Ոստիկանից «քցված» կնոջ վերջին հույսը «Հրապարակն» է

Ոստիկանից «քցված» կնոջ վերջին հույսը «Հրապարակն» է

«Հրապարակի» խմբագրություն է դիմել Արմավիր քաղաքի Սահմանապահների փողոցի 45 Ա տան բնակիչ Վալյա Հակոբյանը՝ խնդրելով հանրայնացնել իր նկատմամբ ոստիկանության կապիտան Արմեն Հակոբյանի հանցավոր արարքը:

Վալյա Հակոբյանը Արմավիրում գտնվող իր տունը 2019 թվականի աշնանը տվել է վարձակալությամբ եւ գնացել Ռուսաստան՝ երեխաների մոտ: Վերադարձել է 2020-ի ամռանն ու մնացել զարմացած. «Իմ տված տնից բան չէր մնացել. մանրահատակն այրել էին, պատերը՝ վնասել, չէին վճարել նաեւ կոմունալ վարձերը՝ գազը, լույսը, ջուրը. մոտ 120 հազար դրամ: Գույքային վնասն էլ հետը՝ մոտ 250 հազար դրամի վնաս են պատճառել ինձ»:

Հասկանալով, որ միջնորդի (բրոքերի) միջոցով վնասի փոխհատուցումն ու կումունալների չվճարած գումարը հետ ստանալ չի կարող, որովհետեւ նախկին կենվորը տեղափոխվել է Գյումրի, տարեց կինը դիմել է ոստիկանության Արմավիրի բաժին: «Նյութեր չկազմեցին, ուղղակի տեղամասային տեսուչ, կապիտան Արմեն Հակոբյանին հանձնարարեցին՝ զբաղվել գործով: Երկու օրից տեսուչ Հակոբյանը եկավ, բերեց կոմունալների գումարը, որ վերցրել էր կենվորից, իսկ այրված մանրահատակի փոխհատուցումը` 50 հազար դրամը, ասաց, որ կենվորը փոխանցել է իր բանկային քարտին, հետո կվերադարձնի»,- պատմում է Վալյա Հակոբյանը:

Կինը հավատացել է ոստիկանին, իսկ վերջինս, օգտվելով նրա վստահությունից, երկու օր անց նորից է այցելել, այս անգամ խնդրել՝ 40 հազար դրամ պարտքով տալ՝ վիրահատված երեխայի համար դեղեր գնելու համար: «Ասացի՝ ես գումար: Ինքն էլ, թե՝ չունես, հարեւաններից ուզի, բայց 200 հազար դրամ, հետո խաղողը կվաճառեմ, կտամ: Ասացի՝ ես հարեւանների հետ այնպիսի հարաբերություն չունեմ, որ պարտքով փող խնդրեմ: Բայց քանի որ վիրահատված երեխայի համար էր, խիղճս տանջեց. 30 հազար դրամ ու ոսկյա շղթաս տվեցի` պայմանով, որ մեկ ամսից վերադարձնի»:

Մեկ ամիս անց տեսնելով, որ կապիտանը չի պատրաստվում վերադարձնել մոտ 250 հազար դրամ արժողությամբ զարդը, Վալյա Հակոբյանը գնում է ոստիկանության Արմավիրի բաժին: Եղելությունը պատմում է վերադասին եւ խնդրում, որ միջամտեն եւ հետ բերեն շղթան ու գումարը: «Տեղամասայինների պետը՝ Այվազյան ազգանունով, քիչ էր մնում դրա աչքերը հաներ: Ինչ ամոթանք ասես՝ թափեց գլխին: Նույնիսկ պարտավորագիր է գրել, բայց ոչ մի օգուտ: Ես դիմում գրեցի, որ գործը վարույթ ընդունեն` չընդունեցին: Ասացին՝ գնացեք, իրար հետ լեզու գտեք: Բայց ի՞նչ լեզու գտնես մի մարդու հետ, ով ամբողջ Արմավիրին պարտք է եւ սուտ խոսելով ման է գալիս»:

Ավելի ուշ կինն իմացել է, որ կապիտան Արմեն Հակոբյանին ազատել են աշխատանքից, ըստ նրա՝ ոստիկանության անունն արատավորելու եւ շատերին «քցելու» համար: Հասկանալով, որ ոստիկանությունից այլեւս սպասելիքներ չունի, տիկին Վալյան դիմում է ԱԱԾ Արմավիրի մարզային վարչություն՝ ոստիկանության սպայի հանցավոր արարքի եւ երկու տարի ձգձգվող գործի մասին տեղեկացնելով: Այստեղից էլ պատասխանում են, որ իրենք այդ հարցով չեն զբաղվում:

«Երեւի բոլորն էլ գիտեն՝ հենց վարույթ ընդունեն, վերեւներից զանգելու են: Էդ կապիտանի աներձագն ինչ-որ նախարարի վարորդ է: Երեւի նրանով էլ իրեն պաշտպանված է զգում: Գիտեմ, որ նախկինում Շավարշ Քոչարյանի վարորդն է եղել, հիմա չգիտեմ, թե որ նախարարին է ման տալիս»:
Կնոջ փոխանցմամբ՝ Արմեն Հակոբյանն իր անունով անշարժ գույք չունի: Ապրում է Բամբակաշատ գյուղում, զբաղվում է խաղողագործությամբ: «Այգին, տունն ու հողն էլ իր անունով չեն: Իր տեսակը իմանալով՝ ունեցած-չունեցածը սրա-նրա անունով է գրանցել… Հույսս դուք եք մնացել, որ ձեր հրապարակումով շղթաս ու գումարս հետ ստանամ…»,- ասաց Վալյա Հակոբյանը: