Ոչ թե սահմանադրական բարեփոխումների, այլ Ադրբեջանի պահանջների բավարարման խորհուրդ

Ոչ թե սահմանադրական բարեփոխումների, այլ Ադրբեջանի պահանջների բավարարման խորհուրդ

Նոյեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանի ստեղծած Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, իբրեւ թե, քվեարկությամբ որոշել էր, որ նախատեսվող սահմանադրական փոփոխություններով կառավարման մոդելի փոփոխություն տեղի չի ունենալու: Խորհրդի անդամները պնդում են, որ մինչեւ տարեվերջ, այդպես կոչված, նոր Սահմանադրության նախագիծը պատրաստ կլինի, եւ հնարավոր է հաջորդ տարեսկզբին այն դրվի քվեարկության: Եթե սկզբում տպավորություն կար, որ այս խորհուրդը քնեցնում է սահմանադրական փոփոխությունները, ապա հիմա՝ հակառակը․ տեսանելի է, որ ամեն ինչ արվելու է շատ արագ, նույնիսկ հապճեպ՝ այն անցկացնելու համար: Եթե կառավարման մոդելը չի փոխվում, իրականում փոխելու շատ բան էլ չկա, եթե չհաշվենք գործող Սահմանադրության նախաբանը, հանուն որի ոչնչացման էլ նախատեսված է սահմանադրական փոփոխությունների այս ամբողջ ներկայացումը: Սահմանադրական փոփոխությունների իրական նպատակն Ադրբեջանի պահանջի կատարումն է. Հայաստանի օրենսդրությունից վերացնել ռեւանշիզմի դրսեւորման ցանկացած օրենսդրական հիմք: Փաշինյանն էլ խելոք իրականացնում է այդ պահանջը:

«Սահմանադրական փոփոխությունների նպատակն իշխանության թեւերի բալանսավորումն է». տարեսկզբին հայտարարում էր այն ժամանակ դեռեւս արդարադատության նախարարի պաշտոնը զբաղեցնող Կարեն Անդրեասյանը: Այս կեղծ հիմնավորումն արդարացնելու համար հնարավոր է մի քանի կոսմետիկ փոփոխություններ արվեն եւ ինչ-որ երկրորդական ֆունկցիաներ վարչապետից փոխանցվեն նախագահին, որը կներկայացվի իբրեւ իշխանության թեւերի բալանսավորում, բայց նախագահն ինչպես կա, այնպես էլ կմնա իշխանական սայլի հինգերորդ անիվ, առանց որեւէ ֆունկցիոնալ գործառույթի, իսկ ամբողջ իշխանությունն ինչպես կա, այնպես էլ կմնա մեկ անձի ձեռքում: Փաշինյանը ժամանակին այս Սահմանադրությունից էր բողոքում, որ չի կարող միանձնյա Գլխավոր շտաբի պետ փոխել, ուր մնաց, թե թույլ տա, որ եղած լիազորությունները կրճատեն, անգամ ամենաձեռնասուն նախագահի պայմաններում:

Ադրբեջանի իշխանությունները բացահայտ պահանջում են, որ Հայաստանը ոչ միայն ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այլեւ հրաժարվի հետագայում Ադրբեջանի նկատմամբ որեւէ տարածքային պահանջ ներկայացնելու օրինական հնարավորությունից: Դրա համար նրանք պահանջում են, որ մինչեւ, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի, իսկ իրականում՝ հերթական կապիտուլյացիայի ստորագրումը Փաշինյանը վերախմբագրի Հայաստանի Սահմանադրությունը եւ այնտեղից հանի գործող Սահմանադրության նախաբանը:

Գործող Սահմանադրության նախաբանում, որն ամբողջությամբ վերցված է 1995 թվականին ընդունված Սահմանադրությունից, ասվում է. «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը եւ բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»: Այս տեքստում Ադրբեջանին մտահոգողը «Հայաստանի անկախության հռչակագրում հատատագրված» ձեւակերպումն է: 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նիստում ընդունված Անկախության հռչակագրի նախաբանում էլ ասվում է. «Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջեւ՝ համայն հայության իղձերի իրականացման եւ պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից եւ միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը, հռչակում է անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը»:

Այսպիսով, Հայաստանի գործող օրենսդրությամբ եւ հիմնական օրենքով Հայաստանը պաշտոնապես ճանաչում է «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման օրինականությունը: Ադրբեջանը պահանջում է, որ նման ձեւակերպումները ոչնչացվեն Հայաստանի օրենսդրությունից, որը Հայաստանին կզրկի, այսպես կոչված, ռեւանշիզմի եւ Ադրբեջանի նկատմամբ ունեցած տարածքային պահանջներ ներկայացնելու իրավունքից:
Ադրբեջանը խաղաղության պայմանագրով ֆիքսելու է ոչ միայն միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը, այլեւ միմյանց ներքին գործերին չմիջամտելու՝ կողմերի պարտավորությունը: Սա նշանակելու է, որ Հայաստանն այդ պայմանագրով զրկվելու է Արցախի եւ արցախահայության իրավունքները եւ ազատությունները պաշտպանելու որեւէ հնարավորությունից, իսկ նման ցանկացած դրսեւորում դիտարկվելու է որպես Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու փորձ եւ խաղաղության պայմանագրի նորմերի խախտում՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով:

Այնպես որ, պետք է իրերը կոչել իրենց անուններով. Փաշինյանի ստեղծած Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը, որի մաս են կազմում ոչ միայն Դանիել Իոաննիսյանը կամ Արթուր Սաքունցը, այլ նաեւ «Լուսավոր Հայաստանը» եւ «Հանրապետություն» կուսակցությունը, ոչ թե կոչված է բալանսավորել իշխանության թեւերը, նման թեւեր իրականում չկան էլ՝ կա միանձնյա բռնապետություն, այլ ստեղծված է Ադրբեջանի պահանջները կատարելու համար, եւ, հետեւաբար, այդ մարմինն էլ պետք է անվանափոխվի եւ կոչվի «Փաշինյանին կից Ադրբեջանի պահանջների բավարարման խորհուրդ»: Դա է պատճառը, որ խորհրդարանական ընդդիմությունը, հենց սկզբից գիտակցելով, թե ինչի համար է Փաշինյանը ստեղծում նման խորհուրդ, բոյկոտեց դրա գործունեությունը՝ չցանկանալով մասնակից լինել ոչ միայն Ադրբեջանի պահանջների կատարմանը, այլ նաեւ Հայաստանի ավելի քան 35-ամյա պատմության վերախմբագրմանը, իսկ իրականում՝ այդ պատմության պղծմանը, որի վերջնական պատասխանատվությունը Փաշինյանը, ի վերջո, փորձելու է գցել հայ ժողովրդի գրպանը՝ այդ նախագիծը համաժողովրդական քվեարկություն բեմականացնելով եւ խաղաղության օրակարգի հաղթանակի անվան տակ անցկացնելով:

Ավետիս Բաբաջանյան