Ինչու են ադրբեջանցիները վերականգնել գազամատակարարումը

Ինչու են ադրբեջանցիները վերականգնել գազամատակարարումը

Մենք երեկ գրել էինք, որ Արցախի ճանապարհի բացման ուղղությամբ ընթացող բանակցությունները ձախողվել են եւ ադրբեջանցիները չեն համաձայնել հայկական կողմի առաջարկներին։ Իսկ հայկական կողմն առաջարկել էր բացել ճանապարհը եւ վերականգնել գազամատակարարումը, որից հետո իրենց «բնապահպաններին» թույլ կտան մտնել Դրմբոնի ու Կաշենի հանքեր։ Ադբեջանցիները պահանջել են հակառակ հաջորդականություն՝ սկզբում թույլ տան գնան հանքեր, հետո իրենք կբացեն ճանապարհը։ Եւ ռուս խաղաղապահների միջնորդությամբ ընթացող բանակցությունները տապալվել են։

Այսօր առավոտյան տեղեկացանք, որ Արցախին գազի մատակարարումը վերականգնվել է։ Հաղորդեցին, որ դա արվել է առանց նախապայմանների։

Մեր աղբյուրները մանրամասներ են հաղորդում իրավիճակից։ Իսկապես՝ բանակցություններն ավարտվել են անարդյունք եւ գազամատակարարումը վերականգնվել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։ Սակայն բանն այն է, որ այստեղ եւս ադրբեջանական կողմն իր շահերից ելնելով է նման որոշում կայացրել։ 

Բանն այն է, որ գազի բացակայության պարագայում Արցախը ստիպված է ամբողջ հզորությամբ աշխատեցնել Սարսանգի ՀԷԿ-ը, որպեսզի էլեկտրաէներգիա ստանա եւ արտադրված լրացուցիչ հոսանքով փակի գազի բացը։ Դա նշանակում է, որ ամռանը ՀԷԿ-ը չի աշխատելու իր սովորական հզորությամբ։ Իսկ ՀԷԿ-ի օգտագործած ամբողջ ջուրը գնում է Ադրբեջան եւ հարակից տարածքներում հենց Արցախից գնացող այդ ջուրն են օգտագործում ոռոգման եւ այլ նպատակներով։ 

Մեզ պատմեցին, որ բանակցությունները տապալվելու ժամանակ հայկական կողմը հայտարարել է՝ ոչինչ, մի բացեք, մենք հիմա մի քիչ կմրսենք, բայց դուք փոխարենը ամռանը ջուր չեք ունենա։ Թերեւս սա դեր է խաղացել: Հավանաբար նաեւ միջազգային ճնշումն է որոշակի դեր խաղացել եւ ադրբեջանցիները որոշել են գազի մատակարարումը վերականգնել։ Սակայն մեզ ասացին, որ ճանապարհը բացելու մասին առայժմ խոսք չի գնում եւ Ռուբեն Վարդանյանի հայտարարությունը՝ մոտալուտ բացման մասին, մի կողմից իր ցանկությունների բարձրաձայնումն է, մյուս կողմից՝ հոգեբանական ճնշման միջոց։