Քաղաքական դաշտում մեռած վիճակ է

Քաղաքական դաշտում մեռած վիճակ է

40 օրից ավելի է Ադրբեջանը բնապահպանների անվան տակ փակել է Լաչինի միջանցքը, և այն բացելու որևէ ռեալ ճանապարհ դեռևս չի նշմարվում, չնայած սփյուռքահայության մեծ ջանքերին ու բազմաթիվ երկրների և միջազգային կառույցների հորդորներին ու բարոյախրատական առաջարկություններին, որոնք իրենց մեջ իրական ցավ չեն պարունակում՝ 120 հազարանոց արցախահայության վիճակի փրկության առումով: Եվ ձմռան պայմաններում, երբ այս իրավիճակը շարունակվելու դեպքում Արցախի ողջ բնակչությունը բառացիորեն կարող է կոտորվել, ընդամենը ձեւական հայտարարություններ, տարաբնույթ կառավարական նիստեր անել, դիմել միջազգային դատական ատյաններին, հաշվի  չառնելով, որ ժողովուրդն այդ վիճակում չի կարող անվերջ գոյատևել: 

Իհարկե, սա շատ նման է արցախյան վերջին պատերազմի ժամանակ որդեգրված մարտավարությանը, որի ընթացքում ականատես եղանք, թե ինչպես այդ երկրները «ցավ» ապրեցին, բայց ոչինչ չարեցին: Համոզված եմ, որ այս պարագայում ևս որևէ մեկը որևէ պատասխանատվության չի ենթարկվելու և ընդամենը ցավակցական աղոթքներ կհնչեն` անգամ եթե ունենանք Հայոց 3-րդ եղեռնը: Ու այս ամենն այն դեպքում, երբ Հայոց Մեծ եղեռնից հետո՝ մինչ այսօր, այդ նույն երկրներն ու կառույցները շարունակ խոսում են այն մասին, որ պետք է ամեն կերպ կանխարգելել ցանկացած ժողովրդի հանդեպ նախաձեռնվող ցեղասպանությունները: Բայց դրանք այլ ինչ են, քան աշխարհի կողմից արվող դատարկ հայտարարություններ: 

Սա նշանակում է. պետք է ողջ հայությունը՝ սփյուռք, Հայաստան, Արցախ, ամեն ինչ անեն Լաչինի միջանցքը րոպե առաջ բացելու համար: 40 և ավելի օրերին տեղի ունեցածը պարզ վկայում է, որ եթե այդ ուղղությամբ ռեալ քայլ կա անելու, ապա դա կարող է անել միայն հայությունը, այլապես մենք ականատես կլինենք 120 հազարանոց բնակչության կոտորածին: Սա է դառը իրողությունը, որից վայրկյան առաջ պետք է ձերբազատվել ...

Հիմա տեսնենք, թե այս ծայրահեղ էքստրեմալ ու վտանգավոր իրավիճակում ինչ է անում իշխանությունը, ընդդիմությունը, այլ քաղաքական ուժեր և առհասարակ՝ հայ ժողովրդը: Գուցե սխալվեմ, բայց կարծում եմ, որ և իշխանությունը, և ընդդիմությունը, ինչպես նաև հայության ճնշող մեծամասնությունն իրավիճակի հույժ կարևորությունը ճիշտ չեն ընկալում և գրասենյակային՝ տեսական վերլուծություններից զատ կամ չեն ցանկանում, կամ չեն կարողանում ռեալ քայլեր իրականացնել: Սա վկայում է քաղաքական դաշտի լիովին մահացած վիճակի մասին:

Տպավորություն է ստեղծվում, որ և իշխանությունը, և ընդդիմությունն այս հույժ կարևոր հարցում միանման մարտավարություն են ընտրել՝ որոշ տարբերություններով. իշխանությունները բարձրաձայն հայտարարում են, որ իրենք ձեռք են քաշում այս հարցից` հարցի լուծումը թողնելով Արցախի վրա, իսկ ընդդիմությունը շարունակում է դիմել իշխանություններին՝ նրանցից պահանջելով լուծել այս կնճռոտ հարցը, քանզի հասկանալի է, որ դա առաջին հերթին իշխանության սուրբ պարտքն է: Միևնույն է, մի բան ակնհայտ է, որ ընդդիմության քայլերը ևս անարդյունավետ են: Իսկ բարոյականությունն այս դեպքում նրանց մի քայլ է միայն թողնում. հրաժարվել իրենց զբաղեցրած պաշտոններից ու դիրքերից ...

Անկեղծ ասած, չեմ կարծում, որ սա անլուծելի խնդիր է, ուղղակի պետք է ազդեցիկ երկրների, միջազգային կառույցների հետ հանդիպումներով՝ օգտագործել նաև անձնական կապերը, այլ խոսքով՝ ոչնչի առջև կանգ չառնելով, հնարավորն ու անհնարինն անել, քանզի պաշտոնական խողովակներով հնարավոր չի լինում անգամ մոտենալ հարցի լուծմանը: Եթե իշխանությունն ու ընդդիմությունը եկել են այն եզրակացության, որ ոչ մի ռեալ լուծում չկա եւ այս իրավիճակից փրկության ելք չեն տեսնում, ապա գոնե պետք է բարի լինեն Արցախի բնակչությունից չթաքցնել իրավիճակի բարդությունը և պարզ ասել, որ մնացել է ընդամենը մեկ ելք` փորձեք ամեն մեկդ ձեր գլխի ճարը տեսնել: Եւ միակ ելքը կմնա կոլեկտիվ կամ անհատական փրկության քայլերի ձեռնարկումը: Իհարկե, եթե այդ նույն բանը 40 օր առաջ ասվեր արցախցիներին, ապա նրանք գոնե այսքան օր չէին կորցնի`ժամանակ կունենային այդ մասին մտածելու, քանզի նման իրավիճակում ժամանակի գործոնն ամենաորորոշիչն է: Այլ խոսքով, առաջին օրվանից սկսած Արցախի ժողովուրդը հույսը կդներ միայն իր, այլ ոչ թե ՀՀ իշխանությունների վրա և կսկսեր այդ իրավիճակից դուրս գալու ելքերի որոնումը ...

Թող Տերն օգնական լինի Արցախի ժողովրդին ...          

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ