Առաջարկում եմ ստեղծել վարակի դեմ պայքարի համահայկական հանձնաժողով

Առաջարկում եմ ստեղծել վարակի դեմ պայքարի համահայկական հանձնաժողով

Որպեսզի ճիշտ պատկերացնենք այսօրվա վիճակը, պետք է մտքով այն նմանեցնենք «համաշխարհային պատերազմին», քանի որ այսօր բոլոր երկրները փակել են իրենց սահմանները, հայտարարել են արտակարգ դրություն, որի ընթացքում սահմանափակվել է մարդկանց ազատ տեղաշարժը երկրներում։ Ամենուրեք հաշվառում են իրենց մոտ եղած սննդի պաշարները, կառավարություններն ընդունում են նոր պատժամիջոցներ՝ արտակարգ դրության ժամանակ նախատեսված միջոցառումները խախտողների համար, հաշվառում եւ ճշտում են իրենց մոտ եղած բժշկական սարքավորումները, բանակը բերում են ռազմական վիճակի, օգնում են կարիքավորներին, ավելացնում են հիվանդանոցների թիվը, կառուցում են դաշտային հիվանդանոցներ, փոփոխության են ենթարկում պետության բյուջեն՝ հատկապես կրճատում են կապիտալ ծախսերը՝ ի հաշիվ սոցիալականի եւ այլն։

Սրան ավելացրեք նաեւ այն, որ ամեն օր հայտնում են վիրավորների (մեր պայմաններում վարակվածների) եւ մահացության թվային տվյալները։ Մի՞թե այս բոլոր քայլերը չեն անի համաշխարհային պատերազմի ժամանակ բոլոր պետությունները։ Իհա՛րկե, կանեն։
Փորձենք քննարկել ապրիլի 3-ի դրությամբ առանձին պետություններում վարակման եւ մահացության վիճակը․ վարակվածների թվով յուրաքանչյուր 1 միլիոն բնակչի հաշվով ավելի բարձր ցուցանիշներ ունեն հետեւյալ պետությունները․ ԱՄՆ՝ 780 մարդ, Ֆրանսիա՝ 905, Անգլիա՝ 562, Իտալիա՝ 1982, Իսպանիա՝ 2 հազար 518, Շվեյցարիա՝ 2 հազար 230, Լյուքսեմբուրգ՝ 4 հազար 173, Իսլանդիա՝ 3 հազար 997։ Շատ ավելի բարձր են թվերը գաճաճ պետություններում, ինչպիսիք են Անդորրան, Սան Մարինոն եւ այլն։ 

1 միլիոն բնակչության հաշվով մահացության աստիճանը հատկապես ցածր է Գերմանիայում՝ 14 մարդ, Չինաստանում՝ 2, Կանադայում՝ 5, Հարավային Կորեայում՝ 3, Ավստրալիայում՝ 1, թեկուզեւ վերը նշված երկրներում վարակվածների թիվը բացարձակ մեծությամբ անցնում է 10 հազարը։
Սա ցույց է տալիս, որ այս պետությունները նախապես ավելի լավ են պատրաստված եղել բժշկական սարքավորումների ապահովման եւ բուժման առումով։ 

Անմիջապես նշեմ, որ վերը նշված որոշ երկրներում նոր են սկսվում վարակի տարածման բարձր ցուցանիշները, որոշներն արդեն գտնվում են վարակման ամենաբարձր ցուցանիշի վրա, իսկ մյուս երկրներում սկսվել է այդ ցուցանիշների անկումը։ Այս ցուցանիշների մեծությունը կախված է նրանից, թե որ պետությունը երբ է հայտարարել արտակարգ դրություն եւ լրիվ ինքնամեկուսացում։ Տվյալները վերլուծելիս պարզվում է, որ պետության կողմից ամբողջովին տեղաշարժը դադարեցնելուց հետո, 15-25-րդ օրը դիտվում են վարակի եւ մահացության ամենաբարձր ցուցանիշները։

Բացառություն են կազմում այն պետությունները, որոնց հաղորդած ցուցանիշներն անիրական են թվում, ինչպես նաեւ նրանք, որոնք չունեն թեստավորման բավարար քանակ։ Սրանք, բնականաբար, չեն կարողանում ճիշտ ներկայացնել վարակման աստիճանը։
Անմիջապես նշենք, որ ամեն խումբ առանձին հետազոտման առարկա է, որը պետք է քննարկենք այն դեպքում, երբ ավելի խորը կուսումնասիրվեն տվյալ երկրների միջոցառումների պլանը, կառավարության մոտեցումը, վարակի դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքը։ Իհարկե, չենք նշում այն պետությունների անունները, որտեղ միտումնավոր թաքցնում են վարակվածների եւ մահացածների իրական տվյալները, որը թյուրիմացության մեջ է գցում մյուսներին՝ վարակի դեմ պայքարի միջոցառումների ճիշտ կազմակերպման հարցում։

Ելնելով միջազգային փորձի վերլուծությունից, օրեր առաջ ՀՀ կառավարությանն եմ ներկայացրել վարակի դեմ պայքարի միջոցառումների պլան։ Միաժամանակ նպատակահարմար կիներ, որ ՀՀ կառավարությունը նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի իր աշխատանքները բաժաներ 2 մասի․
1. Միջոցառումներ, որոնք պետք է կատարվեն ամենօրյա ռեժիմով, մինչեւ արտակարգ դրության ավարտը։

2. Միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն համաշխարհային վարակի հետ կապված՝ տնտեսության վերականգնմանը։

Անհրաժեշտ է պարզ, հասկանալի բացատրել ժողովրդին, թե ով որքան օգնություն կստանա եւ երբ, այն պետք է լինի հասցեական, չէ՞ որ մարդիկ այսօր պետք է սնվեն, որ հետո նոր մտածեն, թե ինչ են անելու, երբ ավարտվի էպիդեմիան։

Մյուս խնդիրը, որ ժողովուրդն այդպես էլ չտեսավ, կառավարության անդամների՝ օրինակ ցույց տալու խնդիրն է, որը կարծես բացակայում է համարյա բոլոր պետություններում։ Իշխանության ներկայացուցիչները պետք է անմիջապես անցնեին հեռակառավարման ձեւով աշխատելուն եւ իրենց պահվածքով (դիմակ, ակնոց, ձեռնոց կրել, պահել սոցիալական հեռավորություն) օրինակ ծառայեին ժողովրդին, որը մի քանի անգամ կիջեցներ վարակվածների թիվը։

Միաժամանակ կարծում եմ, որ կառավարությունը, արտակարգ իրավիճակից ելնելու համար, պետք է շտապ ստեղծի վարակի դեմ պայքարի համահայկական հանձնաժողով, որը բաղկացած կլինի մի քանի ենթահանձնաժողովներից (բժշկական, տնտեսագիտական, իրավաբանական եւ այլն)՝ 5-9 անդամից, որի մեջ կընդգրկվի ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի հայությունը (առանձին դեպքերում՝ նաեւ այլ երկրների քաղաքացիներ)։ Պետք է ընդգրկվեն ինչպես ներկայիս, այնպես էլ նախկին իշխանությունների ներկայացուցիչները (առավել եւս հիմա բաժանելու ժամանակ չկա), որոնք ունեն աշխատանքային եւ կյանքի փորձ, կառավարման հմտություն եւ շատ կարճ ժամանակահատվածում (օրինակ՝ 5 օրում, քանի որ բոլորը տանն են եւ ավելի շատ ազատ ժամանակ ունեն) համապատասխան նախարարություն ներկայացնեն միջոցառումների պլան՝ վարակի դեմ պայքարելու եւ տնտեսությունն արագ վերականգնելու ուղղությամբ, իսկ նախարարությունները, այն ամփոփելով, ներկայացնեն ՀՀ կառավարություն։
Համոզված եմ, այս միջոցառումները շատ լավ կընդունվեն ժողովրդի կողմից։

Վալտեր ՄԱՐՈՒԹՅԱՆ