Իլհամի ձեռքերը կապված են ուկրաինական անհաջողությամբ

Իլհամի ձեռքերը կապված են ուկրաինական անհաջողությամբ

Վերջին մեկ-երկու օրում զարմանալի «հայտնագործություն» կատարեցի: Մինչ այդ ինձ թվում էր, թե բոլորին է հասկանալի, թե ինչու Իլհամը կտրուկ միջոցների չի դիմում Արցախի ուղղությամբ: Ու այդ պատճառով դրան չէի անդրադառնում: Բոլորին ասելով նկատի ունեմ հասարակության՝ քաղաքականապես գրագետ ու, բնականաբար, ոչ նիկոլական հատվածին: Ենթադրում եմ, որ վերջիններիս շրջանում ևս կարող են լինել քաղաքականապես գրագետ անձինք: Բայց քանի դրանց համար «ՀայաՔվե»-ի գործընթացը պատերազմի հրձիգ է (հակառակը չեմ լսել), ապա դրանց գրագիտության մասին խոսելն ավելորդ է: Որքան էլ պատերազմի հրձիգ լինելն իրենց համար պայմանավորված լիներ նիկոլական պարտվողականությամբ: Որովհետև եթե որևէ մեկը քաղաքականապես գրագետ է, սակայն ինչ-ինչ պատճառներով ընդունում է հակառակ տեսակետը, ապա ինձ համար դադարում է այդպիսին լինելուց:

Ինչևէ, վերադառնամ Արցախի հարցը ռազմական ուժով վերջնականապես չլուծելու խնդրին: Պարզվեց, որ մարդիկ փորձում են ինչ-որ պատճառներ փնտրել՝ բաց թողնելով ակնհայտը: Իսկ ակնհայտը ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված լինելն է: Հիշենք, թե ինչ տեղի ունեցավ 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին: Ադրբեջանը հերթական ագրեսիան իրականացրեց ոչ թե Արցախի, այլ հենց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատամամբ: Արդյունքում, պաշտոնապես ունեցանք 224 զոհ և տարածքային կորուստ։ Հիշենք նաև, թե ինչ էր տեղի ունենում հենց այդ ժամանակահատվածում ռուս-ուկրաինական պատերազմում: Երկրի արևելքում՝ Խարկովի ուղղությամբ, ուկրաինական ջոկատների հաջող հակահարձակման հետևանքով ռուսական զորքերն ուղղակի հետ գլորվեցին՝ զիջելով 10 հազար քառ/կմ տարածք: Հետո, իհարկես ուկրաինական զորքերը կանգնեցվեցին: Իլհամն էլ հենց առաջնորդվեց ուկրաինական հաջողությամբ: Ուղղակի ինքը բավական խելացի է՝ շատ հեռու չգնաց, մտածելով, որ ուկրաինացիների հաջողությունը կարող է կարճատև լինել: Իսկ ռուսական արջին բարկացնել նա չէր ցանկանում: Ու այդպես էլ եղավ: Վերջնարդյունքում ուկրաինացիները չկարողացան ջախջախիչ պարտության մատնել ռուսներին: Ու Իլհամն էլ չնախաձեռնեց ագրեսիայի հաջորդ փուլը: Այսքանն, ի դեպ, ռուսատյաց այն խելացիների համար, ովքեր ցանկանում են ռուսական կողմի պարտությունն այդ պատերազմում:  

Ուկրաինայի արևելքում ձեռք բերված հաջողությունը ոգևորել էր նախագահ Զելենսկուն, ու որոշում կայացվեց հակահարձակման անցնել նաև երկրի հարավում: Այն նախատեսվում էր ձմռան սկզբին: Հիշենք՝ հենց այդ ժամանակ էլ փակվեց Լաչինի միջանցքը: Բայց ուկրաինական հակահարձակումը հետաձգվեց՝ սկզբում խոսվում էր գարնան սկզբի մասին, բայց այն տեղի ունեցավ ամռան սկզբին: Մինչ այդ, արևմտյան աշխարհի 61 երկրների (այդ թվում՝ Ճապոնիա, Հր. Կորեա, Ավստրալիան՝ որոշ չափով) օգնությամբ կես տարի մարզված և նորագույն տեխնիկայով սպառազինված (հանած ամերիկյան Աբրամս հրասայլերը և Ֆ16 կործանիչները), Զապորոժիեի ուղղությամբ ուկրաինական բանակն անցավ հակահարձակման: Բայց այն ուղղակի տապալվեց՝ մեկուկես ամսվա ընթացքում զորքերն առաջ շարժվեցին ընդամենը 2-3 կմ: Որոշակի դիրքեր բնակավայրեր ուկրաինաղցիները կարողացան գրավել, բայց բանակն ամբողջությամբ թաղվեց դիրքային մարտերի մեջ: Փոխվեց նաև գործընթացը լուսաբանող արևմտյան ԶԼՄ-ների դիրքորոշումը: Հակահարձակման սկզբում ուկրաինական բանակին դիֆերամբներ գրող ԶԼՄ-ներն այսօր արդեն խոսում են ռուսական սցենարով հրադադարի հնարավորության մասին: Բերվում է նաև պատմական օրինակը՝ պատերազմի դադարեցումը Կորեայի պատերազմի (1950-1953 թթ.) օրինակով: Ինչն Ուկրաինայի դեպքում նշանակում է երկրի բաժանումը արևմտյան և արևելյան մասերի միջև:

Պատերազմը դեռևս շարունակվում է, բայց արդեն այսօր կարելի է պնդել ուկրաինական հակահարձակման անհաջողության վերաբերյալ: Ինչին, բնականաբար, հետևելու է ռուսական հակահարձակումը: Ուկրաինական բանակի թաղվելը դիրքային մարտերում կապել է նաև Իլհամի ձեռքերը: Նրան մնում է միայն Նիկոլին ու Հարությունյան Արայիկին խեղճացնելու հնարքը: Ինչպես նաև արցախցիների ոգին ջարդելու տարբերակը: Հենց միայն օրերս գազամատակարարման միացումն ու մի քանի ժամ անց դրա անջատումն այդ մասին են վկայում: Ինչ մնում է Նիկոլին, ապա նա վաղուց է խեղճացված, Արայիկն էլ էր այդ ճանապարհին: Հատկապես, որ Երևանից նրան «օգնության» ուղարկվեց երբեմնի «կոմանդուշչին»: Որը ցանկանում էր նշանակվել պետնախարար ու բանակցել թշնամու հետ: Բայց Արցախում մնացած Ռուբեն Վարդանյանի և արցախյան հայրենասեր ղեկավարության շնորհիվ այդ ծրագիրը կասեցվեց, և մարդիկ դեռևս դիմանում են: 

Ուրիշ հարց, որ ողջ Արևմուտքի դեմ պատերազմող Ռուսաստանը չի կարողանում արմատական քայլերի գնալ մեր տարածաշրջանում: Հաշվի առնենք նաև, որ Իլհամի թիկունքին կանգնած է Էրդողանը, իսկ Թուրքիան ՌԴ-ին անհրաժեշտ է ինչ-ինչ ծրագրերի (նավթագազային հաբի, մինչև վերջերս երկակի նշանակության ապրանքների տարանցման առումով և այլն) համար: Բայց, այնուամենայնիվ, ավելի լուրջ քայլերի Իլհամը չի գնա, քանի դեռ վստահ չէ, որ ռուսները կպարտվեն Ուկրաինայում: Իսկ ռուսական կողմը նման ցանկություն չի ցուցաբերում, ու Իլհամն էլ դեռևս մեծ հաշվով սպասում է: Մեծ հաշվով, քանի որ ամենօրյա կեղտոտություններ ինքն անում է՝ կրակոցներ դաշտերում աշխատանք կատարող գյուղացիների ուղղությամբ: Եվ անընդհատ կրակոցներ արցախյան ու հայաստանյան դիրքերի ուղղությամբ: Եվ նույնիսկ այդքան փիառված Երասխի մետալուրգիական գործարանի ուղղությամբ: Տեսնում ենք նաև խոսքի մակարդակում հակառուսական ելույթներ: Օրինակ՝ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովի պատասխանը Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային: Բայց, կրկնվեմ, մեծ հաշվով Իլհամը դեռևս սպասում է: Հուսով եմ, որ նա կմնա սպասման կարոտ…