Ինչու է աշակերտը դիմել այդ քայլին․մանրամասներ Հրազդանի դպրոցում տեղի ունեցած դեպքից

Ինչու է աշակերտը դիմել այդ քայլին․մանրամասներ Հրազդանի դպրոցում տեղի ունեցած դեպքից

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն է տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

Երեխաները տեղափոխվել են Հրազդանի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության բաժանմունք։

«Հրապարակի» տեղեկություններով՝ անհայտ գազ օգտագործած աշակերտը պարզաբանել է, որ դասարանի տղաների հետ խնդիրներ ունի։ Ըստ երեխաների՝ այդ աշակերտը միշտ ցուցաբերել է տարօրինակ վարք, տարբերվել է իր արտաքինով, հագուկապով, թեւնոցներ ու դիմակ է կրել: Դպրոցում շշուկներ են շրջանառվել, որ նա հարում է էմոյական շարժմանը։ 

Ուսուցիչները սկզբում լուրջ չեն վերաբերվել, երբ նա այդ սրվակը օգտագործել է՝ մտածելով, թե օծանելիք է։ Սակայն, կարճ ժամանակ անց, երբ նկատել են, որ աշակերտների ինքնազգացողությունը վատացել է, անմիջապես զանգահարել են շտապօգնություն։  

Դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 171-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (առողջությանը թեթեւ վնաս պատճառելը):

Նշենք, որ այս հոդվածով պատիժ է սահմանվում մինչև 1 տարի ազատազրկումը, ինչը անչափահասների դեպքում կիրառելի չէ: