Սիրան Գրիգորյան. Անշոշափ զինամարտի խուլ ժխորը

Սիրան Գրիգորյան. Անշոշափ զինամարտի խուլ ժխորը

ԱՐՆԱԳՈՒՅՆ ՎԱՐԴԵՐ

Դագաղագործների ու ծաղկավաճառների
գործերը լավ են՝
պատերազմ է եւ շրջափակում:
Արնագույն վարդեր եմ այսօր ստացել:
Համատարած մահեր են՝ ես ողջ եմ դեռ,
եւ ապրում է իմ թաքուն սերը,
որ այսօր ինձ բոսոր վարդեր է բերել:
Գարուն է իմ սրտում եւ մեր նկուղում,
Շուրջբոլորը՝ պատերազմ է, շրջափակում,
ես թաքուն ժպտում եմ, ցնծում,
որ մենք դեռ ողջ ենք:
Պատերազմ է եւ շրջափակում,
իսկ մենք չգիտենք էլ՝ ինչ անել:
Լինելությունն Աստծո պարգեւ է,
սիրելն ընտրությունն է մեր:
Ախորժակ չունենք: Սնունդ էլ չկա,
Ուտելը հաճույք չէ առաջվա պես, պատիժ է դարձել,
Կյանքը կանգ է առել շուրջս ամենուր,
Միայն դագաղագործների ու ծաղկավաճառների
գործերն են լավացել:
Այսպես քաղցած, մահվան վախից թմրած,
որպես չնչին, անկարեւոր արարածներ
Լուռ լսում ենք անհոդաբաշխ ձայները լացի,
Քամին բերում է խուլ ժխորը անշոշափ զինամարտի,
Դառնում ենք աներազանք, աննպատակ,
անզբաղ եւ ազատ
երկու հողածին շնչավոր էակ...
Եվ մենք սիրում ենք իրար այստեղ, հիմա, բացահայտ,
Սիրում ենք հստակ, հակիրճ, արագ, կարծես մահն ուր որ է կգա,
ապա սիրում ենք անշտա՜պ, դանդա՜ղ, երկա՜ր՝ ասես մահ չկա,
Չքնաղ է մեր գոյությունն այս ակամա, սերը վկա՜
Մահը կա ու կա, վաղ թե ուշ կգա…

ՀԱՅՐ ՄԵՐ, ՈՐ ԽԱՂԱՂ ԵՐԿՆՔՈՒՄ ԵՍ

Հայր մեր, որ խաղաղ երկնքում ես,
այստեղ՝ երկրի վրա, պատերազմ է նորից:
Եկեղեցում արդեն երեք շաբաթ
վշտահար մի կին
ոտաբոբիկ մոտենում էր խորանին:
Ծնկի իջած գլխիկոր աղերսում էր:
- Ուզածն ի՞նչ է,- հարցրեցի քահանային:
- Որդուց լուր:
- Ի՞նչ մխիթարություն կա նրա համար:
- Չկա:
- Գուցե ասե՞ք՝ աղոթիր, որդիդ կգա...
- Իսկ եթե չգա՞...
Երկնային Հայր մեր,
այստեղ՝ երկրի վրա, պատերազմ է նորից:
Նույն այդ մայրը նստած է սգո սրահում
20-ամյա որդու դիակի մոտ.
դիակ չկա, մոխրակույտ է՝
տղան ողջակիզվել է:
Մոտեցա ու ասացի.
-    Հիմա նա Աստծո մոտ է, հավատա՜:
Ասաց՝ Աստված չկա:
Հե՜յ, ո՞վ կա այդտեղ…
այստեղ՝ երկրի վրա, պատերազմ է նորից,
սերն անհետ կորել է, հույսերը մոխրացել են,
քահանան խոսքեր չունի, Տե՜ր:
Փոթորիկն ինձ ափ է նետել ու հիմա
ես տանում եմ այս մելամաղձոտ բեռը,
ականջներս խցված որդուց լուրի սպասող մոր
անհոդաբաշխ աղերսանքի շշուկներով,
մոխրացած որդու առջեւ հանգչող նույն մոր
անշշուկ, ուժազուրկ հառաչանքներով:
Մենք հայացքներս հառել ենք վեր
երկնքից կրակ է թափվում
մարդիկ են վառվում, ծառեր, կենդանիներ, տներ,
բոցերի մեջ ենք, Տե՜ր:
Ե՞րբ կգա արքայությունդ,
այս ո՞ւմ կամքն է երկրի վրա,
ի՞նչ փորձություններ են:
Հայր մեր, որ խաղաղ երկնքում ես,
ովքե՞ր էին, որ գնացին.
ամեն մեկը մի Մարդու Որդի էր,
որ գուցե եկել էր մեզ փրկելու:
Երանի քեզ, որ երկնքում ես, Հա՜յր մեր,
Պահպանիր մեզ լավ օրերի համար…

ՄԱՅՐԵՐԻ ԽՈՒՄԲԸ

Կյանք կար մայրերի խմբում:
Համատեղ հարցեր էին լուծում.
- Կուրծքս ճաքել է, երեխաս կաթ չի ուտում, ի՞նչ անեմ:
- Մեկն ասում էր՝ ուրեմն կաթ չունես,
 մյուսն ասում էր՝ կովի կաթ տուր, թող մեծանա
երրորդն էլ թե՝ նման բան չանես, 
դու աղոթք արա, կլավանա...
Պատերազմ է եւ շրջափակում, 
Էլ կյանք չկա մայրերի խմբերում, 
Մայրերն իրար ասելիք չունեն, լուռ աղոթում են, 
Կրծքերում կաթը ցամաքում է, սրտերը ճաքում են...
Մայրերի խմբում մեկը լռությունը խախտում է.
«Օգնեք խնդրեմ, որտեղի՞ց դագաղ պատվիրեմ»:

ՊԱՏԵՐԱԶՄ

Որո՞տ է: Ո՜չ: Այդ ռումբերի պայթյուններն են հասնում ականջիս,
Հրավառություն չէ՜, ռազմական դրություն է, մարդահունձք է նորից,
Ագռավները կռռալով ճախրում են՝ արբած են արյան բույրից,
Եվ միայն մարդիկ են՝ ադամորդիք են բարձրաձայն լալիս…

Ձայները մոտենում են մեզ, ասում են՝ նոր զենքեր են գալիս,
Շատերը վախենում են, ոմանք թմրել են այս արնաբույր օդից,
Թիվ ու հաշիվ չկա, մենք դադարում ենք ապրել ամեն պայթյունից,
Շուրջս անմահ մարմիններ են, կան՝ որ դեռ հառաչում են ցավից:

Իբր հրադադար է, բայց ռումբերի ձայներն ավելի են մոտենում,
Դեռ ողջ եմ, հաստատ է, մահը մարդուն մերձենում է մի րոպեում,
Ժամանակը կանգնել է, նոր զենքերը գալիս ու տեղ չեն հասնում,
Լավ հիշեցի՜, պարտք ունեի, արագ այդ հաշիվներն եմ մաքրում:

Ո՞րն է ճիշտը, հեշտը՝ ապրե՞լ, մեռնե՞լ՝ խուճապը խանգարում է բոլորիս,
Սերը թաքուն շոյում է ինձ, վախը բացահայտ հարվածում է թիկունքիս,
Ողջ կյանքս աչքիս առաջ է, մարդիկ լալիս են, զենքերը չեն գալիս,
Ամուր կանգնած եմ իմ տեղում, բայց հողը փախչում է ոտքերիս տակից:

ՍՐՏՈւՄՍ ՀԻՄԱ

Գերի եմ այսօր, այս գիրը վկա,   
Մի նռնակ ձեռքիս կսկիծե արձան, 
Ռազմիկն ազատ է, որ արդեն չկա, 
Ես անազատ եմ, գոյ եմ ես անձայն…

Աչքերիս առաջ փլվող տներ են, 
Դիեր արնաքամ` երկինք բարձրացող,
Մարդաբույր հողի մոլորված տերն եմ, 
Սրտումս հիմա Շուշին է վառվող…

Ականապատված մտքի անտառ եմ,
Արնոտված մի բինտ մեծ վերքի վրա,
Մեր փխրուն հողում ես քարե ծառ եմ, 
Ես ժայռե բառ եմ քարտեզի վրա…

ԱՆՈՐՈՇ 

Այս գորշ, անորոշ օրերի մեջ ես թաքուն լացել,
Վշտացել եմ հուսահատ ու հարբել եմ մեկուսի,
Լսե՞լ ես՝ մեզ երեք ամսվա պարենի պաշար է մնացել,
Սովից հաստատ չենք մեռնելու, գաղտնիք բացեմ, լսի՜ր:

Մենք չգիտենք՝ ո՜ւր ենք հիմա, ինչքան կյանք է մեզ մնացել, 
Ապրում ենք՝ կարծես թե ամենքս մի արեւ ենք հավե՜րժ,
Այսօրը հողել-թաղել՝ մշուշոտ վաղվա հույսին ենք մեզ թողել, 
Ճախրանքը վանդակել-փակել, դոփում ենք սիրո վերքերի մեջ: 

Սովից հաստատ չե՜նք մեռնելու, բառ մի ասա, պարե՜նք, 
Արի քայլենք գինետուն, բեր բաժակդ, անբռնազբոս հարբենք, 
Սիրելը հեշտ է ու բնական, կյանքը՝ փափուկ ծխացող վայե՜լք, 
Երեք ամսով արի՛ իմ տուն անսեթեւեթ, արի՛ անխոս սիրե՜նք...

ԷԼ ՉԵ՜Ն ԽԱԲՈՒՄ

Մեզ էլ չե՜ն խաբում, ամեն ինչ պարզ է,
Ասում են՝ կյանքը ճիշտ է ու արդար,
Ցավը ապրելու կարծր երազն է,
Սերը դառնահամ դեղ է անկատար:

Մեզ էլ չե՜ն խաբում, ամեն ինչ պարզ է,
Ասում են՝ փողը արեւ է ու սեր,
Անփուշ պսակ է, փառքի աստված է,
Շո՜ւք է, պատիվ է, հույս է աներեր:

Մեզ էլ չե՜ն խաբում, ամեն ինչ պարզ է,
Ասում են, իբր՝ սա մեր ուզածն էր,
Մեր երազա՞ծն էր սուգն ու արցունքը,
Չկան տղերքը, չկա բարձունքը:

ՆԿԱՐ

Ժամանակ կար
Ծիածանն էր միակ գեղեցիկը,
Պարզ հիշում եմ
Ամառ-ձմեռ սեւով ներկված մեր երկինքը,
Ցուրտ էր, սով էր,
Զենք բռնողն էր մեր շարքերի ազդեցիկը,
Ոչ մի հրաշք.
Անկախությունն ինքն էր կյանքը եւ բարիքը,
Չկար նկար,
Հույսն էր կյանքի երաշխիքը,
Լալկան աղջիկ.
«Չի մահացել իմ հայրիկը»,
Արցունք չկար,
Լացով չես կարող պահել տանիքդ,
Սիրտ էր ու քար,
Աստծո սեր էր, հրադադար...

***
Օրվա նկար.
Մեր հաղթական պատերազմի արգասիքը,
Եվ մեր պարտված խաղաղության այս գալիքը...

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ