Չակերտավոր դաշնակցի խնդիրը

Չակերտավոր դաշնակցի խնդիրը

Նախկինների օրոք՝ երբ դիվանագիտության մեջ Հայաստանն իրականացնում էր փոխլրացման կամ «և… և»-ի քաղաքականություն, Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա դա այնքան էլ չէր ազդում: Որոշակի խնդիրներ կային, սակայն դրանք չէին ստեղծում, օրինակ, ՌԴ-ից զենք գնելու կամ տեղափոխելու (լոգիստիկ) խնդիրներ: Ընդ որում, սպառազինություն ձեռք բերելու, նախ, հենց ռուսական գործարանային գներով: Եվ երկրորդ, շուկայականից ցածր տոկոսադրույքներով նույն երկրի կողմից տրամադրված վարկով: Այսօր մենք, գումարը հատկացնելով, կա՛մ զենք չենք ստանում՝ երևի այլմոլորակայիններից, որովհետև երկրի անվանումն այդպես էլ չտրվեց Նիկոլի կողմից: Կա՛մ էլ, եթե այդ հարցը լուծվում է, տեղափոխման խնդիրներով պայմանավորված՝այդ զենքը տեղ չի հասնում: Ու արդեն հետպատերազմական երրորդ տարին շարունակ: Այն դեպքում, երբ թշնամի երկիրն անընդհատ զինվում է՝ պատրաստվելով, իր ասելով, ավտոմեքենաներով մուտք գործելու Հայաստանի մայրաքաղաքը:  

ԱԺ նախագահ Սիմոնյանի Ալենի կարծիքով, Հայաստանն իրավունք ունի միջազգային հարթակներում շփվելու իր գործընկերների, այսինքն՝ Ռուսաստանի թշնամիների, օրինակ, Ուկրաինայի հետ: Իսկ Ռուսաստանն էլ. Բնականաբար, իրավունք չունի դա համարել ցուցադրական հակառուսական ժեստ: Որքան է դա տրամաբանական՝ տեղյակ է միայն Ալենը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը դեռևս մնում է ՌԴ-ի հովանավորությամբ ստեղծված անվտանգային համակարգի՝ ՀԱՊԿ-ի անդամ: Որպեսզի ասվածը  հասկանալի լինի ոչ միայն Ալենի, այլև նրա այդ մտքին հավանություն տվողներին՝ բացատրեմ կենցաղային մակարդակի օրինակով: Ենթադրենք, որևէ հարուստ ընտանիքի (նշանակենք այն 1 թվով) անդամներ պատերազմում են առաջինից պակաս հարուստ մեկ այլ ընտանիքի անդամների հետ: Նրանց շրջապատում գտնվող բազմաթիվ այլ ընտանիքներ էլ՝ հարուստ և ոչ այնքան հարուստ, ամեն ինչով աջակցում են երկրորդ ընտանիքին: Իսկ այդ հարուստ ընտանիքի (1-ի) կողմից հովանավորվող երրորդ ընտանիքի ղեկավար անձինք ոչ այնքան չեզոք տարածքում շփվում են երկրորդ ընտանիքի ղեկավարների հետ: Ոչ այնքան չեզոք ասելով նկատի ունեմ այն հանգամանքը, որ այդ տարածքի տերերը հենց երկրորդ ընտանիքի աջակցողներն են: Թե՛ Ալենի և թե՛ գործող իշխանության նույնիսկ կիսագրագետ համակիրները երևի կհասկանան, թե ՌԴ-ի տեսակետից թույլատրելի են, արդյո՞ք, նման շփումները:

Անցնենք երկրորդ խնդրին, ինչն ավելի լուրջ է. դա Հայաստանի չակերտավոր դաշնակցից (Ալենի բառապաշարով) մշտապես գոյաբանական կախվածության հարցն է: Կամ Ալենի ասելով, «Հայաստանը պետք է միշտ վախենա, սարսափի, որ եթե «դաշնակիցը» չլինի՝ իրեն կսպանեն, այդ վախը, այդ սուրը միշտ պետք է կախված լինի հայի գլխին, որ լինի «դաշնակիցը»»: Նախ քննարկենք նշված դատողության սկզբի մասը: Այսպես, մինչև 2018 թվականի մայիսն առանց ՌԴ-ի օժանդակության էլ հայաստանցիները վախ չունեին, որ կսպանվեն ադրբեջանցիների կողմից: Քանի որ Արցախյան հաղթական պատերազմից հետո Ադրբեջանն անընդհատ խնդիրներ էր ստեղծում և վերջում էլ (2016-ի ապրիլի սկզբին) փորձեց լայնածավալ գրոհով վերացնել արցախյան խնդիրը, սակայն անհաջողության մատնվեց: Ինչ մնում է նրա եղբայր և դաշնակից Թուրքիային, ապա նա չհամարձակվեց լուրջ ներդրում ունենալ ադրբեջանական ագրեսիայում հենց ՌԴ-ի նկատմամբ վախից: Բայց 2018-ի մայիսից այս կողմ իրադրությունն 180 աստիճանով փոխվեց թե՛ մեր երկրում և թե՛ նրա շրջապատում: Իրական դաշնակից (ոչ չակերտավոր) բարեկամն աստիճանաբար վերածվեց համարյա թե թշնամու: Իսկ թշնամին, Ալենի վերադասի «թեթև» ձեռքով, դարձավ ոչ թե բարեկամ, այլ Հայաստանին պարտադրեց մեծ ու փոքր մի քանի պատերազմ և խայտառակ պարտության մատնեց մեզ: Եվ շարունակում է այդ քաղաքականությունը:

Այնպես որ խնդիրը ոչ թե չակերտավոր կամ անչակերտ դաշնակցի մեջ է, այլ Հայաստանի գործող իշխանության, մեղմ ասած, ապաշնորհության մեջ: Ինչ մնում է վերը նշված դատողության վերջին մասին, ապա նրա ասած սուրն անընդհատ կախված է մնալու հայի գլխին, քանի դեռ հայը չի դարձել այնքան հզոր, որ կտրի սուրը պահող ձեռքը: Քանի որ այդ ձեռքը ոչ թե ցանկանում է հայի հետ բարիդրացիություն հաստատել, այլ ընդհանրապես վերացնել նրան իր հայրենիքից: Եվ դա որևէ փոփոխություն չի կրելու՝ որքան էլ Ալենի վերադասը դադարի թուրքին ատելուց: Որովհետև հայ-թուրք հարաբերությունում առանցքային է ոչ թե թուրքից թույլ հայի, այլ հենց թուրքի դիրքորոշումը: Իսկ այն ավելի քան հստակ է՝ վերացնել այն սեպը, որ խրված է թուրքական երկու պետությունների միջև: Ինչի մասին խոսվել է 100 տարի առաջ, ինչի մասին խոսվում է նաև մեր օրերում: Եվ այդ նպատակը կյանքի կկոչվեր դեռևս 100 տարի առաջ, եթե հային չպաշտպաներ այն պետությունը, որին Ալենը չակերտավոր դաշնակից է համարում:

Կա, իհարկե, միջանկյալ մեկ այլ տարբերակ՝ չակերտավոր դաշնակցին փոխարինել անչակերտ դաշնակցով, ինչին ձգտում է Հայաստանի գործող իշխանությունը: Բայց պատմությունը 100 տարվա մեջ արդեն երկրորդ անգամ է մեզ ցույց տալիս, որ անչակերտ դաշնակիցներ չեն լինում՝ եթե հետևենք Ալենի մտքի կետադրական բնույթին: Որպեսզի ասվածը պարզ լինի թե՛ Ալենին, թե՛ նրա վերադասին և թե՛ այդ երկուսի համակիրներին՝ բերեմ Ուկրաինայի օրինակը: ԱՄՆ ղեկավարությամբ արևմտյան պետությունները (և ոչ միայն արևմտյան՝ եթե հաշվի առնենք դրանց քանակը՝ 51) շուրջ երկու տարի օգնելով Ուկրաինային՝ անընդհատ հայտարարում էին, թե կօգնեն այնքան, որքան անհրաժեշտ լինի: Ինչը, բնականաբար, արտացոլվում էր արևմտյան մամուլում: Բայց ամառային ուկրաինական հակահարձակման տապալմանը հետևեց, նույն այդ մամուլում արտացոլված, «պատերազմից հոգնած լինելու» հանգամանքը: Եվ ի դժբախտություն Ուկրաինայի՝ պաղեստինա-իսրայելական բախումներն ընդհանրապես երկրորդ պլան մղեցին ռուս-ուկրաինական հակամարտությունը: Այն երկրորդ պլան մղվեց թե՛ խոսույթի և թե՛ գործնական օգնության տեսանկյուններից: Երկրորդը շուտով արտահայտվելու է խոստացված օգնությունը կրկնակի կրճատելու հանգամանքում:

Վերն ասվածը պետք է որ դաս լինի թե՛ Ալենի և թե՛ նրան ԱԺ նախագահի պաշտոնում նշանակող Նիկոլի համար: Նրանք պետք է գիտակցեն, որ Ռուսաստանին դուրս մղելով տարածաշրջանից՝ նրանք Հայաստանը ոչ միայն կվերածեն Ուկրաինայի, այլև ընդհանրապես խաչ կքաշեն հայոց պետականության վրա: Որովհետև թուրքական սուրը միշտ էլ կախված է լինելու հայի վրա՝ մինչև այն պահը, երբ հայը կկարողանա կտրել սուրը պահող ձեռքը: Իսկ այն քաղաքականությամբ, որ այսօր վարվում է ալենանիկոլների կողմից, չի նպաստում սուրը բռնող ձեռքը ապագայում կտրելուն: