«Երեխաների քաղաքն» իրականում գետտոյի մոդել է

«Երեխաների քաղաքն» իրականում գետտոյի մոդել է

ՀՀ կառավարությունը նախօրեին որոշում է կայացրել «Երեխաների քաղաք» նախագծի իրականացման նպատակով Արարատի մարզի Շահումյան եւ Տափերական համայնքներում անհատույց հողատարածքներ տրամադրել «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպությանը: Նախագծի համաձայն՝ վերոնշյալ համայնքների տարածքներում նախատեսվում է կառուցել քաղաք, որտեղ կիրականացվեն երեխաների խնամքին, առողջության պահպանմանը, դաստիարակությանը եւ զարգացմանը, կրթական ծառայությունների արդյունավետ կազմակերպմանն ուղղված ծրագրեր: Այդ քաղաքում օթեւան կգտնեն հաշմանդամություն ունեցող եւ սոցիալապես անապահով շուրջ 600 երեխա եւ երիտասարդ՝ իրենց ընտանիքների հետ, իսկ միջնորդավորված շահառու կարող է լինել մոտ 8 հազարը՝ Հայաստանի այլ մարզերից եւ մայրաքաղաքից:

«Հույսի կամուրջ» ՀԿ-ի շահերի պաշտպանության թիմի անդամ Արեւիկ Մելքոնյանն ասում է, որ 22 տարի շարունակ ջանք ու եռանդ չեն խնայում, որպեսզի Հայաստանն անցնի համընդհանուր ներառականության, եւ ոչ մի երեխա համայնքից դուրս չմնա, չմեկուսացվի, բայց հանկարծ կառավարությունը որոշում է կայացնում՝ մեծերի քաղաքի մոդելով ստեղծել մի քաղաք, որտեղ առանձնացված կլինեն հատուկ կարիքներ ունեցող երեխաները։ «Այդ գումարը, որ պետք է ներդրվի այդ հատուկ քաղաքը ստեղծելու համար, կարող են ներդնել եւ ներառականություն ապահովել ընդհանուր համայնքում»,- ասում է նա ու հավելում, որ դա կվնասի երեխաներին եւ եւս մեկ անգամ կընդգծի, որ նրանք ունեն հատուկ պայմանների կարիք, որ տարբեր են մյուսներից․ «Դա կամրացնի կարծրատիպերը, որ, այո, դուք տարբեր եք եւ պետք է մնացածից առանձին լինեք։ Ինչի՞ համար էինք մենք այսքան պայքարում, որ հատուկ դպրոցներ գոյություն չունենան, եւ բոլոր դպրոցները ներառական լինեն, որպեսզի հաշմանդամություն ունեցող երեխաներն իրենց առանձնացված չզգան»։

Այլ կերպ ասած՝ կառավարությունը, առանձնացնելով հասարակության այդ շերտը, փորձում է նրանց մեկուսացնել եւ այդկերպ հարցին լուծում տալ․ «Ավելին՝ նման պրակտիկա կար Սովետի ժամանակ, երբ պատերազմից վերադարձած հաշմանդամություն ունեցողներին առանձնացնում էին ինչ-որ տարածքներում եւ մեկուսացնում հասարակությունից․ հիմա նույն մոդելը կիրառվելու է Հայաստանում, եւ ինչքան էլ այդ մոդելը եվրոպական ձեւերով սարքեն, միեւնույն է՝ դա լինելու է սովետական մոդել, որովհետեւ հաշմանդամություն ունեցողները մեկուսացվելու են»։

Արեւիկ Մելքոնյանը վտանգ է տեսնում կառավարության այս որոշման մեջ, բայց, մյուս կողմից էլ, հասարակության զգալի մասն այնքան ադեկվատ գտնվեց, որ բացասական դիրքորոշում հայտնեց այս նախագծի հետ կապված․ «Մենք էլ ենք սպասում պաշտոնական բացատրության, թե ինչու կառավարությունը նման որոշում կայացրեց»։

«Հույսի կամուրջ» ՀԿ-ի շահերի պաշտպանության թիմի անդամ Ռուդոլֆ Զաբրոդինի կարծիքով՝ խնդիրն այն է, որ բարեգործական նպատակով հավաքում են խոցելի խմբերին՝ հաշմանդամություն ունեցող եւ անապահով ընտանիքի երեխաներին մի տեղում ու ասում, որ իրենց համար այնտեղ լավ է լինելու․ «Առաջին ասոցիացիան ինձ մոտ գալիս է գետտոյի մոդելը, երբ հավաքում էին մարդկանց մի տեղ՝ իրենց ինչ-ինչ հատկանիշներից ելնելով։ Սովետի ժամանակ դա նույն Գուլագ արշիպելագն էր։ Ինձ հետաքրքիր է, թե ինչու է կառավարությունն այդ որոշումը կայացրել։ Այդ նույն կառավարությունը, որ ընդունում է ներառական քաղաքականությունը, միեւնույն ժամանակ տրամադրում է մի տարածք, որտեղ ներկա պահին օրենքի տեսանկյունից խախտում չկա, բայց խախտումներ լինելու են հետագայում։ Դրա վտանգը նրա մեջ է, որ 5 տարի անց այդ քաղաքում ապրող երեխաները սոցիալական հմտություններ չեն ունենալու։ Ստալինն էլ էր նույն բանն անում, հետո մարդկանց վերացնում էր»։  

Ըստ նրա՝ հետագայում շատ խնդիրներ կառաջանան, սկսած նրանից, որ կառավարությունը մի օր կկանգնի-կասի՝ դուք քաղաք ունեք, գնացեք ձեր քաղաքում ապրեք։ «5 տարի հետո դա լինելու է գետտո, եւ վերաբերմունքը հաշմանդամություն ունեցող մարդկանց հանդեպ լինելու է ավելի վատ։ Ինչո՞ւ այդ ամենը, որ ուզում են այդ քաղաքում անել, հիմա չեն անում, ինչո՞ւ են ուզում բոլորին հավաքել մի տեղ, այն դեպքում, որ եթե մի տեղ 2 խոցելի խումբ հավաքվում է, այդ խմբերը դառնում են շատ հեշտ կառավարելի։ Այդ քաղաքը սարքելով ի՞նչ խնդիր են լուծելու»,- ասում է նա ու զարմանք հայտնում եկեղեցու ձեռնպահ եւ լուռ կեցվածքից։

Այն, որ նման պրակտիկա կիրառվել է Իտալիայում, ապա, ըստ Զաբրոդինի, եթե անգամ եղել է նման փորձ, դրանք, վստահաբար, եղել են ռեաբիլիտացիոն նպատակներով․ «Այսինքն՝ դու գնում ես այդտեղ ոչ ողջ կյանքդ ապրելու, այլ ժամանակավորապես վերականգնվելու։ Կառավարությունն ուզում է խնդիրը լուծել, բոլորին հավաքել մի տեղ, մի հատ էլ վրան կողպեք դնել ու փակել։ Այսինքն՝ ձեններդ կտրեք, այդտեղից դուրս մի եկեք։ Այդ մոդելը բերելու է իրական խտրականության, այլ ոչ թե որ մենք հարմարավետ քաղաք ենք կառուցում։ Եթե այդքան մտածող եք ամեն երեխայի, ընտանիքի համար, իր ուզած տեղը սարքեք, ինչի՞ եք տանում այդքան հեռու»։

Նախագիծը կազմելուց արդյոք հանրային քննարկում կազմակերպվե՞լ է ոլորտի մասնագետների հետ։ «Ես հետաքրքրվեցի եւ իմացա, որ նույնիսկ սոցապնախարարությունը տեղյակ չէր դրանից, եւ չեն մասնակցել այդ նախագծի քննարկմանը։ Ամեն ինչ եղել  է պոստֆակտում, մենք որոշել ենք, եւ այսպես է լինելու։ Ու դա այն դեպքում, որ դու ներառական քաղաքականություն ես որդեգրում եւ խրախուսում ես քաղաք, որտեղ պետք է ապրի 2 խոցելի խումբ, ինչքանո՞վ է այդ քաղաքը նպաստելու ներառականությանը։ Ասում են՝ մենք ձեզ տներ կտանք, պարզ է, որ մարդիկ կգնան կապրեն, որովհետեւ դժվար վիճակի մեջ են, տուն չունեն, բայց դա գլոբալ առումով ինչքանո՞վ Հայաստանի վիճակը կփոխի եւ կլուծի հաշմանդամություն ունեցողների խնդիրները»։

Որպես շահերի պաշտպան եւ հաշմանդամություն ունեցող անձ՝ Ռաֆայել Ասիրյանին հետաքրքրում է տարեցտարի ՀՀ-ում հաշմանդամություն ունեցող անձանց թվի աճը։ «Կառավարությունն ի՞նչ լուծումներ է առաջարկելու այդ դեպքում՝ էլի՞ են նոր տարածք տրամադրելու, անգամ այդ քաղաքի կառուցման դեպքում լուծվում է միայն հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի տոկոսի խնդիրը։ Ենթադրենք՝ ես համաձայնում եմ գնամ ապրեմ այդ քաղաքում, ուրեմն ես պետք է այստեղ թողնեմ իմ աշխատանքը, կապերը ու գնամ սկսեմ նոր կյանք կամ էլ ապրեմ անմատչելի միջավայրում»,- ասում է նա ու հավելում, որ այս նախագծի դեպքում ռիսկերն ակնհայտ են, ներառականության ինտեգրում քարոզող կառավարությունը չի կարող նման նախագիծ կյանքի կոչել։ «Միանգամից խախտվում են մի քանի իրավունքներ, որոնք ինչպես ՀՀ սահմանադրությամբ եւ իրավական ակտերով են սահմանվում, այնպես էլ սահմանվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով եւ երեխաների իրավունքների պաշտպանության մասին կոնվենցիայով։ Արդեն խտրականության հիմք է, երբ այդ մարդկանց պետք է առանձնացնեն եւ մի այլ քաղաքում բնակեցնեն»։

ԵՊՀ հոգեբանության ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող Ամալյա Հարությունյանն ասում է՝ լինելով հաշմանդամություն ունեցող անձ եւ շահերի պաշտպանության թիմի անդամ՝ մեծ վտանգ է տեսնում նման նախագիծ առաջ քաշելու մեջ․ «Մեզ առանձնացնում են ու տանում մի տեղ, որտեղ պետք է լինեն բոլոր «տարբերվողները», ինչը խտրականության դրսեւորում է եւ կհանգեցնի ոչ նորմալ հոգեբանության զարգացմանը։ Հոգեբանորեն խոցելի խմբերին առանձնացնել եւ տանել մի վայր, որտեղ իրենք կլինեն միայնակ, դա կարող է լուրջ հոգեբանական վնասներ հասցնել մարդուն»։