Կա՞ն Սանասարյանի ու աշխատակիցների նկատմամբ հարուցված նյութեր

Կա՞ն Սանասարյանի ու աշխատակիցների նկատմամբ հարուցված նյութեր
Դավիթ Սանասարյան

 ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը հերքել էր, որ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի և ծառայության երկու վարչությունների պետերի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ասելով․«Կեղծ լուրեր են: Մեկնաբանություն չունեմ»:

Ի պատասխան  Hraparak.am -ի ճշգրտող հարցի, թե նյութե՞ր էլ չեն նախաատրաստվում, ԱԱԾ մամուլի քարտուղարն ասաց․«Այս պահինն չեմ կարող ասել՝ նյութեր կա՞ն, թե ոչ»։
 Առհասարակ, նման պատասխանները, մամուլի կողմից սովորաբար դիտարկվում են որպես ո՛չ հերքում, ո՛չ հաստատում։

Հիշեցնենք, որ նախօրեին «Հետք»-ը  տեղեկացրել էր Պետական վերահսկողության աշխատակիցներից երկուսի՝ մի քանի տասնյակ տենդերների ընթացքում թույլ տրված ապօրինի միջամտության գնումների գործընթացի վրա անօրինական ազդեցության մասին։

Մասնավորապես, «Հետք» պարբերականի հետ զրույցում բուժհաստատություններին հեմոդիալիզի պարագաներ մատակարարող գերմանական ընկերության հայաստանյան գործընկեր «Ֆրեզեն» ՍՊԸ-ի տնօրեն Հրանտ Պիվազյանը հայտարարել էր, որ պետական վերահսկողական ծառայությունը փորձում է խոչընդոտել իրենց ընկերության գործունեությունը՝ Սանասարյանի հրամանով։

Հաղորդվում էր նաև, որ սույն միջամտության արդյունքում պետական վերահսկողության պաշտոնյաների միջամտությամբ  մի շարք փոփոխություններ են արվել գնման գործընթացում, ինչի արդյունքում մրցույթում հաղթել է տարիներ շարունակ պետական հաստատություններին կահույք  մատակարարած մի ընկերություն:

Դավիթ Սանասարյանը Facebook-ի իր էջում արձագանքել էր․«Անկախ շահարկումներից` մենաշնորհների դեմ պայքարը շարունակվում է», - հավելել,թե քանի որ ուսումնասիրությունը չի ավարտվել, մանրամասներ չի կարող ներկայացնել։
Հարցին էլ, թե մամուլի հրապարակումները նաև կարող են դիտարկվել որպես հաղորդում հանցագործության մասին, արդյո՞ք  հետհեղափոխական Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյայի ոտնձգությունների մասին հայտարարած գործարարի ասածները ստուգելու կարիք չկա, Սամսոն Խաչատրյանն առաջարկեց պատասխանել գրավոր ընթացակարգով։
Հիշեցնենք, որ ՊՎԾ սոցիալական ոլորտի վերահսկողության պետի պաշտոնակատար Դավիթ Ադյանն է, իսկ ՊՎԾ  գնումների վերահսկման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը Սամվել Ադյանն է։
Hraparak.am-ը հարցում է ուղարկել ՊՎԾ՝ ակնկալելով պատասխան, թե արդյոք ազգականների նշանակումը նույն համակարգում չի կարող դիտարկվել որպես շահերի բախում։