Թուրքը մնում է թուրք

Թուրքը մնում է թուրք

ՀՀ վարչապետի պաշտոնին կառչած անձը մեկ-երկու օր առաջ ասում էր, որ չի վիրավորվում, երբ իրեն թուրք են անվանում: Այդ ժամանակ ադրբեջանցի անվանյալ թուրքերն արդեն փակել էին Արցախի կյանքի ճանապարհը: Իսկ դրա հաջորդ օրն էլ փակել էին գազատար խողովակը: Ուզում եմ հատուկ նրա համար մեկ-երկու օրինակով ներկայացնել, թե ինչպիսին են թուրքերը: Դրանից հետո թող ինքը մտածի՝ հնարավո՞ր է, արդյոք, չվիրավորվել, երբ որեւէ մեկին թուրք են անվանում:

Այսպես, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունից իմանում ենք, որ Լաչինի ճանապարհը փակել են ոչ թե ադրբեջանցի ցուցարարները, այլ ՌԴ խաղաղապահ զորախումբը: Եվ, բնականաբար, հայկական կողմի պնդումներն այդ առումով հիմնազուրկ են: Կարծում եմ, յուրաքանչյուր բանական եւ որոշ չափով գրագետ արարածի համար դժվար է պատկերացնելը, որ ԱԳՆ-ի նման լուրջ կառույցը կարող է նման անհեթեթություն հայտարարել, բայց դա իրականություն է:

Անցնենք առաջ: Նույն հայտարարության մեջ ծանուցվում է, որ ադրբեջանական կողմը պատրաստ է բավարարել իր տարածքում բնակվող հայերի մարդասիրական կարիքները: Այսինքն, ըստ ադրբեջանական մտածողության, 120 հազար մարդու կյանքի ճանապարհն ու գազամատակարարումը կտրելը նշանակում է մարդասիրական կարիքների բավարարման պատրաստակամություն: Կուզեի, որ Աստված նույնպիսի վերաբերմունքի արժանացներ տասն անգամ ավելի շատ ադրբեջանցիների, հատկապես՝ այդ երկրի ղեկավար կազմին: Որպեսզի դրանք իմանային իրականության եւ իրենց պաշտոնական հայտարարության տարբերությունը: Հիշենք, որ ադրբեջանցին նույն թուրքն է՝ համարյա նույն լեզվով եւ նույն մտածողությամբ, իսկ Շուշիի հռչակագրից հետո՝ նաեւ անվտանգության միասնական համակարգով: 

Անցնենք Թուրքիայի ԱԳՆ-ին: ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ «Հայաստանը պետք է անկեղծությամբ պատասխանի Ադրբեջանի եւ Թուրքիայի անկեղծ մոտեցմանը»: Թե որն է Ադրբեջանի «անկեղծ մոտեցումը» վերջին իրադարձությունների առումով՝ իմացանք. դա ձմռան պահին 120 հազար մարդու կյանքի ճանապարհն ու գազամատակարարումը փակելն է: Դե, իսկ Թուրքիայի «անկեղծ մոտեցումն» էլ, բնականաբար, պետք է լիներ բոլոր միջոցներով եղբայրակից ագրեսորին աջակցելը: Ինչը եւ այդ պետությունը կատարում է, համենայնդեպս, 2020 թվականի աշնանից այս կողմ: Թե՛ Թուրքիայի եւ թե՛ Ադրբեջանի «անկեղծ մոտեցման» հրաշալի վկայություն է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մեջ Հայաստանին մեղադրելը: Հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանն է ամեն պահի խախտում այդ հայտարարության դրույթները: Ինչն ամբողջովին համապատասխանում է «Այիբս կդնեմ քո վզին՝ դու կմղկտաս» թուրքական առածին: 

Հասկանալի է, որ մենք չենք կարող նոր հայրենիք գտնել մեզ համար: Մի անգամ նման փորձ կատարվեց միջնադարում (Կիլիկյան Հայաստանը) եւ տապալվեց: Ինչը նշանակում է, որ պետք է մաքառենք այս հողակտորի համար: Մաքառենք, քանի որ թուրքին ու ադրբեջանցուն էլ այլ հարեւաններով չենք կարող փոխարինել: Մաքառենք այնքան, մինչեւ պետականորեն վերագտնենք մեր արժանապատվությունն ու հզորացնենք մեր հայրենիքը: Միայն այդ դեպքում ադրբեջանական ու թուրքական ԱԳՆ-ները մեզ չեն արհամարհի, այլ ստիպված կլինեն հարգել: Ճիշտ այնպես, ինչպես ստիպված են հարգել Հայաստանից տարածքով ավելի փոքր Իսրայել պետությունը:

Ի դեպ, այն պետությանը, որն այսօր կանգնած է Ադրբեջանի կողքին: Իսկ որպեսզի վերագտնենք մեր արժանապատվությունը, մեզ անհրաժեշտ է, նախ, վարչապետի պաշտոնից հեռացնել այն անձին, ով ցանկություն չունի ինքնակամ հրաժարական ներկայացնել: Իսկ այնուհետեւ այնպես կազմակերպենք մեր պետական համակարգը եւ այն համալրենք այնպիսի մասնագետներով, որոնց համար սեփական պետությանն ու քաղաքացիներին ծառայելը տեղի կունենա իրական եւ ոչ թե ընդամենը խոսքի մակարդակում: Դա այն նվազագույնն է, որ մեր պետության յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է անել: