900 հոգանոց քաղաքը տարեկան 900 հազար զբոսաշրջիկ է ընդունում

900 հոգանոց քաղաքը տարեկան 900 հազար զբոսաշրջիկ է ընդունում

Գեղարքունիքի մարզի փոքրիկ՝ ընդամենը 120 բնակիչ ունեցող Կալավան գյուղի ֆենոմենը ցնցել է մեր հասարակությանն ու վարչապետին։ Այնպես, որ Կալավանի գյուղապետ Ռոբերտ Ղուկասյանը նշանակվեց վարչապետի խորհրդական։ Իմաստն այն էր, որ այս փոքրիկ գյուղի փորձը, որտեղ վերջին 5-6 տարիներին էկոտուրիզմով են զբաղվում եւ դրսից հյուրեր ընդունում, տարածվի հանրապետությունով մեկ։ Իսկ Կալավանի ֆենոմենն ընդամենը էկոտուրիզմն է, էքստրեմալ տուրիզմը եւ բնական սնունդն ու բնական միջավայրը, որին հաղորդակցվում են դրսից ժամանած հյուրերը։ Այս տարի փոքրիկ գյուղում նոր հյուրատներ են կառուցել եւ ակնկալում են, որ 10 հազար զբոսաշրջիկ է այցելելու իրենց։ Անշուշտ, հրաշալի օրինակ է, եւ արժե այն ընդօրինակել։ Սակայն եվրոպական երկրներ այցելած զբոսաշրջիկները կվկայեն, որ Կալավանի օրինակը որքան էլ ոգեւորիչ, աշխարհի մասշտաբով ցնցող բան չէ, քանզի եվրոպական երկրներում գյուղական տուրիզմի իսկապես ցնցող օրինակներ կան, եւ արժեր, որ Կալավանից եւ հայկական մեր մյուս գյուղերից մարդիկ մեկնեին Եվրոպա՝ ծանոթանալու այդ փորձին։

Ահա․ շվեյցարական փոքրիկ քաղաքում՝ Շտայն ամ Ռայնում, ժամանակը կարծես կանգ առած լինի՝ դարպասից ներս ես մտնում եւ հայտնվում միջնադարում, որտեղ վհուկներ կան ու բազում լեգենդներ, որոնք ուշագրավ շարադրանքով մատուցվում են հյուրերին՝ ապահովելով տեսարանն ու դրական հուշերը տվյալ քաղաքից։ Միայն հետիոտնի համար նախատեսված փողոցներ են՝ հին տներ ու դղյակներ, որոնց պատերին նկարներ, քանդակներ, ցուցատախտակներ են։ Ամեն տուն իր պատմությունն ունի։ Այդ տների առաջին հարկերում սրճարաններ են, փոքրիկ թանգարաններ ու վաճառասրահներ։ Առհասարակ՝ եվրոպական փոքրիկ քաղաքները, ուր տարեկան մի քանի հարյուր հազար այցելու է լինում, ոչնչից ամեն ինչ ցուցադրելու եւ այդ ոչնչից եկամուտ ստանալու արվեստի վրա են կառուցված։ Հազարավոր, տասնյակ հազարավոր հուշանվերներ են պատրաստվում տեղացիների կողմից՝ ամենաանհեթեթ ու անօգտակար իրերից մինչեւ իրենց համար բրենդ հանդիսացող որեւէ սիմվոլի երկաթյա, ապակյա, թղթի ու կտորի տարատեսակը։ Այդ ամենը՝ գունագեղ ու գրավիչ եւ բավականին թանկ։ Այս փոքրիկ քաղաքներում նաեւ իրենց ավանդական ճաշատեսակներն են մատուցում, փառատոներ կազմակերպում, երգ ու երաժշտություն է հնչում։

Ֆրանսիական Անսի, Իվուար, Շամոնի, Մոն Բլան փոքրիկ քաղաքները, օրինակ, ծաղիկների մեջ կորած են։ Այստեղ տարիներ առաջ մտածել են, որ քաղաքները կարող են միմյանց հետ մրցել ծաղկահարդարմամբ, եւ ինչպես Միշլենյան աստղերը, որոնք ստանում են լավագույն ռեստորաններն ու խոհարարները, այնպես էլ ֆրանսիական քաղաքները ծաղկահարդարման մրցույթում ստանում են ծաղկի նշան․ լավագույն հարդարում ունեցող քաղաքը՝ 4 կամ 5 ծաղիկ, նվազագույնը՝ 1։ Հատուկ ժյուրի է աշխատում, ծանր ու մեծ այցելում այդ քաղաքները, եւ մրցանակաբաշխությունն էլ ամենայն հանդիսավորությամբ են իրականացնում։
Ինչեր ասես, որ չեն մտածում փոքրիկ քաղաքների եւ գյուղերի բնակիչներն ու իշխանությունները՝ տուրիստներին գրավելու համար։

Ֆրանսիական փոքրիկ Իվուար քաղաքում, որտեղ 900 բնակիչ կա, եւ որը գործում է տարվա միայն կեսը, մյուս կեսն ուղղակի փակվում է, քանի որ բնակիչները մեկնում են Ալպեր՝ դահուկորդներին սպասարկելու, ուղղակի դրախտավայր են սարքել։ Ծաղկի ու զարդարանքի այդքան առատություն ես ոչ մի տեղ չեմ հանդիպել։ Ամեն տուն այնքան խնամված ու գեղեցիկ է, որ կարծես գեղանկարի առաջ կանգնես։ Այստեղ նաեւ տարածաշրջանի լավագույն ապակեգործի արհեստանոցն է, որն ապակուց հնարավոր ամեն ինչ պատրաստում եւ վաճառում է։ Այդ խանութից որեւէ իր գնելու համար մոտ կես ժամ պետք է հերթ կանգնես։ Ամեն քայլափոխի փոքրիկ արվեստանոցներ են՝ գեղանկարների, գործած հագուստի, ամենատարբեր մանրեղենի վաճառքով։ Զբոսաշրջիկներն ավտոբուսներով երկար ճանապարհ են կտրում այս փոքրիկ քաղաքում մի քանի ժամ մնալու համար, եւ անպայման յուրաքանչյուրն ինչ-որ բան գնում է այստեղից՝ որպես հիշատակ, հուշանվեր։

Շվեյցարական փոքրիկ Գրյուեր քաղաքը, որը 1200 բնակիչ ունի, հայտնի է իր պատրաստած պանրով եւ ֆոնդյուով։ Շվեյցարիայում ասում են, որ միայն այս քաղաքում կարելի է հալած պանրից պատրաստված իրենց կերակրի իրական տարբերակը՝ ֆոնդյուն փորձել։ Տաք հալած պանրի մեջ են թաթախում հացի կամ կարտոֆիլի կտորները եւ զմայլված ըմբոշխնում։ Սակայն ո՛չ համն է ցնցող, ո՛չ տպավորությունը, բայց Գրյուերի բազմաթիվ ռեստորան-սրճարաններում ֆոնդյու ճաշակելու համար հարկավոր է նախապես տեղ ամրագրել, քանի որ բոլոր տեղերը զբաղված են։ Այս գյուղը, սակայն, չի բավարարվել միայն պանրի ու ֆոնդյուի առաջարկով։ Գեղեցիկ սալահատակ է, անպայման միայն հետիոտնի համար նախատեսված գյուղամեջ՝ փոքրիկ խանութներով, որտեղ հուշանվերներ են վաճառում, փոքրիկ պատկերասրահ եւ գյուղացիների աշխատանքների վաճառք-ցուցադրություն։ Ասենք, թանգարան են ստեղծել՝ Դալայ Լամային նվիրված, որն ընդամենը 2 անգամ այցելել է Գրյուեր։ Տեղացիները հմտորեն օգտվել են այս փաստից։ Կամ՝ լեգենդներ են պատմում Չարլի Չապլինի մասին, որին այդպես էլ չի հաջողվել 15 տարվա ընթացքում իր համար սիրելի դարձած գյուղում տուն գնել։ Տուն հետագայում գնել է նրա որդին՝ հոր մահից հետո, ի կատարումն նրա երազանքի։

Առհասարակ՝ իրենց պատմության հանդեպ երկյուղած վերաբերմունքը, ամեն լեգենդ ու փաստ հավերժացնելու ունակությունը եվրոպացիներին հնարավորություն է տվել դառնալ զբոսաշրջիկների համար գրավիչ։ Այժմ, երբ զբոսաշրջության բում կա աշխարհում, հազարավոր ռուսներ, չինացիներ, ամերիկացիներ, Արեւելյան Եվրոպայի բնակիչներ են այցելում այս փոքրիկ քաղաքները, որտեղ մարդիկ ոչ միայն ապրում են զբոսաշրջության բերած եկամուտներով, այլեւ դողում են իրենց ունեցածի վրա։ Այս քաղաքներում ու գյուղերում դրսից որեւէ մեկը՝ անգամ շատ մեծահարուստ, չի կարող անշարժ գույք ձեռք բերել, անգամ ներդրումներ անելիս օգտվում են մարդու փողից, դրա դիմաց նա անգամ դիվիդենտներ է ստանում, բայց տեղում բնակվելու, քաղաքացիություն ստանալու իրավունքից  զրկված է։

Արժեր, որ մեր կալավանցիներն ու առհասարակ՝ հայ մարդիկ մեկնեին այս քաղաքները՝ ուսանելի փորձն ուսումնասիրելու եւ Հայաստանում կիրառելու համար։