Աջակցում են Եվրոպական համալսարանին

Աջակցում են Եվրոպական համալսարանին

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի, «Սինոփսիս Արմենիայի» եւ Եվրոպական համալսարանի միջեւ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը նախատեսում է համատեղ գործողություններ՝ ուղղված համալսարանի ուսանողների գիտելիքների ամրապնդմանն ու կիրառական հմտությունների խորացմանը: Հուշագիրը ստորագրել են Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիայի» տնօրեն Հովիկ Մուսայելյանն ու Եվրոպական համալսարանի ռեկտոր Հեղինե Բիշարյանը: Եռակողմ փաստաթղթի համաձայն, «Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» ամբիոնի ուսանողներից որակյալ մասնագետներ պատրաստելու նպատակով կտրամադրվեն ուսումնական նյութեր ու ձեռնարկներ: Ուսանողների տեսական գիտելիքներն ու կիրառական հմտությունները զարգացնելու նպատակով կկազմակերպվի արտադրական պրակտիկա:

Հուշագրի շրջանակներում նախատեսվում է ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստում՝ առնվազն 3 տարին մեկ անգամ, ինչպես նաեւ վերջիններիս կողմից դասախոսություններին մասնակցություն եւ համադասավանդում: «Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» ամբիոնում բակալավրական կրթական ծրագիրն ավարտած լավագույն ուսանողներին կտրվի հնարավորություն՝ ուսումնառությունը  շարունակել ամբիոնի մագիստրատուրայում:

«Օժտված երիտասարդներին օգնելուն ուղղված մեր համագործակցությունը շարունակական է, եւ դա շատ բնական է: Հեռահաղորդակցությունը դինամիկ զարգացում է ապրում, հետեւաբար՝ ուսումնական նյութերը, ուսումնասիրության  առարկան պետք է մշտապես թարմացվեն: Դասախոսները նույնպես պետք է համապատասխանեն ժամանակի պահանջներին: Համալսարանի ու գործարար ոլորտի միջեւ կապը պետք է լինի մշտական: Բուհի գերնպատակն է՝ աշխատաշուկան ապահովել պատրաստի, թարմ ու արդյունավետ կադրերով: Հիմնարար գիտելիքներն ու կիրառական հմտությունները պետք է դասավանդվեն ոչ թե առանձին-առանձին, այլ՝ զուգահեռաբար: Որակյալ կրթությունը տնտեսական աճի ու մարդկային զարգացման հիմնական միջոց է: Կրթության արդյունավետությունն է որոշում, թե որքան հուսալի կլինի մեր ապագան, որքան ուժեղ ու մրցունակ կլինեն մեր երիտասարդները»,- նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Շատ բարձր եմ գնահատում այս եռակողմ պայմանագրի ստորագրումը, քանի որ այն նաեւ առիթ էր հանդիսացել տարիներ առաջ նոր մասնագիտության ստեղծման, այն է` «Միկրոէլեկտրոնիկան՝ հեռահաղորդակցության բնագավառում»։ Բազմաթիվ բարձր որակավորում ունեցող կադրեր են պատրաստվել այս ծրագրի շրջանակներում, նրանցից շատերն աշխատանքի են անցել «Սինոփսիսում», ՎիվաՍել-ՄՏՍ-ում եւ այլ ՏՀՏ ընկերություններում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որոնք կանգնած են եղել այս ծրագրի իրականացման ակունքներում։ Հուսով եմ, որ երկար կշարունակվի այս համատեղ արդյունավետ համագործակցությունը»,- ասել է Եվրոպական համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանը։

ՎիվաՍել-ՄՏՍ եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունների՝ համալսարանի միջեւ համագործակցությունը սկիզբ է առել 2011-ին: «Տարիներ առաջ Եվրոպական համալսարանը ՎիվաՍել-ՄՏՍ եւ «Սինոփսիս Արմենիա» ընկերությունների հետ համատեղ հիմք դրեց եռակողմ համագործակցության: Ձեւավորվեց «Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» ամբիոնը: Նպատակն էր ՀՀ բուհական համակարգում բուհ-արտադրություն համագործակցության յուրօրինակ մոդելի իրականացումը: Ամբիոնի կողմից իրականացվող ծրագիրը տեղեկատվական եւ հեռահաղորդակցության ոլորտում գերժամանակակից գիտելիքներով եւ գործնական հմտություններով զինված մասնագետների պատրաստման հաջողված օրինակ է, ինչի մասին վկայում է աշխատաշուկայի պահանջարկը»,- ասել է ռեկտոր Հեղինե Բիշարյանը։

««Սինոփսիս Արմենիայի» եւ համալսարանի բարձրակարգ մասնագետների բազմամյա համատեղ արդյունավետ աշխատանքի արդյունքում այսօր կարող ենք արձանագրել մեր հաջողությունները: Այս տարիների ընթացքում 21 ուսանող արժանացել է ՏՏ բնագավառում ՀՀ նախագահի կրթական պարգեւների եւ ՀՀ պետական կրթական մրցանակների»,- ասել է նա։ «Միկրոէլեկտրոնային սխեմաներ եւ համակարգեր» ամբիոնի 123 շրջանավարտներից 110-ն աշխատում է ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում, 67-ը՝ «Սինոփսիս Արմենիայում»։