Մենք մարսեցինք Արցախը եւ զոհերի արյունը

Մենք մարսեցինք Արցախը եւ զոհերի արյունը

Մենք մարսեցինք Արցախի կորուստը, հիմա ոչ միայն մոռացել, նաեւ հիշել չենք ուզում: Արցախի կորցրած տարածքները ցավ են տալիս արցախցիներին, ովքեր այդ տեղերում են ապրել եւ տնազուրկ դարձել: Մենք հաշտվեցինք այդ կորստի հետ հենց զինադադարի օրը, ընդունեցինք անվրդով` հանգստացնող դեղահաբ խմածի նման, ինչպես ծանր բեռից են ազատվում: Մենք մինչ այդ էինք պատրաստ դրան, հնար ու միջոց էինք փնտրում ազատվելու, հակառակ դեպքում պատկերն այլ կլիներ այդ օրը: Ադրբեջանը չի համարում, որ հայերն Արցախը վերջնականապես են կորցրել, իսկ մենք համարում ենք, որովհետեւ այդպես ենք ուզում: 

Մենք Արցախի կորուստը մարսելով՝ մարսեցինք նաեւ պատերազմի 44 օրերին տված մեր շուրջ հինգ հազար զոհերի արյունը, քանի որ դրանք համարժեք են իրար: Մենք մարսեցինք թշնամու ձեռքով թափված մեր սեփական արյունը, թանկ ու լուսավոր, բայց նրանց համար, ովքեր գիտակցում են, իսկ մարսածների համար` ոչինչ: Զոհերը ցավ են տալիս միայն իրենց ընտանիքներին եւ մերձավորներին, իսկ մյուսների համար օտար են: Մենք մարսեցինք նաեւ արցախյան առաջին պատերազմում տված շուրջ յոթ հազար զոհերի արյունը եւ այդ պատերազմների արանքում՝ քառօրյայում թափված արյունը: Հակառակ դեպքում մենք այլ կլինեինք, քան հիմա ենք:

Զինծառայողների ծնողները հավաքվում են կառավարության շենքի մոտ եւ պահանջում, որ իրենց տղաներին ժամկետից շուտ զորացրեն, արձակուրդ եկածներին կրկին ծառայության չուղարկեն: Մենք մեր տանը նստած՝ համաձայն ենք դրա հետ, համաձայն ենք, որ առհասարակ զորակոչ չլինի, բանակ չունենանք: Թող Արցախից մնացած հատվածը արցախցին պաշտպանի, իսկ մենք մեր սահմանը բացել ենք Ադրբեջանի առաջ, Սյունիքում տվել ենք պաշտպանական դիրքերը  եւ այլեւս պաշտպանելու անհրաժեշտություն չունենք: 

Մենք հանգիստ ենք, որ Արցախը կորցրինք, նույն հանգստության մեջ Սյունիքն ենք շերտ առ շերտ տալիս: Մենք այդ անխախտ ու միալար հանգստությամբ կտանք այն ամենը, ինչ ուզենա թշնամին: Մենք անտարբեր ենք մեր զոհերի նկատմամբ, 30 տարի շարունակ տված զոհերի: Մեր գերիներն էլ մեզ չեն հուզում, արվեստագետները մեկ-երկու անգամ միտինգ արեցին, ու լուռ ենք: Մենք միջոց ու հնար ենք փնտրում բանակ չունենալու համար եւ ամեն ինչ անում ենք, որպեսզի չունենանք պետություն:  

Կարո՞ղ էր մի ազգ այդպես մեռնել: Բայց այդպիսին էինք ճիշտ 100 տարի առաջ` Առաջին հանրապետության տարիներին: Բայց այն ժամանակ իշխանությունն այլ ուղղությամբ էր նայում` հակառակ հասարակության ընտրած դիտակետի: Այն ժամանակ իշխանությունն աշխատում էր պետությունը պահպանել, իսկ հասարակությունը՝ այն ամենը, ինչ շոշափելի էր իր մարմնի շուրջը: Այն ժամանակ կառավարությունը եւ հասարակությունը մեկմեկու ձեռք չէին բռնում, որ պետություն փրկեն: 

Իսկ հիմա իշխանությունը եւ հասարակությունը համահունչ են, համամիտ ու համահայացք: Հիմա կառավարություն եւ հասարակություն, ձեռք-ձեռքի տված՝ պետություն են կորցնում: Արցախի կորուստը եւ մեր զոհերի արյան մարսելը, առայժմ Սյունիքը շերտ առ շերտ թշնամուն հանձնելը, բանակի քայքայումն ու անկարող դարձնելը, պետականության սպառնալիքը թելադրվում եւ իրացվում են պետականորեն: Որ սա ծրագիր է, որ սա հիպնոս է, որ մենք մոլորվել ենք, որ մենք այդպիսին չենք, որ մենք, ի վերջո, ազգ ենք ու պետություն, դա վերջին մխիթարանքն է:

Հուսիկ Արա