Էլիզա Մխիթարյան․ Կենդանության մանիֆեստ
Փողոցային շները հանկարծի վազեցին այն տղամարդու կողմը, որը կեսգիշերին գալիս էր իմ տուն՝ սրած դաշույնով։ Նա փախուստի դիմեց, բայց առատ անձրեւից հետո գետինը թաց էր, եւ ոտքը սայթաքեց։ Նրա դեմքն այլանդակվեց սարսափելի, աչքերը լցվեցին արյունով, եւ դաշույնը նա կորցրեց պատահաբար։ Քավության պակասությունից ծնված պատասխանն ամենաանսպասելի բանն է, որի մասին մարդը խոսում է հաճախ եւ կարծում, որ այն սեփական անձի հետ երբեք չի պատահելու։ Եվ այն կանայք, որ թաքցնում են գլուխը հղկված մարմարե արձանի հետեւում, մի օր անպայման կհայտնվեն նույն բաց տարածության մեջ, որտեղ սնոտի քաղցրությունից ոչինչ չի մնա, բացի խուճապի ճահիճը, որտեղ ստիպված կլինեն խեղդվելու հարատեւ։ Եվ սա դժոխքի նկարագիրը չէ, ես այն արդեն տեսել եմ սիրելի մարդկանց աչքերի մեջ, որ նայում էին ինձ ու ստում ամեն օր՝ չարաշահելով երկայնամտությունս, ապրումներս, արցունքներս եւ անգամ՝ սեփական կենդանի մարմինս։
Աշխարհում ազատության մեքենաներ չկան, չկան նաեւ՝ երջանկության թաղամասեր, ինչպես նաեւ չկան մարմիններ, որտեղ մենք գուցե ավելի զվարթ լինեինք եւ ստիպված չլինեինք գործելու այնքան մեղքեր, որքան արդեն հասցրել ենք։ Եվ փրկության ճանապարհն էլ չի անցնում աղոթքի ու շնության միջեւ գտնվող բաց տարածության փոխարեն։ Եթե պատահաբար հայտնաբերել ես, որ դու բաց վերք ես ու կարիք ունես ապաքինության, ուրեմն սա հիշեցում է այն մասին, որ դու դեռ ողջ ես։ Հավաքիր բոլոր խեղճ բառերդ ճամպրուկի մեջ ու մոռացիր դրանց մասին, դրանք քեզ՝ քո մասին պատմելու համար այլեւս անհրաժեշտ չեն։ Կյանքը կիսով չափ լիովին շոշափելի կեցություն է, եւ սա մարդն անպայման հասկանում է սիրո հետ հաշտություն կնքելու օրը՝ հայտնաբերելով այն այնքան պատահաբար, ասես թվում է՝ Աստված մարտահրավեր է նետում ինքն իրեն՝ մարդուն վերադարձնելով սիրելու կարողությունը։ Սովորաբար հաջորդող խառնակության գալլայի ժամանակ լավագույն որոշումը ներումն է՝ ինքդ քեզ շնորհելուց սկսած։
Այնուամենայնիվ, անհարկի իրարանցումներ չեն լինում, իսկ եթե ավելի լուրջ՝ ես քեզ այլեւս չեմ կարեկցում։
Խոստովանիր վերջապես, որ ծառերը հենց այնպես արմատախիլ չեղան։ Ես հասկանում եմ, որ ավելի հեշտ է փնտրել մեղավորներ, քան վերցնել հասարակ թուղթ ու թանաք եւ գոնե սեփական աչքերին հնարավորություն տալ՝ ճշմարտությունը կարդալու․ «Այս ամենն իմ ձեռքերի գործն է։ Ես չափից շատ էի հորինել ինձ, չափից շատ էի արտասվել դիմացինի փոխարեն, չափն անցել էի շնորհակալություն չհայտնելու մեջ եւ անգամ չափից շատ էի բաց թողել ապաշխարելու հնարավորությունը»։ Բայց մեղքերը մեծ կամ փոքր չեն լինում՝ այլ մարդկանց մեղքերի համեմատ։ Համեմատության այդպիսի օրենք մաթեմատիկայում չկա եւ կյանքում էլ չկա, եւ ոչ մի փիլիսոփա երբեք չի խոսել այն մասին, որ կարելի է մեղքեր գործել այնքան, քանի դեռ դրանք, ըստ մեզ, ավելի մեծ չեն, քան աշխարհում այլ մարդկանց գործած մեղքերը։ Սա ինքնախաբեություն է, բացարձակորեն ծանծաղամիտ արդարացում։ Կարծես թերագնահատում ենք Տիրոջ լսելու եւ տեսնելու կարողությունը, բայց Աստծո բնավորության մեջ մի ֆանտաստիկ գիծ կա․ նա խիստ բծախնդիր է։ Դու չես կարող խոսել բարձրյալի անունից եւ ծրագրել չարաբաստիկը․ ճանապարհին խցանում կլինի՝ կուշանաս, բջջայինդ կկորցնես, առողջությունդ հանկարծակի կվատանա, ինչ-որ վաղեմի ծանոթ կգա՝ հաշիվներ մաքրելու, կամ ուղղակի ստիպված կլինես մեկնելու արտերկիր։ Հավատա, ինչ-որ բան անպայման կպատահի, եթե դու Աստծուց խնդրես արդարություն եւ խառնվես այդ կռվին, որովհետեւ Աստված գիտի՝ ով ես, նա գիտի՝ քեզ ինչ է հարկավոր, նա միշտ ազատության համախոհ է, այդ մարդն է բանտարկում իրեն մարմնի մեջ ու դառնում մեղքի ծառա՝ մոռանալով, որ հոգի է։
Ես հոժար եմ, որ արեւածագը լուսավորի բոլորին, եւ դա է ի վերջո ապաշխարության բաղձալի արդյունքը, բայց այն հենց այնպես չէ, որ ուշանում է։ Ինձ հետ այդպես պատահել է, երբ զարհուրելի հիասթափությունից հետո համարում էի սերը կարծեցյալ ու թյուր վարդապետություն։ Բայց հույզը չէր, որ կաղում էր իր կարեւորության մեջ՝ որպես տեսական ուսմունք, եւ ոչ էլ սիրո օբյեկտն էր պատճառը, որ, այնուհանդերձ, փոքրոգի էր ու մատնիչ։ Արեգակի հապաղելու պատճառը ես էի, որ թերանում էի սեփական անձիս ակնածանքով վերաբերվելու մեջ ու փոխարենը դժգոհում էի, որ ինձ բավարար չեն պատվում, եւ որ այդ սերն է շինծու ու աննախադրյալ կերպարանք, որ, ինչպես բոլոր դժբախտ մարդկանց կյանքում, այնպես էլ ինձ է երեւացել։ Բայց արեւածագը պիտի գար ինձ վկայելու, որ դժբախտ լինելն ընտրություն է, ոչ թե ճակատագիր, որ սերը կենսունակ մարմին է, ոչ թե պատիր, որ սիրելի մարդու ձեռքերը գրկում են եւ հարվածելու ընդունակ չեն։ Դադարիր կերակուր տալ չարին, եւ նա կմեռնի, այնպես եւ կանհետանան մեր կյանքից ոխակալ ու քինոտ մարդիկ, եթե մենք այլեւս չկերակրենք նրանց այն սիրով, որին նրանք ամենեւին արժանի չեն։
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
Կարծիքներ