Արսենյանի մտքերից վատ հոտ է գալիս

Արսենյանի մտքերից վատ հոտ է գալիս

«Արցախի հարցը լուծվել է ռազմական ճանապարհով. մնացածը տեխնիկական պրոցես է։ Արցախցիները կարո՞ղ են ապրել ադրբեջանցիների հետ։ Իհարկե, կարող են։ «Արցախի հայկական բնակչությունը չի կարող ապրել ադրբեջանցիների հետ» թեզը Հայաստանի ներքաղաքական կյանքը պղտորելու նյութ է»:

Այս հանճարեղ ապուշության հեղինակը Գուրգեն Արսենյանն է՝ ՀՀ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր: Հանկարծ հիշեցի քաղաքական եւ ռազմական տաղանդավոր գործիչ Սասուն Միքայելյանի այն խոսքը, թե Նիկոլի թավշյա խեղկատակությունն ավելի կարեւոր է, քան արցախյան ազատամարտը: Մի քիչ դժվար է, իհարկե, Սասունին ու Գուգոյին իրար կողք դնելը, սակայն նրանց հայտարարությունների խորքում նկատելի ընդհանրություններ կան: Մասնավորապես՝ նրանք երկուսն էլ նսեմացնում են արցախյան ազատամարտի նշանակությունն ու ոտնահարում անկախության շրջանում մեզանում ձեւավորված արժեքային համակարգը: Համոզված եմ, որ նշվածները նման մտքեր են հնչեցրել Նիկոլից ներշնչված, բայց կարեւորն այլեւս ներշնչանքը չէ, այլ Հայաստանում մարդու՝ ֆիզիկական անձի գոյությունը, որն ի վիճակի է թքել մեր անկախության հիմքը դրած արցախյան շարժման վրա:

Գուրգեն Արսենյանը, կրկնեմ, ՀՀ ԱԺ ՔՊ-շնիկ պատգամավոր է, այսինքն՝ իշխանության ներկայացուցիչ, եւ նրա յուրաքանչյուր հայտարարություն ընկալվում է որպես իշխանության տեսակետ: Հետեւաբար, երբ նա ասում է, որ արցախցիները կարող են ապրել ադրբեջանցիների հետ, նույնն է, թե ասի՝ մենք իզուր էլ 1988-ին արցախյան շարժում սկսեցինք, իզուր էլ պաշտպանեցինք Արցախի որոշումը՝ միանալ մայր հայրենիքին: Ասում է՝ իհարկե, կարող են ապրել, իհարկե, «Արցախի հայկական բնակչությունը չի կարող ապրել ադրբեջանցիների հետ» թեզը Հայաստանի ներքաղաքական կյանքը պղտորելու նյութ է: Իսկ կարո՞ղ էր, արդյոք, Արսենյան Գուրգենը նման հայտարարություն անել Ազատության (Թատերական) հրապարակում՝ Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի ջարդերից ու տեղահանություններից հետո: Արսենյան Գուգոյի վիզը կկտրեին, չէ՞, առաջը մի խուրձ խոտ կդնեին, չէ՞… Բայց այսօր Արսենյան Գուգոն՝ Միքայելյան Սասունի ընկերը եւ Նիկոլի սարատնիկը, հանուն իշխանության մեջ իր բարեկեցության, մեզ համոզում է, թե՝ «իհարկե», հնարավոր է արցախցիների եւ ադրբեջանցիների համատեղ կյանքն Արցախում: Եվ դա անում է մի տոնով, ասես հենց հիմա ադրբեջանցիները չէ, որ շրջափակել են Արցախը, կտրել Արցախն աշխարհի հետ կապող միակ ճանապարհը, անջատել Արցախի գազն ու հոսանքը:

Այսքանից հետո շատերին կարող է թվալ, որ Գուրգեն Արսենյանը թուրք է կամ թուրք-ադրբեջանական գործակալ: Հասարակության մեջ նման կասկածներ նա արթնացրեց տեսախցիկների առաջ հայտարարելով, թե հետխորհրդային շրջանում Թուրքիան երբեք չի սպառնացել Հայաստանին, իսկ ռուսական 102-րդ բազան էլ այստեղ է ոչ թե Հայաստանին պաշտպանելու համար, այլ որպես սպառնալիք Թուրքիային: «Ռուսների հեռանալուց հետո Հայաստանը կդառնա Թուրքիայի սովորական հարեւաններից մեկը»,- ասել էր Արսենյան Գուրգենը:

Այս միտքը նույնպես նիկոլական է: Փաշինյանն այս մասին խոսել էր ավելի վաղ՝ մի փոքր այլ ձեւակերպումներով եւ խոսքին հարցական երանգներ տալով: Արսենյան Գուգոն, սակայն, այդ նրբանկատությունը չունի եւ, ներողություն, չոբանավարի է արտահայտվում անվտանգային այդ նուրբ թեմայի շուրջ: Այսպես խոսել նա չէր կարող, եթե հիմքում միայն Նիկոլից ներշնչվածությունը լիներ: Արդյոք պարոն Արսենյանի թիկունքում կողմնակի դրդիչներ չկա՞ն, երաշխավորներ, ինչո՞ւ ոչ՝ վճարողներ:

Կարող է հարց առաջանալ՝ ի՞նչ ես առաջարկում, ի՞նչ անել Գուրգեն Արսենյանի հետ, մարդն ընդամենը կարծիք է հայտնել: Միանգամից պատասխանեմ՝ նման «կարծիք» հայտնողի մանդատը պետք է ձեռքից վերցնել ու քամակին տալով՝ դուրս հանել Ազգային ժողովից: Դատել՝ Հայաստանի շահերին ի վնաս գործունեություն ծավալելու, օտարի շահեր սպասարկելու կասկածանքով: Բա մի հատ չտեսնե՞նք, թե ինչ է երգում դատարանում, ինչպես է բացատրում «Արցախի հարցը լուծվել է ռազմական ճանապարհով, մնացածը տեխնիկական պրոցես է» ցնդաբանությունը: Եվ դատարանում նրան հարց կտան՝ ինչո՞ւ ես այդպես շտապում, քաղաքացի Արսենյան, ինչո՞ւ ես կրկնում ու տիրաժավորում Ադրբեջանի եւ Թուրքիայի ղեկավարների մտքերը, ի՞նչ ընդհանուր կապեր ունեք նրանց հետ: