Եթե երկու տարի առաջ փրկեին «Նաիրիտը», այսօր քլորը կարտադրվեր

Եթե երկու տարի առաջ փրկեին «Նաիրիտը», այսօր քլորը կարտադրվեր

Ռուսաստանում մարտի վերջին օրերից սկսել են ամեն օր ախտահանել բազմաբնակարան շենքերի մուտքերը, բակերը, մանկական խաղահրապարակները: Մեր բազմաբնակարանների բնակիչների համար ոտքից գլուխ պաշտպանիչ հագուստով, ախտահանիչ սարքը ձեռքին մարդ տեսնելը երջանկություն է: Թեեւ քաղաքապետարանը հաղորդում է, որ Երեւանի բոլոր վարչական շրջաններում շենքերի, մուտքերի եւ վերելակների ախտահանման աշխատանքներ են տարվում, որ մուտքերի ախտահանման համար ձեռք է բերվել 500 կգ ախտահանիչ նյութ, որը տրամադրվել է կառավարման մարմիններին, սակայն բոլորը գիտեն, որ կանոնավոր ախտահանում մեզանում չի արվում: Քլոր է պետք դրա համար: Քլորն ամենաէժան ախտահանիչն է, որը կորոնավիրուսի համավարակի պայմաններում դարձավ աշխարհում ամենապահանջված ապրանքներից մեկը: 
Նույնիսկ դեղանյութը, որն այսօր փորձարկում են Ֆրանսիայի ու Չինաստանի գիտնականները, փորձելով ստանալ միջոց կորոնավիրուսի դեմ՝ քլորոխինը, հիմնված է քլորի վրա: Քլորն այն արտադրատեսակն է, որը մեր «Նաիրիտը» ժամանակին արտադրում էր:

Այսօր քլորի արտադրամասն ավերված է, ինչպեսեւ մեր քիմիական գիգանտ «Նաիրիտը»: Դեռ երկու տարի առաջ, Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք, գործարանի նախկին աշխատակիցների ամենաակտիվ եւ պրոֆեսիոնալ խումբը բանակցություններ էր սկսել կառավարության, էկոնոմիկայի նախարարության հետ: Երկու տարի առաջ արդեն հաջողվել էր համոզել կառավարությանը, որ խումբը մտնի գործարան, սնանկության կառավարչից փրկի առավել արժեքավոր սարքավորումները, որոնք հնարավոր էր օգտագործել, կային մի քանի ներդրումային առաջարկներ, սակայն անլուրջ, անհեռատես մոտեցումների, ձգձգումների, կարեւորը երկրորդականից չտարբերելու արդյունքում նաիրիտցիների ջանքերը ձախողվեցին: «Եթե այն ժամանակ՝ 1 տարի, 8 ամիս առաջ թողնեին, որ մենք մտնեինք գործարան ու աշխատեցնեիք, մենք այսօր Հայաստանում չէինք ունենա քլորի խնդիր»,- ասում է «Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը, որը ղեկավարում է համակարգող խումբը: 

Նա վստահեցնում է, որ հիմա արագացված ձեւով քլոր արտադրել «Նաիրիտը» չի կարող: «Դրա համար 30-40 մլն դոլար է պետք: Հիմա քննարկվում էր վերագործարկման ծրագիրը, էս կորոնավիրուսը մեջ ընկավ: Այդ քննարկման թեմաներից էր այն, որ առաջին հերթին սկսենք քլոր արտադրելով, հետո անցնենք մյուսներին, բայց դա, կրկնում եմ, ժամանակ պահանջող հարց է արդեն: Քիչ արտադրելը տնտեսապես ձեռնտու չէ, իսկ շատ արտադրելու դեպքում պետք է նաեւ արտահանում կազմակերպել, քանի որ քլորը պայթյունավտանգ է, այն պահելը բարդ է, արտահոսքը վտանգավոր է: Այն ժամանակ արտադրված քլորը գնում էր անմիջապես կաուչուկի վրա, ու եթե դու ուզում ես քլոր արտադրես, դրա հետ կաուչուկ էլ պետք է արտադրվի։ Կաուչուկը միանգամից կլանում ու չեզոքացնում է այն»,- ասում է  Կարեն Իսրայելյանը: 

Նա նաեւ նկարագրեց, թե ինչպես էր առաջ արտադրվում քլորը: «Աղի հանքից աղաջուրը խողովակով գալիս էր գործարան, «Նաիրիտն» աղի իր հորերն ուներ, լցվում էր այդ հորերը, էլեկտրոլիզ էինք անում, որի ընթացքում ստանում էինք քլոր ու կաուստիկ սոդա: Հիմա այդ նույն բանն է պետք՝ աղաջուրը բերվի, էլեկտրոլիզ արվի, բայց աղաջրի խողովակը գոյություն չունի, փտել է, թափել են արդեն: Աղաջրի նոր գիծ պետք է քաշեն քլորի համար, գծագիրն ունենք, Սովետաշենի ճանապարհով նոր գիծ ենք բերում, բայց որ այս պահին արագացված արվի մի բան, հնարավոր չէ: Դա կպահանջի մեկ-երկու տարի»,- ասում է «Նաիրիտի» նախկին տնօրենը: 
Վերջին անգամ Հայաստանը քլոր է արտադրել 2010-ի փետրվարին: