ՀՌՀ-ն պարտվել է դատարանում եւ չի կատարում դատարանի որոշումը` հանուն Հ1-ի լրատվականի

ՀՌՀ-ն պարտվել է դատարանում եւ չի կատարում դատարանի որոշումը` հանուն Հ1-ի լրատվականի

Հուլիսի վերջին հեռուստատեսային աշխարհն անսպասելի լուր ստացավ: «Հայկական երկրորդ հեռուստաալիք» ՍՊԸ-ն, որը դանդաղ գնում էր մահվան, եւ որին շատերը հեռուստատեսային աշխարհում համարում էին համարյա ոչնչացած, վարչական դատարանում հաղթել է Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին: Հանձնաժողովի 04.06.2021թ. որոշումը՝ «Հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մայրաքաղաքային սփռման մրցույթի հաղթող ճանաչելու եւ լիցենզիա տրամադրելու մասին», դատարանն անվավեր է ճանաչել եւ պարտավորեցրել՝ նոր մրցույթներ անցկացնել: 

Հիշեցնենք․ Հ 2-ն անցյալ տարվա հունվարից եթեր դուրս չէր գալիս` պարտվել էր հանրապետական սփռման, հետագայում նաեւ մայրաքաղաքային սլոթի համար հայտարարված մրցույթներում եւ հեռարձակվում էր կաբելային ու ինտերնետ հեռուստակապով` Յուքոմ, Ռոստելեկոմ: 
Հ 2-ի՝ դատարան դիմելը շատերը համարում էին հուսահատ քայլ, որն արդյունքի չէր կարող հանգեցնել: Բայց արի ու տես՝ հեռուստաընկերությունը դատարանում հաղթեց եւ անհարմար վիճակի մեջ դրեց ինչպես պետական հանձնաժողովին, որը պարբերաբար հայտարարություններ է անում իր անաչառության եւ օբյեկտիվության մասին, այնպես էլ ամբողջ հեռուստադաշտը: 
Նախ՝ օգոստոսի 1-ից դատարանի վճիռն ապահովելու համար հանրային մուլտիպլեքսի մայրաքաղաքային սփռումից դադարեցվեց Առաջինի լրատվական ալիքի հեռարձակումը: Դրանից հետո բոլոր մյուս հեռուստաընկերությու նները՝ «Առաջինի լրատվական ալիքը», «Արմենիա TV»-ն, «Երկիր մեդիան», «Շանթը», «Ա-TV»-ն եւ «Կենտրոն TV»-ն, մի երկու նվազ հայտնի ալիքներ «կոլեկտիվ» գրությամբ դիմեցին ՀՌՀ` պահանջելով մեկնաբանել, թե ինչ է լինելու իրենց հետ:

Որպես հաղթող հեռուստաալիքներ՝ նրանք հեռարձակվում էին, սակայն եթե ՀՌՀ համապատասխան որոշումները չեղյալ են համարվում, ապա իրե՞նք էլ պետք է դադարեցնեն հեռարձակումը: Այսինքն՝ մարդիկ մի լավ օր միացնելու են իրենց հեռուստացույցները եւ 5 ալիքներով էլ առանց պատկերի խշշո՞ց են լսելու: ՀՌՀ-ն նախ հայտնեց, որ արդեն նոր մրցույթներ է հայտարարել, որոնց արդյունքներն ամփոփվելու են նոյեմբեր-դեկտեմբերին: Ապա՝ որ ՀՌԱՀ-ում ուսումնասիրել են միջազգային փորձն ու տեսել, որ նման դեպք չի եղել, որ ամբողջ հեռարձակումը դադարեցվի, եւ քանի որ ՀՌՀ-ն չի կարող լիցենզիայից զրկել հաղթող հեռուստաալիքներին, որովհետեւ դա անելու համար չկա օրենքով նախատեսված նման մեխանիզմ, իսկ հանրային մուլտիպլեքսով հեռարձակումը պետության պարտավորությունն է, որով նա ապահովում է ՀՀ բնակչության տեղեկատվության իրավունքը, ուստի հեռուստաընկերությունների գործունեությունը չի կարող դադարեցվել, եւ հանրայինի լրատվական ալիքը եւս պետք է վերադառնա եթեր, մյուսներն էլ պետք է հեռարձակվեն` մինչեւ նոր մրցույթի ավարտը: Ահա, այսպիսի որոշում է կայացրել ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը` հանձնաժողովի համաձայնությամբ, գերադասելով ինքնակամ չկատարել դատարանի որոշումը եւ մեկնաբանել օրենքը: 

Արդյո՞ք դա էր առաջացած կազուսի լուծումը, ի՞նչ է լինելու դատարանի որոշման հետ, որը հանձնաժողովը մասամբ փաթաթել, մի կողմ է դրել: Մեր հարցերին սիրով պատասխանեց ՀՌԱՀ անդամ, հայտնի երգիչ-երգահան Դավիթ Ամալյանը: 

«Մենք մեր հնարավորության սահմաններում, օրենքը չշրջանցելով, որոշեցինք նրանց հնարավորություն տալ, որ մինչեւ հաջորդ քվեարկությունը հանրային եթերները չկասեցնեն»,- ասաց Ամալյանը: 

- Ե՞րբ են լինելու նոր մրցույթները: 

- Դեռ պարզ չէ, բայց մի 3 ամսվա մեջ: Պատկերացնո՞ւմ եք, որ այդ երեք ամսում 6 ալիք եթերազրկվեին: Հա՛մ մարդիկ պանիկայի մեջ կընկնեին, հա՛մ այդ հեռուստաընկերությունները տնտեսապես վնասներ կկրեին: Ինքս ոչ միշտ եմ կողմ որոշ բաների, բայց սա այն դեպքն է, որ պետք է արվեր: 

- Ոնց որ ասեք՝ եկեք էս օրենքը մի կողմ դնենք ու չկատարենք, որովհետեւ դատարանի որոշումը «փիսն» է: 

- Մենք օրենքը չենք խախտել, այլ օրենքի սահմաններում շրջանցել ենք: Ավելի ճշգրիտ պատասխան կարող եք մեր իրավաբանական վարչությունից ստանալ: 

- Նախկինում չի՞ եղել դեպք, որ նման կազուսային իրավիճակ ստեղծվի, որեւէ մասնակից դատի տա ՀՌՀ-ին, վիճարկի նրա որոշումներն ու հաղթի:

- Իմ հանձնաժողովի եղած ժամանակ չի եղել: Իմ ինֆորմացիայով՝ չի եղել: 

- Ի՞նչ օրենսդրական փոփոխություն եք պատկերացնում, որը հնարավորություն կտա խուսափել հետագայում նման կազուսներից: 

- Իմ կարծիքով, հավանաբար, սահմանադրորեն որեւէ լուծում կտան, որ բողոքի դեպքում ՀՌԱՀ-ն ինքն անի քվեարկությունը, եւ ըստ այդմ՝ իրավունքը փոխանցեն այն մասնակցին, որը կանցնի, ոչ թե ամբողջը կասեցնեն: 

- Իսկ ինչո՞ւ չվերականգնել այն վիճակը, որը եղել է մինչեւ մրցույթի անցկացումը` եթեր տալով այդ մրցույթից առաջ եթեր ունեցող TV-ներին: 

- Դիմեք մեր իրավաբանական վարչությանը, նա կբացատրի, թե ոնց ենք շրջանցել, որ օրենքը ոչ թե մերժել ենք, այլ օրենքի շրջանակում արել ենք այնպես, որ մուլտիպլեքսի եթերները չկանգնեն: 
ՀՌՀ իրավաբանական վարչության պետ Դավիթ Մարգարյանը հրաժարվեց մեր հարցերին պատասխանել՝ ասելով, որ բացենք ու ՀՌՀ էջում կարդանք իրենց բացատրությունը: «Այդ գրության մեջ կա, որ դատարանի որոշումը կատարվել է»,- ասաց Դավիթ Մարգարյանը: Բացեցինք, նորից կարդացինք եւ դատարանի որոշումների կատարման վերաբերյալ գտանք միայն մեկ տող. «Ի կատարումն նշված վճիռների, ՀՌՀ-ն արդեն վերսկսել է վերը նշված երկու անվավեր ճանաչված վճիռների հետ կապված վարչարարությունը եւ հայտարարել հանրային մուլտիպլեքսի սլոթի մայրաքաղաքային եւ հանրապետական սփռման նոր մրցույթները, ինչով սպառել է օրենքով իր լիազորությունների շրջանակը՝ ուղղված վճիռների կատարման ապահովմանը»: Սա նման է վատ փաստաբանի եզրակացության, որին չի հետեւում դատավորի գնահատականը: Դատավորը կարեւոր չէ, դատավորը չի հասկանում, եւ ո՞վ ասաց, որ դատավորն ինչ գրի, ենթակա է կատարման: Հանուն հանրայինի լրատվականը եթեր վերադարձնելու արված այս զոհողությունն արդարացված կլիներ, եթե գոնե այդ եթերը լավը լիներ: Ախր, դա էլ չկա, չնայած՝ սա բոլորովին այլ պատմություն է` այլ հոդվածի թեմա: