Գազի սակագինը կարող է նույնը մնալ «Գազպրոմ Արմենիայի» շահութաբերությունը 2 անգամ իջեցնելու հաշվին   

Գազի սակագինը կարող է նույնը մնալ «Գազպրոմ Արմենիայի» շահութաբերությունը 2 անգամ իջեցնելու հաշվին    

«Հրապարակի» հարցազրույցը  Ռուս-հայկական սլավոնական համալսարանի պրոֆեսոր Վահե Դավթյանի հետ․ 

-Պարոն Դավթյան, կա 3 հայտարարություն՝ վարչապետի, փոխվարչապետ՝ Մհեր Գրիգորյանի և խոսնակ Արման Եղոյանի, որ գազը չի թանկանա սպառողների համար՝ չնայած սահմանին 15 դոլարով բարձրացմանը և որ  սպառողի համար գազի սակագինը չի բարձրանա «Գազպրոմ Արմենիայի» ծախսերի արդյունավետության բարձրացման հաշվին։ Որպես փորձագետ՝ ի՞նչ հնարավոր սցենարներ եք տեսնում և ինչի՞ հաշվին։ Այսինքն՝ դա արդյոք չի՞ նշանակում, որ էլի սպառողից է գնալու, ուղղակի,  այս  գրպանից չէ, այն գրպանից։

-Նման մտավախությունների համար այսօր օբյեկտիվ  նախադրյալներ չունենք, կարող ենք ասել, որ 2019 թվականին սահմանին գազի սակագնի բարձրացումը չի բերելու որևիցե սոցիալ-տնտեսական ճգնաժամի՝ բնակչության և տնտեսվարողների համար։ Ինչո՞ւ եմ նման բան հայտարարում, երբ խոսքը  «Գազպրոմ Արմենիայի» միջոցների հաշվին կորուստների վերահսկման քաղաքականության բարելավման հաշվին երկրի ներսում սակագները պահպանելու տարբերակի մասին է, այստեղ, նախևառաջ, պետք է հաշվի առնենք 2 հիմնական տարբերակ։ Մասնավորապես, թե ինչի հաշվին դա կարելի է անել։ Նախ, խոսքը  «Գազպրոմ Արմենիայի» շահութաբերության մասին է։ Տեսեք՝ 2013թ․ դեկտեմբերի հայտնի գազային պայմանագրով նախատեսված է, որ  «Գազպրոմ Արմենիա»  ընկերությունը պարտավորվում է տարեկան 9 տոկոս շահութաբերություն ապահովել։ Սա բավականին բարձր, բարդ համարվող ցուցանիշ է՝ հաշվի առնելով այն բացասական դինամիկան, որն առկա է այսօր՝ երկրի ներսում գազի սպառման ոլորտում։

Այսինքն՝ սպառումը ցածր է, շահութաբերության ցուցանիշը բարձր է դրված․ ընկերության բիզնես-մոդելը ոչ այնքան բարենապաստ է։ Հետևրաբար, բարձր սակագին պահպանելով է  «Գազպրոմ»-ն ապահովում իր համապատասխան մարժինալությունը։ Եվ, կարծում եմ, որ այսօր բանակցությունների հիմքում պետք է ընկած լինի հենց այդ դրույթի վերանայումը, ըստ որի,  «Գազպրոմը» պարտավորովում է տարեկան 9 տոկոս շահութաբերություն ապահովել։ Սա մեկ և երկրորդ՝ արդեն իսկ ունենք որոշակի ազդակներ Մոսկվայից, համաձայն որոնց՝  «Գազպրոմը»,, թերևս, 2019-2020 թթ․ համար կվերանայի իր ներդրումային ծրագիրը Հայաստանում։ Այսինքն՝ կսահմանափակի մոդեռնիզացիոն-ենթակառուցվածքային  ծրագրերը։

-Բայց չէ՞ որ շուրջ 95 տոկոսով արել է այս տարիներին։

-Խոսքն ընթացիկ ներդրումների մասին է։ Ճիշտ է՝ 2019 թվականի ծրագիրն արդեն հաստատվել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի  կողմից, բայց,այնուամենայնիվ, այդ բանակցությունների 2-րդ փուլը, որը հիմա  ընթանում է, ընթանում է հենց այդ տեխնիկական հարցերի շուրջ։ Առաջինը՝ շահութաբերություն, երկրորդը՝ ներդրումային ծրագիր։ 2 դեպքում էլ մենք տեսնելու ենք, որ  «Գազպրոմի» ներքին ռեսուրսների հաշվին է կոմպենսացվելու այն սակագնային աճը, որն արձագրեցինք։ 

-Կոպիտ ասած՝  «Գազպրոմ»-ի գրպանի՞ց է գնալու։

-Եթե շատ կոպիտ ասած՝ այո, հենց այդպես էլ լինելու է, ինչ վերաբերում է սուբսիդավորմանը կամ ինչ-որ հարկատեսակներից ազատմանը, որի մասին պարբերաբար խոսվում է, ապա դրա մասին պնդելու որևէ նախադրյալ չունենք։ Իհարկե, ոչինչ բացառել պետք չէ, բայց երբ վերլուծում ենք իրավիճակը, պետք է հիմնվենք այն օբյեկտիվ բաների վրա, որոնք առկա են։ Իսկ փորձը ցույց է տալիս, որ նմանատիպ քաղաքականությունը հիմանականում իրականացվել է 2011-2013 թթ․, երբ, եթե հիշում եք, գազի սակագինը բարձրացավ մինչև 180 դոլարի, այնուհետև՝ մինչև 189, սակայն այն ժամանակ սակագինը սպառողի համար մնաց նույնը։ Արդյունքում՝ երկրում ձևավորվեց գազատրանսպորտային համակարգի ձևավորված 300 միլիոն դոլար պարտք, որը մարելու համար «Հայ-Ռուսգազարդ» ընկերության՝ Հայաստանի Հանրապետությանը պատկանող վերջին 20 տոկոս բաժնեմասը վաճառվեց «Գազպրոմին», և այն արդեն դարձավ 100 տոկոսանոց դուստր ընկերություն։ Ես չեմ բացառում, որ նման մոդել հնարավոր է կրկնվի, եթե  հիմա կառավարությունը համապատասխան քայլեր չձեռնարկի և չվերանայի այն առաջին դրույթը, որի մասին ես խոսեցի։

-Սակայն, եթե այս տարբերակը չլինի, մենք հիմա ի՞՞նչ ունենք վաճառելու։

-Խոսքը գազատրանսպորտային հզորությունների  փոխանցման մասին չէ, դրանք ամբողջությամբ «Գազպրոմինն» են, բայց կան էներգետիկ այլ ենթակառուցվածքներ, որոնք գտնվում են ՀՀ հաշվեկշռին։

-Այսինքն՝ սա պետք է արվի, որ պարտք չկուտակե՞նք։

-Սա արդեն ավանդական դարձած «գույք պարտքի» դիմաց մոդելն է, որը 2000-ականներից մենք կյանքի ենք կոչում։ Ընդհանուր առմամբ, այս խնդիրը 15-17 տարի է շարունակվում է։ Պարբերաբար, եթե մենք տեսնենք՝ սակագնային աճը սահմանին  փորձել ենք սահմանափակել ինչ-ինչ օբյեկտներ՝   սահմանին թանկացած գազի գնի պատճառով  փոխանցելով։ 

-Հետո ինչ ենք անելու, ուզու՞մ եմ հասկանալ։ Չկա՞ լուծման քաղաքական տարբերակ։

-Ուրեմն՝ հեծանիվ հորինել այստեղ պետք չէ։ 2013 2014թթ․ Հայաստանն իրականացրել էր Հայաստանի էներգետիկայի հեռանկարային զարգացման ծրագիր՝ մինչև 2036 թվական, այնտեղ առկա է մի շատ հետաքրքիր կետ, համաձայն որի՝ ՀՀի էներգագեներացման ոլորտում ջերմաէլեկտրակայանների տեսակարար կշիռը, իսկ դրանք գիտեք, որ գազով են աշխատում, իջեցվի 40-42 տոկոսից մինչև 18 -ի։ Նախևառաջ, միջուկային էներգետիկայի, այսինքն՝ ատոմակայանի և հիդրոէներգետիկայի զարգացման հաշվին։ Այսինքն՝  վարվի այնպիսի էներգետիկ քաղաքականություն, որն արդյունքում կբերի բնական գազի տեսակարար կշռի նվազեցմանը երկրի էներգագեներացման մեջ։ Կարծում եմ՝ նորից պետք է վերադառնանք այս մոդելին, չնայած, նախորդ իշխանությունները, երբ 2016-ին ձևավորեցին էներգետիկ զարգացման նոր ծրագիր, դա մոռացության մատնեցին՝ տեղ տալով, հիմնականում, վերականգնվող էներգետիկայի զարգացման ծրագրերին, բայց կարծում եմ, որ հենց այդպիսի քաղաքականություն, որը հիմնված կլինի 2 հենասյուների վրա՝ միջուկային և հիդրոէներգետիկա,  կարող են նվազեցնել մեր կախվածությունն արտաքին աշխարհից, մասնավորապես, Ռուսաստանից ներկրվող բնական գազից։ Սա է միակ քաղաքական և, թերևս, կարելի է ասել՝ աշխարհատնտեսական լուծումը։