Ծնողավարություն․ Երեխան չի ցանկանում սովորել, ի՞նչ անել

Ծնողավարություն․ Երեխան չի ցանկանում սովորել, ի՞նչ անել

«Նա ընդհանրապես չի ցանկանում սովորել»,- հաճախ բողոքում են ծնողները: Այս խնդիրն ունեցող ծնողների մեծամասնության ներգրավվածությունը մեծ է երեխայի ուսուցման գործընթացին: Նրանք, կարելի է ասել, սովորում են երեխայի փոխարեն: Հետեւում են նրա բոլոր տնային աշխատանքներին, ստուգում են կամ իրենք են դասավորում երեխայի դպրոցական պայուսակը: Երեխայի հետ կատարում են տնային առաջադրանքները կամ լարված հետեւում են երեխայի գրած ճիշտուսխալին:

Որո՞նք են պատճառները

Ծնողներին հաճախ թվում է` որքան լավ երեխան դպրոցում սովորի, այնքան երջանիկ ու ապահովված կլինի ապագայում: Այստեղ, իհարկե, կա ճշմարտության չափաբաժին, սակայն… չէ՞ որ կարեւոր է ոչ միայն այն, թե ինչ գնահատականներ ունի երեխան այս կամ այն առարկայից, այլեւ թե ինչպիսի հմտություններ, կարողություններ ու զգացողություններ նա կունենա դպրոցն ավարտելուց հետո: Եթե երեխան դպրոցում սովորելիս մեծամասամբ ունենում է ճնշվածություն, սթրես, վախ կամ այնտեղ իրեն հաճախ զգում է անհաջողակ, քննադատված, անհամարձակ, կամ եթե իր համար ուսանելն ատելի մի բան է, ապա նա կշտապի արագ ավարտել սովորելու գործընթացն ու հետագայում երբեք չվերադառնալ դրան: Շատ երեխաներ երաժշտական դպրոցն ավարտելուց հետո այլեւս երբեք չեն բացում դաշնամուրը, ատում են ընթերցանությունը, քանի որ ժամանակին իրենց ստիպում էին դա անել:

Ուսուցումը մեր դպրոցներում պարզ ու հեշտ չէ, սակայն երեխաները կարող են մենակ գլուխ բերել: Եթե, իհարկե, ծնողը երեխայից չի ակնկալում, որ նա կանի այն, ինչն իր ունակություններից վեր է` այսպիսով իրացնելով իր կամ իր ծնողների` ժամանակին չկատարված երազանքները: Այստեղ կարեւոր են նաեւ ուսուցչի ամբիցիաները, որոնք հաճախ գերազանցում են երեխայի ունակությունները, եւ նա ծնողին ճնշում է` պահանջելով ապահովել երեխայի բարձր գնահատականները:

Երեխաները հեշտ ու արագ արձագանքում են այն գործողություններին, որոնք իրենք ի վիճակի են կառավարել ու կազմակերպել, որոնց արդյունքների վրա կարող են ազդել, որտեղ իրենք կարող են սահմանել իրենց ժամանակն ու ջանքերը:

Երեխաների մեծամասնությունն անուշադիր է, արգելակված, քանի որ նախադպրոցական տարիքում այդպես էլ չեն սովորել իրենք իրենց կառավարել: Հավանական է, որ շատ բաներ արվել կամ որոշվել են նրանց փոխարեն, կամ նրանց համար սահմաններ չեն դրվել, կամ հակառակը՝ շրջափակել են երեխային` թույլ չտալով որեւէ գործողություն անել ինքնուրույն, սկզբից մինչեւ վերջ:

Ինչպե՞ս է ընտանիքն արձագանքում դպրոցում ծագած խնդիրներին

Ծնողները, որպես կանոն, խնդիրների դեպքում ավելի են ուժեղացնում իրենց նախկին վերաբերմունքը երեխայի հանդեպ: Եթե երեխային գերխնամել են կամ կառավարել են, ապա սկսում են ավելի ուժեղացնել այդ վերաբերմունքը: Եվ կարծես չեն ցանկանում նկատել, որ դրանից խնդիրը չի լուծվում, այլ ավելի է խորանում, արմատանում: Ազդեցության ուժն ավելի են ուժգնացնում. նրան  պատժում են կամ համաձայնության չգալով` սկսում են երեխայի փոխարեն ինչ-որ բաներ անել: Եվ նա դադարում է սովորել կամ ցանկանալ սովորել:
Որքան ծնողներն ավելի շատ են երեխայի սովորելու վերահսկողությունը վերցնում իրենց վրա, համապատասխանաբար երեխան ավելի քիչ հնարավորություն է ունենում վերահսկելու իր ուսուցման գործընթացը: Ինչպես նաեւ` երեխան սկսում է ընդդիմանալ նրանց ճնշումներին: Ընդդիմանալը կարող է արտահայտվել ծուլությամբ, երեխան կարող է անդադար գնալ զուգարան, ջուր խմելու, խաղալու, սկսել երազել, մոռանալ տնային առաջադրանքները, հետաձգի դրանք կատարելը: Կամ՝ ընդդիմանալը կարող է արտահայտվել ավելի ակտիվ ձեւերով․ կամակորություններ, վեճեր, դյուրագրգռություն, դասերից փոխչել, կոնֆլիկտներ:

Մի պահ մեզ զգանք այդպիսի երեխայի փոխարեն 

Պատկերացնենք` աշխատանքի գնալիս տան անդամներից մեկը մեզ անընդհատ վերահսկում է, հիշեցնում` վերցրե՞լ ենք արդյոք այս կամ այն փաստաթուղթը: Սկզբում դա մեզ կնյարդայնացնի, սակայն ժամանակի ընթացքում մենք դրան կսովորենք, եւ եթե մի օր մոռանան մեզ հիշեցնել վերցնել փաստաթղթերը, մենք դրանք տանը կթողնենք` տնեցիներին մեղադրելով, թե ինչու չեն հիշեցրել` այդպիսով մեր սխալվելու պատասխանատվությունը գցելով նրանց վրա: Նույնկերպ մենք երեխային սովորեցնում ենք պատասխանատվություն չկրել իր գործողությունների ու սխալների համար:

Սակայն մեզ` մեծահասակներիս, հեշտ է, մենք կարող ենք նման իրավիճակներում մարդկանց ցույց տալ իրենց տեղը, իսկ երեխան ստիպված է իր մեջ խեղդել ծնողների հանդեպ իր դյուրագրգռությունը, քանի որ սիրում է, վախենում է տխրեցնել կամ պարզապես վախենում է չենթարկվել: Այդ վախն ու չարությունը ճնշելու էներգիան նույնպես երեխային ուժասպառ է անում: Եվ զարմանալի չէ, որ նա չի ցանկանում սովորել:

Ի՞նչ անել

1. Ծնողը պետք է ինքն իրեն հարցնի` ինչ է իր երեխան ի վիճակի անել ինքնուրույն, եւ ինչում ինքը պետք է երեխային օգնի: Երեխան հաստատ կարող է պայուսակը դասավորել կամ զարթուցիչը միացնել: Պետք է երեխային թույլ տալ պատասխանատու լինել իր գործողությունների համար: Դա պետք է անել աստիճանաբար: Երեխան պետք է սովորի ինքնակառավարման ու ինքնավերահսկման: Երեխային պետք է ժամանակ տալ, որի ընթացքում ուսուցումը կդառնա ոչ թե ծնողի, այլ հենց իր գործը: Եթե երեխան չի կարողանում առանց ծնողի դասերը պատրաստել, ապա պետք է սկզբում թողնել ինքնուրույն անել այն առարկաների առաջադրանքները, որոնք նրան ամենահեշտն են տրվում, հետո՝ ավելի դժվարները` չհասկանալու դեպքում դիմելով ծնողի օգնությանը:

2. Շատ կարեւոր է, որ երեխան, հնարավորության դեպքում, ինքը պլանավորի իր ժամանակը: Որպեսզի որեւէ բան չհասցնելու դեպքում անպատրաստ դպրոց գնալով՝ ինքն իրեն անհարմար զգա ու ուղղվի: Կարեւոր է, երբ երեխան կուտակում է իր սխալների ու անհաջողությունների փորձառությունը:

3. Ծնողն ավելի հեշտ արդյունք կգրանցի, եթե նկատի ու ասի երեխայի օրեցօր ավելացող հաջողությունները, նրա ինքնակազմակերպման փոքրիկ քայլերը: Անհաջողություններին պետք է վերաբերվել ոչ թե նախատինքներով, այլ փորձել միասին հասկանալ պատճառը:

4. Անհրաժեշտության դեպքում սահմանափակել համակարգչային խաղերից, հեռուստացույցից օգտվելը, ընկերների հետ խաղալը:

5. Արդյունավետ է երեխայի համար սահմանել կարճաժամկետ նպատակներ, դրանցով նրան ոգեւորել` նվեր ծննդյան տոնին, ճամփորդություն եւ այլն:

6. Երեխայի հետ խոսել նրա ապագայի պլաններից, ցույց տալ նրան, որ նա շատ ամուր թելերով կապված է ներկային, եւ այսօր առկա շատ խնդիրներ կարող են բացասաբար ազդել նրա պլանների իրականացմանը:

7. Եթե երեխան կտրուկ ու միանգամից է փոխել իր վերաբերմունքն ուսուցման գործընթացի նկատմամբ, պետք է անպայման այդ մասին խոսել նրա հետ, իմանալ պատճառը, եթե լռում է, խոսել ուսուցչի հետ:

ՀԳ. Ծնողների խնդիրն է՝ լինել վստահելի թիկունք երեխայի համար, օգնել բարդ խնդիրների լուծմանը, սակայն երբեւէ չլինել գերխնամող:


 

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ