Ո՞ւմ են ընտրելու ռուսները

Ո՞ւմ են ընտրելու ռուսները

2023 թվականին ռուսներն ընտրելու են իշխանության տարբեր մակարդակների ներկայացուցիչներ։ Տեսնենք, թե 2023 թվականին ինչ ընտրություններ են նախատեսված Ռուսաստանում։
Բոլոր ընտրությունները նույն օրն անցկացնելու գաղափարը ծագել է դեռեւս 2006-ին, այդ ժամանակվանից երկրում ընտրությունների մեծ մասը նշանակվել է այդ օրը՝ սեպտեմբերի երկրորդ կիրակին, թեեւ ի սկզբանե մարտին կամ հոկտեմբերին էր։ Քվեարկության միասնական օրը չի ներառում միայն մեկ ընտրություն՝ նախագահականը։ 2023 թ․ սեպտեմբերի 10-ին ընտրությունները կանցկացվեն տարբեր մակարդակներով․ դրանք են՝ ՌԴ սուբյեկտների ղեկավարների, օրենսդիր ժողովների, պատգամավորների, քաղաքապետերի, ինչպես նաեւ որոշ մունիցիպալ արշավներ:
Պետդումայի մեկ պատգամավոր մեծամասնական շրջանում, 16 տարածաշրջանային օրենսդիր ժողովների պատգամավորներ, մարզպետներ եւ տարածաշրջանների ղեկավարներ՝ 24 քարոզարշավ, քաղաքապետեր՝ Մոսկվայում եւ Խաբարովսկում։

2023 թ․ քվեարկության միասնական օրը ռուսաստանցիները պետք է ընտրեն Պետդումայի միայն մեկ պատգամավոր՝ մեծամասնական մեկ ընտրատարածքում լրացուցիչ ընտրություններ կկայանան, քանի որ Սիմֆերոպոլի շրջանի պատգամավոր Ալեքսեյ Չերնյակը դադարեցրել է լիազորությունները։ Ընտրություններ կանցկացվեն Ղրիմի 19-րդ միամանդատ ընտրատարածքում։ Պետդումայի նախորդ ընտրություններն անցկացվել են 2021 թ․ սեպտեմբերին։ Պատգամավորներն ընտրվել են 5 տարով, ուստի հաջորդ քարոզարշավը տեղի կունենա միայն 2026-ին։ Բայց եթե մինչեւ հունիսի 10-ը մեծամասնական պատգամավորներից մեկը հրաժարվի մանդատից, փոխարինող կընտրվի նաեւ 2023 թվականի սեպտեմբերի 10-ին։

Ռուսաստանն այժմ պաշտոնապես ներառում է 89 տարածաշրջան, եւ յուրաքանչյուրն ունի սուբյեկտի ղեկավար: Օրենքը ենթադրում է, որ մարզպետների պաշտոնավարման ժամկետը որոշվում է մարզային օրենքներով, սակայն այն չի կարող գերազանցել 5 տարին։ Բացի պաշտոնավարման ժամկետի ավարտը, որոշ մարզպետներ հրաժարական են տալիս նաեւ սեփական նախաձեռնությամբ, ինչպես նաեւ նախագահի կողմից վստահության կորստի պատճառով։ Այնուհետեւ նշանակվում են հաջորդ ընտրությունները, իսկ մարզի ղեկավարի պարտականությունները կատարում է նա, ով նշանակվել է դրանք կատարելու համար։ ՌԴ սուբյեկտի ղեկավարը կարող է նշանակվել նախագահի կողմից, հաստատվել տեղական օրենսդիր մարմնի կողմից կամ ընտրվել ուղղակի ընտրություններով։ 2023 թ․ ընտրություններ են նախատեսված Մոսկվայի մարզի նահանգապետի, Մոսկվայի քաղաքապետի, ինչպես նաեւ 22 այլ տարածաշրջաններում։

Եթե նահանգապետի ընտրությունները չեն պահպանվում Ռուսաստանի բոլոր շրջաններում, ապա օրենսդիր ժողովների պատգամավորներն ընտրվում են միայն ընտրությունների ժամանակ։ Բոլոր տարածաշրջանային օրենսդիր ժողովներն ունեն լիազորությունների սահմանափակ ժամկետ՝ 5 տարի։ Իսկ դրանցում պատգամավորների թիվը հստակ ֆիքսված է եւ տատանվում է 15-110 հոգու սահմաններում։ Մեթոդաբանությունն այնպիսին է, որ որքան շատ բնակիչներ կան տարածաշրջանում, այնքան ավելի մեծաքանակ կլինի տեղական խորհրդարանը։

2023 թ․ սեպտեմբերին մոսկվացիները քաղաքապետ կընտրեն։ Ներկայիս քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը պաշտոնավարում է երրորդ անգամ անընդմեջ։ Նա արդեն երկու անգամ ընտրվել է (նշանակվել է Յուրի Լուժկովի հրաժարականից հետո)։ 2018-ին ֆորմալ առումով նրա վերջին ժամկետն էր։ Բայց 2021-ին, նոր օրենք է ընդունվել, որով սուբյեկտի ղեկավարի պաշտոնավարման ժամկետները որոշվում են սուբյեկտի օրենքներով։ Ըստ այդմ, եթե Մոսկվայի օրենսդրության մեջ փոփոխություններ կատարվեն, ապա Սոբյանինը կկարողանա 2023-ին մասնակցել ընտրություններին։ Նախորդ անգամ Մոսկվայի ընտրություններում Սերգեյ Սոբյանինն անվերապահ հաղթանակ էր տարել․ ստացել էր ընտրողների 70%-ի աջակցությունը։ 

Սովորաբար մարզերի մայրաքաղաքներում ընտրությունների բավականին մեծ ցուցակ է հավաքվում, սակայն այս տարին բացառություն կլինի։ 2023 թ․ սեպտեմբերին կայանալիք ընտրությունները կվերաբերեն Խաբարովսկի բնակիչներին․ լրանում է ներկայիս քաղաքապետ Սերգեյ Կրավչուկի պաշտոնավարման ժամկետը։ Արդյոք նա կրկին կառաջադրվի՞, դեռ պարզ չէ: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կա 10 մարզային մայրաքաղաք, որտեղ քաղաքապետերին ընտրում է բնակչությունը, այլ ոչ թե քաղաքային խորհուրդը։ 

Ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով քննարկում են արտահերթ նախագահական ընտրությունների տարբերակը․ Վլադիմիր Պուտինը, իբր, կհայտարարի վաղաժամկետ հրաժարականի մասին։ Բայց մինչ այս պահը նա չի հայտարարել իր հրաժարականի մասին, եւ ապագայում էլ նման հայտարարության պատճառներ կարծես չկան։ Տեսականորեն, եթե անգամ գործող նախագահը հրաժարական տա, արտահերթ ընտրություններ չեն անցկացվի, որովհետեւ դա առանձին ընթացակարգ է ենթադրում։

ՀԳ․ Հիշեցնենք, որ Ռուսաստանի բոլոր մակարդակների ընտրությունների հետ կապված՝ կան մեծ վերապահումներ, եւ շատ կառույցներ ու  փոքրաթիվ ընդդիմությունը չեն վստահում դրանց արդյունքներին՝ համարելով, որ դրանք հիմնականում ձեւական բնույթ են կրում, ինչպես եղել է սովետական տարիներին։

Արա Ալոյան