Հայաստանը դարձել է Ռուսաստանի հավելված

Հայաստանը դարձել է Ռուսաստանի հավելված

Երեկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել եւ, ըստ հայկական կողմի տարածած հաղորդագրության, քննարկել են գազի մատակարարման հարցը: Ասվում է. «Տեղեկատվություն են փոխանակել Covid-19 համաճարակի դեմ պայքարի ուղղությամբ տարվող քայլերի մասին: Նշվել է, որ երկու երկրներում էլ իրավիճակն այդ առումով լիովին վերահսկելի է»: 

Բայց արդյոք երկու երկրների ղեկավարները խոսե՞լ են գազի գինը չբարձրացնելու մասին, արդյոք կորոնավիրուսի իրավիճակի հետ կապված՝ ՌԴ-ն կօգնի՞, որ ՌԴ-ից Հայաստան վերադառնալ ցանկացող մոտ 6 հազար քաղաքացիները տուն հասնեն, արդյոք չի՞ թանկանա ՌԴ-ից Հայաստան ներմուծվող սննդամթերքը: Պաշտոնական հաղորդագրությունից ոչինչ չի հասկացվում: Հակառակը, այդ հաղորդագրությունը կարդալուց թվում է, թե ՀՀ-ի ու ՌԴ-ի միջեւ ոչ մի հարց չկա: Ոչինչ, որ Վերին Լարսի անցակետում, չնայած վիճակը բարելավելու ավելի վաղ արված պաշտոնական հավաստիացումներին, ՌԴ մաքսային ծառայությունները վատ են վերաբերվում Հայաստան եկող եւ դեպի Ռուսաստան ուղեւորվող բեռնատարների հետ, եւ երեկ հայտնի դարձավ, որ «Սպայկա» ընկերության՝ Ռուսաստան գնացող տոննաներով բանջարեղենը հենց մեքենաների մեջ ամբողջովին փչացել է: Ոչինչ, որ մեր մեքենաների մաքսային ձեւակերպումները տեւում են մեկ-երկու օր: Ոչինչ, որ Հայաստանի քաղաքացիները մնացել են ՌԴ ճամփեքին ու չեն կարողանում վերադառնալ, որովհետեւ ցամաքային ճանապարհները փակ են, իսկ միջազգային թռիչքները ՌԴ-ն արգելել է: Ոչինչ, որ գազը Հայաստանի համար ամենաքիչը թանկանալու է առնվազն 11 տոկոսով, այն պարագայում, որ աշխարհում էներգակիրների գներն անկում են ապրում:

Կարեւորը տպավորությունն է, թե ամեն ինչ լավ է. «Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ռուսական կողմին՝ Հայաստանից Ռուսաստան բեռնափոխադրումների անխափան իրականացումն ապահովելու ուղղությամբ ձեռնարկած քայլերի եւ «Ռոսպոտրեբնադզորի» հետ արդյունավետ համագործակցության համար»: 

Ավելի ուշ, քաղաքացիների հարցերին ուղիղ եթերում պատասխանելիս, «Գազպրոմ Արմենիայի» գազի գնի հայտի վերաբերյալ Փաշինյանը տեղեկացրեց. «Հաշվի առնելով ճգնաժամային իրավիճակը, ՌԴ նախագահի հետ մենք կկարողանանք այդ թեման քննարկել եւ կգանք ընդնհանուր հայտարարի: ՌԴ նախագահը կմիջամտի այս պրոցեսին, որպեսզի կարողանանք «Գազպրոմ Արմենիայի» ներկայացրած հայտի հետ կապված որոշումներ կայացնել, որովհետեւ իսկապես մեր հանրության եւ կառավարության կողմից չի ընկալվում, որ այսպիսի ճգնաժամային իրավիճակում կարելի է այդպիսի որոշում կայացնել» Վարչապետը նաեւ հայտնեց, որ կրկնել է առաջարկը, որ գազը գնենք ոչ թե դոլարով, այլ ռուբլով: «Մեր առաջարկը եղել է, որ մենք ռուբլով վճարենք գազի դիմաց, որովհետեւ դա ավելի տրամաբանական է նաեւ ԵԱՏՄ համատեքստում», - ասաց վարչապետը:

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը գտնում է, որ իրականում ՌԴ-ի հետ հարաբերությունները Ռուսաստանի համար լավ են, մեզ համար՝ շատ վատ:

«Հիմնական խնդիրն այն է,- ասում է քաղաքագետը,- որ մենք կորցրել ենք մյուս միջազգային գործընկերների հետ հարաբերությունները։ Առաջ, երբ Ռուսաստանի հետ որեւէ խնդիր էր լինում՝ քաղաքական կամ տնտեսական, անգամ անվտանգային, մենք կարող էինք բանակցել ԱՄՆ-ի, ԵՄ-ի, նույնիսկ՝ Իրանի հետ: Հիմա այս երկրները Հայաստանին լուրջ չեն ընդունում, չեն դիտարկում որպես գործընկեր, եւ մենք, ստիպված, բոլոր հարցերով ընկել ենք Ռուսաստանից կախվածության մեջ։ Մոսկվայի հետ հարաբերությունները շատ հեռու են հավասարազորից, մենք պարզապես կատարում ենք Ռուսաստանի ցուցումները»։ Հիմա մենք չենք կարող բանակցել այլ երկրների հետ, որովհետեւ ԵԱՏՄ կարգավորումները թույլ չե՞ն տալիս: Մեր հարցին քաղաքագետը պատասխանեց. «ԵԱՏՄ կարգավորումները կապ չունեն։ Քաղաքական հարցերում նրանք մեծ արգելքներ չեն դնում, անգամ տնտեսականում ենք ունեցել լուրջ հարաբերություններ ու պայմանագրեր մյուսների հետ։ Խնդիրը Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունն է, ով, ցանկանալով ավելի անկախ լինել, իրականում իր չհաշվարկված քայլերով Հայաստանը դարձրեց Ռուսաստանի հավելված»։