Շուտափույթ դադարեցրեք՝ փիս կսովորեն, հետո Բաքվի փողոցներն ու ճամփեքը կփակեն

Շուտափույթ դադարեցրեք՝ փիս կսովորեն, հետո Բաքվի փողոցներն ու ճամփեքը կփակեն

Մի բան չեղավ, որ հակառակ ծայրից նրանք մեզ չկրկնեն...
1988-ի Ստեփանակերտի ցույցերի սկզբում ադրբեջանցիներ էլ էին մասնակցում, նրանք էլ էին ուզում միանալ Հայաստանին: Հետո կենտրոնից հասկացրին, թե դուք ինչի եք մասնակցում, այ «խելոքներ»: Սրանք, իրենց երեւակայության համաձայն, էս ադրբեջանցի ցուցարարների միջոցով էնպիսի մի խուճապ տարածեցին, որ շատերը մինչեւ Կիրովաբադ փախան: Հետո սովորեցին ցույցանման բաներ անել: 

Իրենց մոտ, սակայն, առանց արյունի բան չի ստացվում: Ադրբեջանցի մի կին գլխի կարմիր լաչակը (գլխաշորը) ցուցադրաբար դեն նետեց, որը նշան էր, թե արյուն է պետք... Ու այդ արյունն էլ սարքեցին: 

Կենտրոնի դատախազը գործ հարուցեց, ու սկսվեց «Մի կաթիլ մեղրի» դաժան պատմությունը... Մենք գործադուլ արեցինք, իրենք սումգայիթ սարքեցին, մենք հացադուլ արեցինք, իրենք՝ բաքու ու կիրովաբադ սարքեցին:

Դեռ խորհրդային շրջանում մենք «Մխիթար Սպարապետ» էկրանավորեցինք, իրենք՝ «Բաբեկ» նկարահանեցին: Վիպասան գրողը այդ հետո պիտի գրեր, որ Բաբեկը ճամփա կտրող, թալանչի ավազակ է եղել...

Մենք միջազգային քաղաքական ատյաններին դիմեցինք, իրենք էլ դիմեցին:

Մենք միջազգային դատարաններին դիմեցինք, իրենք էլ  խավիարով դիմեցին: 

Մենք Քարվաճառն առանց կռվի զիջեցինք, ստրատեգիական բոլոր կետերը տվեցինք, նրանք գազատարն անջատեցին: Ասացին․ հային՝ փողը, մեզ՝ հողը:
Նրանց ինչքան զիջում ես, տասն անգամ առաջ են գալիս: Նրանք հեռուն, անդին են նայում։

Մենք խաղաղ ճամփա փակեցինք, սրանք տարիներ անց դա էլ սովորեցին։ Հիմա 120 հազար մարդու, կանանց ու երեխաների ճամփա են փակել:

Մեր ժողովուրդը տառապում է, իսկ իրենք սովորում են... 
Էն էլ ասեմ, որ հայկական առածն ասում է. «Խորամանկ աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում»:

Էս վերջին սովորած ճամփա փակելը շատ է վտանգավոր, հիմա վախենամ՝ գլխներին գա:
Ալիեւին խորհուրդ եմ տալիս՝ ճամփա փակելը շուտափույթ դադարեցնի, թե չէ՝ փիս կսովորեն... Իսկ եթե հիմնավոր սովորեն, էս անգամ արդեն Բաքվի փողոցներն ու ճամփեքն էլ կփակեն: Դուշմանիս անգամ դա չեմ ցանկանա...

Ռոբերտ Մաթոսյան