Նախագահը վետոյի իրավունք չունի

Նախագահը վետոյի իրավունք չունի

Նախօրեին Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունում տեղի ունեցավ հանդիպում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որի ընթացքում քննարկվել է ԱԺ-ի կողմից ընդունված «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ օրենքը։

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԳԱԱ ակադեմիկոս, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Յուրի Սուվարյանը։ Թե որն էր հանդիպման նպատակը, եթե ԱԺ-ն օրենքն արդեն ընդունել է եւ ներկայացրել նախագահի ստորագրմանը, ակադեմիկոսն ասաց․ «Հավանաբար, դրանով շոշափում է շահագրգիռ կողմերի տրամադրությունները՝ ընդունված օրենքի վերաբերյալ»։

Հավելելով, որ հանդիպման ընթացքում ներկայացրել են իրենց մտահոգությունները հատկապես օրենքի այն հատվածի հետ կապված, որն առնչվում է ակադեմիայի գործունեությանը։ Միաժամանակ մատնանշել այն խնդիրները, որոնք կառաջանան օրենքի ստորագրման պահից․ «Առաջին խնդիրը սա է՝ մեր երկրի սահմանադրության մեջ մի կետ կա՝ 86-րդ հոդվածի 14-րդ կետն է, ըստ որի՝ պետությունը պարտավոր է նպաստել երկրում հիմնարար եւ կիրառական գիտությունների զարգացմանը, բայց օրենքում չկա մի կարեւոր բան՝ ո՞վ է պատասխանատու կամ ո՞վ է ապահովելու այդ հիմնարար կիրառական գիտության զարգացումը։

Մինչեւ այս օրենքը շրջանառության մեջ դնելը, նախորդ օրենսդրական դաշտում այս խնդիրը դրված էր ԳԱԱ-ի վրա, եւ ակադեմիան էր պարտավոր ապահովել հիմնարար գիտությունների զարգացման գործընթացը, բայց այս օրենքի ընդունումից հետո սահմանադրական այս պահանջը դառնում է չիրագործված։ Գուցե թվա, որ դա կարող են անել պետական լիազոր մարմինները՝ նախարարություն, գիտության կոմիտե, սակայն սա յուրահատուկ խնդիր է եւ վարչարարների կողմից լուծվել չի կարող, դա պետք է լինի գիտական կառույց, որ կարողանա կանխատեսել գիտության զարգացման համաշխարհային միտումները, թե մեր երկրում որ ուղղությունը պետք է զարգանա, նաեւ՝ գնահատել արդյունքները։ Այստեղ պրոֆեսիոնալներ են պետք, եւ պատահական չէ, որ այս խնդիրը միշտ դրված է եղել ակադեմիայի վրա»։

Ինչո՞վ է բացատրում այն հանգամանքը, որ նոր օրենքում այս գործառույթն ակադեմիայից վերցրել են։ «Ակադեմիան այս խնդիրը կարող է կատարել իր կողմից ժամանակին ստեղծված ինստիտուտների լայն ցանցի միջոցով։ Ակադեմիան ունի 30 ինստիտուտ, եւ այսօր մեր խնդիրը պետք է լիներ այն, որ ակադեմիան ենթարկվի բարեփոխման, եւ ինստիտուտները, գիտական հետազոտությունները համապատասխանեցվեն գիտության այսօրվա զարգացման միտումներին, սակայն դրա փոխարեն դրվեց մի այլ խնդիր՝ ակադեմիայի ինստիտուտներին տրվի ազատություն, բայց նրանք մինչ այդ էլ ազատ էին, ոչ ոք նրանց գործունեությունը չէր կաշկանդում, եւ այն կասկածահարույց դրույթը, որ իբրեւ ակադեմիայի ինստիտուտներն ազատություն չունեն, հիմք դարձավ, որ ինստիտուտներին օրենքով տրվի ազատություն, բայց ես ենթադրում եմ, որ նպատակն այն է, որ այդ ինստիտուտները հետո դառնան զանազան բուհերի բաղադրիչ մասեր,- ասում է Սուվարյանն ու նկատում, որ բնավ այն կարծիքին չէ, որ ակադեմիան բարեփոխման կարիք չունի։- Բայց պետք է ոչ թե կառույցին վնաս պատճառել, այլ պետք է կառույցը բարեփոխել եւ հասնել նրան, որ այն աշխատի ավելի արդյունավետ։ Գիտության զարգացումը մեզ համար չափազանց կարեւոր է»։

Ինչո՞ւ օրենքում որեւէ ցուցանիշով չամրագրվեց գիտության ֆինանսավորման չափը։ Յ․ Սուվարյանն այստեղ դիտավորություն կամ չկամություն չի տեսնում․ «Ինչ խոսք, գիտության ֆինանսավորումը շարունակ պետք է աճի, եւ գիտությունն էլ պետք է աշխատի ձեռք բերել լրացուցիչ ֆինանսական միջոցներ, բայց, սրանով հանդերձ, պետության ֆինանսավորումը կախված է երկրի տնտեսական զարգացման հաջողություններից եւ հատկապես բյուջեի եկամտային հնարավորություններից, դրա համար ամրագրել օրենքում, թե ինչ քանակով պետք է ֆինանսավորումն ապահովի կամ աճի՝ իրատեսական չէ եւ կախված է ամեն տարի երկրի տնտեսական զարգացման հնարավորություններից, բյուջեի եկամուտների ծավալից։ Բայց, իհարկե, գիտության զարգացումը եթե ապահովվի, կնպաստի տնտեսության զարգացմանը, բյուջեի եկամուտների ավելացմանը, այս ճանապարհով պետք է գնալ, իսկ ֆինանսավորումը, անշուշտ, պետք է աճի։ Կա թյուր պատկերացում, որ գիտությունն ու կրթությունը սերտորեն շաղկապված են, ես կասեի՝ գիտություն, կրթություն եւ տնտեսություն, այս 3-ն են շաղկապված իրար հետ, ընդ որում՝ դոմինանտն այս դեպքում տնտեսությունն է, եւ տնտեսության պահանջով է միշտ զարգացել գիտությունը»։

Ինչ վերաբերում է վարչապետի՝ բուհերի շենքերը վաճառելուն եւ ակադեմիական քաղաք կառուցելուն, Սուվարյանն ասաց, որ նոր չէ ակադեմիական քաղաք ստեղծելու գաղափարը, անգամ խորհրդային տարիներին կար նման մտադրություն, բայց չիրականացավ, որովհետեւ շատ ծախսատար գործ է։ «Հետո՝ մեր երկրում բուհերը ստեղծվել են մեր մայրաքաղաքում, հիմա որ այդ բուհերը Երեւանից հանենք, Երեւանում էլ ի՞նչ կմնա, կամ՝ այդքան ենթակառուցվածքներ ինչպե՞ս ենք սարքելու՝ բուհական շենքեր, հանրակացարաններ․․․ նման ծրագիր մեր այսօրվա ֆինանսական ռեսուրսների պայմաններում հնարավոր չէ, հեռանկարում՝ գուցե մի 20-50 տարի հետո հնարավոր լինի այդ կամպուսի գաղափարն իրագործել, բայց այսօր իրական չէ դա։ Իսկ ինչ վերաբերում է շենքերի վաճառքին, չեմ կարող ո՛չ պնդել, ո՛չ հաստատել»։

Ակադեմիկոսն ասում է, որ նախագահն ուշադիր լսել է իրենց բոլորի դիտարկումները, բայց թե ինչպես կվարվի հետո՝ չի կարող ասել․ «Կստորագրի, թե չի ստորագրի՝ դա մեզ չասաց, տպավորությունն այն էր, որ նա չհերքեց հանդիպման ընթացքում գիտնականների կողմից բարձրացված դրույթները»։ Հնարավո՞ր է նախագահը դիմի ՍԴ։ «Չեմ կարող ասել, ամեն դեպքում ինքը չասաց՝ կստորագրի՞ օրենքը, թե՞ ոչ»։

Հավելենք, որ հանդիպման ընթացքում խոսելով լուծումների մասին՝ Արմեն Սարգսյանը նշել է, որ ինքը վետոյի իրավունք չունի, սակայն կա նոր օրենքը ստորագրելու կամ չստորագրելու իրավունք։