Հյուսիսային Մակեդոնիան ունի նոր նախագահ
Հյուսիսային Մակեդոնիայում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է իշխող Սոցիալ-դեմոկրատական միության թեկնածու Ստեւո Պենդարովսկին։ Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Զորան Զաեւը։ Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, ընտրությունները տեղի են ունեցել դեռ կիրակի օրը։ Ընտրելու իրավունք է ունեցել 1,8 միլիոն քաղաքացի։ Նրանք քվեարկել են 3 512 տեղամասերում, որոնք տեղաբաշխված են եղել ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում, նույնիսկ բանտերում ու հիվանդանոցներում։ Պենդարովսկին ստացել է 423 հազար ձայն, ըստ քվեների 96,5 տոկոսի հաշվարկի, իսկ նրա մրցակից Սիլյանովսկա Դավկովան՝ 368 հազար ձայն։ Հյուսիսային Մակեդոնիայի նոր նախագահը մասնագիտությամբ իրավաբան է, սակայն դոկտորականը պաշտպանել է փոքր պետությունների հետ ԵՄ վարած արտաքին քաղաքական կուրսի մասին թեմայով։
Կարծիքներ