Ոմանց թվում է, թե քաղաքապետարանն իրենց հոր դուքյանն է. Թեհմինա Վարդանյան 

Ոմանց թվում է, թե քաղաքապետարանն իրենց հոր դուքյանն է. Թեհմինա Վարդանյան 

Այսօր ժամը ութին Երևանի քաղաքապետարանում պետք է տեղի ունենար ֆինանսավարկային հանձնաժողովի նիստ , որտեղ պիտի քննարկվեր քաղաքապետ Հայկ Մարությանի բերած բյուջեի նախագծի փոփոխության ու հաստիքացուցակի հարցը: Սակայն, ինչպես արդեն տեղեկացրել ենք, նիստը չի կայացել Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության քմահաճույքի պատճառով: Պարզվել է՝ նրանք որոշել են հենց այդ պահին խմբակցության նիստ անցկացնեն՝ չհարգելով ընդդիմադիր խմբակցությունների իրենց գործընկերներին, որոնք պայմանավորված ժամին գնացել էին քաղաքապետարան՝ մասնակցելու հանձնաժողովի նիստին: Իմքայլականները դուրս են եկել և ասել, որ նիստ չի լինելու, ինչը առաջացրել է ընդդիմադիր «Լույս» և ԲՀԿ խմբակցությունների անդամների վորդովմունքը, առաջացել է վիճաբանություն իշխանականների և ընդդիմադիրների վրա: «Իմ քայլի» անդամները հարձակվել են «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանի վրա, նրա հետ կոպիտ տոնով են խոսել, «արա»-ով, ու քիչ է մնացել բանը հասնի ձեռնամարտի: Դատելով ընդդիմադիրների խոսքից՝ կարելի է ասել, որ իմքայլականները ցուցաբերել են ՀՀԿ-ականներին հատուկ պահվածք, մի բան էլ գերազանցել են նրանց, քանզի նման պահվածքով ժամանակին հենց ՀՀԿ-ի որոշ անդամներ էին «փայլում» ընդդիմադիրների հետ շփումներում:

«Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը Hraparak.am-ին ասաց, որ կես ժամ սպասեցնելուց հետո դուրս եկան ու ասացին, որ նիստը չի կայանալու, որովհետև իրենք ֆրակցիայով քննարկում են անում: «Ասացին՝ կարող եք համարել, որ մենք բոյկոտում ենք նիստը: Նման վերաբերմունքը մեզ համար անըդնունելի է: Ամենաթողությունը քաղաքապետարանում օր օրի ավելանում է, ոմանց թվում է, թե քաղաքապետարանն իրենց հոր դուքյանն է»,-վրդովված ասաց Թեհմինա Վարդանյանը:

Փաստորեն, ստացվում է՝ «Իմ քայլը» խմբակցության անդամները բոյկոտեցին իրենց քաղաքապետի բերած նախագծի քննարկումը։ Որոշվել է հանձնաժողովի նիստը անցկացնել վաղը:

Նիստից հետո ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել նաև Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ նշելով, որ «Իմ Քայլը» խմբակցության ավագանու անդամները բոյկոտեցին ֆինանսավարկային հանձնաժողովի նիստը, որտեղ պետք է քննարկվեր քաղաքապետի նախագիծը հաստիքացուցակի փոփոխության վերաբերյալ: