Ինչպես կազդի ճգնաժամը շարքային քաղաքացու վրա

Ինչպես կազդի ճգնաժամը շարքային քաղաքացու վրա

Կորոնավիրուսն իր հետ չտեսնված տնտեսական ճգնաժամ է բերելու։ Այս մասին խոսում է ողջ աշխարհը։ Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանին հարցրինք, թե ինչպես է ճգնաժամն ազդելու շարքային քաղաքացու վրա։ «Ամբողջ աշխարհն է այսօր խնդիրների առաջ կանգնել, այս ալիքը որքա՞ն կշարունակվի, եւ այդ անկումն ի՞նչ ծավալներ կունենա։ Այն, որ այս տարի համաշխարհային տնտեսությունն անկում է գրանցել, փաստ է։ Ինչ վերաբերում է Հայաստանի տնտեսությանը, ապա մենք, լինելով փոքր տնտեսություն ունեցող երկիր ու էապես կախված լինելով արտաքին միջավայրի ազդեցությունից, ցավոք սրտի, ավելի ցավոտ ենք զգալու այդ անկման ազդեցությունը։ Ճիշտ է՝ 2008-2009 թվականների ճգնաժամի ու այս ճգնաժամի դեպքում սկզբունքորեն այլ իրավիճակներ են, բայց, ամեն դեպքում, 10 տարի առաջ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետեւանքով մենք տեսանք, որ Հայաստանը թեեւ ֆինանսական շուկաներին առանձնապես ինտեգրված չէր, իսկ այդ ճգնաժամը սկսվեց ֆինանսական շուկաներից, դրանով հանդերձ, մեր տնտեսությունը 14 տոկոսից ավել անկում գրանցեց։

Թվում է, թե մենք առանձնապես ինտեգրված չենք համաշխարհային արժեշղթաներին, մեր արտահանման եւ ներմուծման կառուցվածքով էապես հմաշխարհային տնտեսության մեջ էական դերակատարում չունենք, բայց, այդուհանդերձ, միանշանակ է, որ մեր տնտեսության վրա բավականին բացասաբար են անդրադառնալու պրոցեսները, որոնք վերջին 2 ամսում տեղի են ունենում թե՛ արտաքին միջավայրում, թե՛ երկրի ներսում։ Ինչ վերաբերում է, թե ինչ ազդեցություն ենք մենք սպասում, ապա հետեւանքը լինելու է գնաճը, որոշակի աշխատատեղերի հետ կապված խնդիրներ։ Հատկապես ծառայությունների ոլորտում արդեն իսկ նկատվում է այդ միտումը, իսկ աշխատատեղերը երբ փակվում են, հետո այդ նույն աշխատատեղերի վերականգնումը շատ ավելի դժվար է տեղի ունենում, դրա համար ավելի երկարատեւ պրոցես եւ մեծ ջանքեր են պահանջվում։ Բնականաբար, մենք նաեւ տրանսֆերտների հոսքի նվազում ենք ակնկալում, ու դա էապես կմեծացնի այն մարդկանց սոցիալական խնդիրները, որոնք արտաքին տրանսֆերտներից կախված են։ Խոսքն արտագնա աշխատանքի մեկնողների մասին է»։ 
Կա՞ն մեխանիզմներ, լուծումներ, որոնք թույլ կտան հնարավորինս շրջանցել այդ խնդիրները։ «Այստեղ հիմնական խնդիրը պետության ակտիվ դերակատարումն է, որովհետեւ․․․ փոքր ու միջին բիզնեսին միայնակ թողնելով՝ բնականաբար, մենք էլ ավելի լուրջ սոցիալական խնդիրների առաջ ենք կանգնելու։ Իմ խորին համոզմամբ՝ կառավարությունը պետք է շատ ակտիվ պատասխանատվություն ստանձնի ու մեծ դերակատարում ունենա այս գործընթացներում, որովհետեւ եթե մենք փաստացի մտածենք, որ որոշակի միջոցներ խնայենք՝ բիզնեսին չաջակցելու համար, ապա հետագայում ստիպված ենք լինելու առավել մեծ չափի ֆինանսավորում ուղղել սոցիալական ծրագրերի լուծմանը։ Իմ կարծիքով՝ շատ ավելի խելամիտ կլինի, որ պետությունն իրականում ձեռք մեկնի այդ տնտեսվարող սուբյեկտներին, որպեսզի համատեղ հաղթահարեն իրավիճակը։ Վերջին 10-12 օրերի ընթացքում հետեւում ենք, որ կառավարությունը որոշակի ծրագրեր է նախաձեռնել, բայց անկեղծ պետք է լինենք, որ դրանց ծավալն ու չափերը հույս չեն տալիս պնդելու, որ բիզնեսի համար դրանք կարող են էական դերակատարում ունենալ, եւ, օրինակ, աշխատատեղեր չկրճատվեն կամ ընդհանուր տնտեսական վիճակը չվատանա»,- պատասխանեց Խաչատրյանը։ 

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը եւս նշեց, որ գործազրկություն է սպասվում ու թանկացում․ «Ճգնաժամին բնորոշ երեւույթ է մասսայական գործազրկությունը, եւ դրան զուգահեռ՝ ունենում ենք գնաճ, քանի որ արտադրության ծավալները կրճատվում են, ապրանքների եւ ծառայությունների առաջարկը եւս նվազում է։ Այսինքն՝ մի կողմից ունենք գործազրկություն, մարդկանց եկամուտների նվազում, մյուս կողմից՝ գնաճ։ Սա երկկողմանի մեծ էֆեկտ է թողնում տնտեսության վրա, հատկապես՝ սոցիալապես խոցելի խմբերի վրա։ Ազդեցությունը լինելու է ողջ տնտեսության վրա, պետական սեկտորի դեպքում աշխատավարձերը կմնան նույնը, թոշակները, բայց տեղի կունենա գնաճ, իսկ մասնավորի դեպքում կլինի աշխատատեղերի կրճատում եւ գնաճ, այսինքն՝ կրկնակի բացասական էֆեկտ է լինում։ Ցավոք, մենք չունենք վերականգնման տեսանելի միտումներ եւ երաշխիքներ, եւ այս տարվա ցուցանիշները հիմնականում պայմանավորված են լինելու հանքարդյունաբերության, առեւտրի եւ գյուղատնտեսության թվերով, այսինքն՝ այդ 3 ոլորտներն են ապահովելու տնտեսությունը»։