Ադրբեջանին ու Թուրքիային անհրաժեշտ չէ խաղաղության օրակարգ նախաձեռնող Հայաստան

Ադրբեջանին ու Թուրքիային անհրաժեշտ չէ խաղաղության օրակարգ նախաձեռնող Հայաստան

Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման եզրափակիչ խոսքում անդրադառնալով Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում հնչած հակահայկական հարցադրումներին՝ Փաշինյան Նիկոլը, իր հերթին, մի շարք հռետորական հարցեր է ուղղել սեփական ուսապարկերի բազմությանը. ընդդիմությունը լքել էր դահլիճը: «Ադրբեջանի նախագահը նո՞ր ա հայտարարություն անում,- հարցրել է նա:- Նրա հայտարարության մեջ վեկտորի ու բովանդակության փոփոխություն կա՞ 2012, 2013, 2014, 2015, 2016 թվականներին»:

Իսկապես, եթե Իլհամի խոսքում ոչ մի փոփոխություն չկա՝ սկսած 2012 թվականից, ապա ինչպե՞ս կարող էր այդ անձը լինել կիրթ եւ կառուցողական 2018-2019 թվականներին: Ոչ կիրթ Իլհամին մենք անընդհատ տեսնում ենք, երբ նա սկսում է ձեռ առնել անձամբ Նիկոլին եւ հայ ժողովրդին: Իսկ եթե Իլհամը ռազմատենչ էր դեռեւս 2012 թվականից, ապա ինչպե՞ս կարող էր լինել կառուցողական 2018-2019 թվականներին: Այս հարցերը Նիկոլն ինքն իրեն չի տալիս, որովհետեւ կստացվի, որ նա սխալվել էր Իլհամին բնութագրելիս: Իսկ չէ՞ որ ինքը «փրկիչ» է, իսկ «փրկիչը» տեսականորեն անգամ սխալվել չի կարող: Դժբախտաբար, նման հարցեր տալու սովորություն չունի նաեւ Նիկոլի կողմից զոմբիացված կենսազանգվածը: Այլապես հարցեր տալուց հետո կարող է նաեւ իր համար զարմանալի եւ ոչ հաճելի հետեւության հանգել:   

Անցնենք Իլհամի հայտարարությունների բովանդակությանը Նիկոլի արձագանքին: Դրանք, ըստ Նիկոլի, Հայաստանի տարածաշրջանային խաղաղության օրակարգին հարվածելու եւ իրենց (այսինքն՝ Հայաստանի ղեկավարությանը) այդ օրակարգից շեղելու նպատակ ունեն: Նիկոլն ասում է, թե իրենց ուժեղ նյարդեր են պետք, որպեսզի չտրվեն արտաքին եւ ներքին սադրանքներին, որոնց նպատակն այդ օրակարգը տապալելն է: Փաստորեն, հայաստանյան ընդդիմությունը դաշնակցել է Իլհամի հետ, ու դրանից մենք բեխաբար ենք: Իսկ Իլհամի առաջ նվաստացած ու նրա նվաստացումներին չարձագանքող Նիկոլը՝ հակառակորդ: Թե որքանով են հայաստանյան ընդդիմության եւ Իլհամի շահերն ընդհանրական՝ գիտե միայն Նիկոլը, քանի որ դրա մասին տեղյակ չեն ո՛չ մեկը եւ ո՛չ էլ մյուսը:

Այստեղ է, որ հարց ունեմ արդեն ես՝ ուղղված Նիկոլին. եթե քո թշնամի երկիրը նման նպատակ ունի, իսկ դու էլ պարտված երկրի ոչուփուչ ղեկավար ես, ապա ինչպե՞ս ես հաղթող երկրի ոչ կառուցողական ղեկավարին պարտադրելու քո օրակարգը: Ենթադրենք, դու պահում ես քո գիծը մի քանի ամիս կամ նույնիսկ մի քանի տարի (Աստված ոչ անի, որ դու մնաս մի քանի տարի), իսկ Իլհամը շարունակում է պահանջել «Արեւմտյան Զանգեզուրը»՝ Երեւանն ու Սեւանը ներառյալ: Ի՞նչ ես անելու այդ ընթացքում՝ զենքի ուժո՞վ ես պարտադրելու քո օրակարգը, թե՞ բողոքելու ես միջազգային հանրություն կոչված անդեմ զանգվածին: Թե՞, այնուամենայնիվ, մի գեղեցիկ օր հրաշք կպատահի, ու դու կվերափոխվես: Ու կգիտակցես, որ Ադրբեջանին ու Թուրքիային անհրաժեշտ է ոչ թե տարածաշրջանային խաղաղության օրակարգ նախաձեռնող Հայաստան, այլ ընդհանրապես Հայաստանի վերացումն այս տարածաշրջանից: