա դեպքերի հետագա ընթացքը: