Բացահայտ գործակալական ցանց՝ իրավապաշտպան հանրույթի քողի ներքո

Բացահայտ գործակալական ցանց՝ իրավապաշտպան հանրույթի քողի ներքո

Որեւէ խելամիտ մարդու համար այլեւս կասկած չի հարուցում այն, որ Հայաստանում տասնամյակներ շարունակ գործած իբր իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների մեծագույն մասն իրականում օտարերկրյա գործակալական ցանց էր, որի թաքնված, իսկ երբեմն անսքող նպատակը Հայաստանում իշխանափոխություն իրականացնելն էր, ոչ թե մարդու իրավունքների համար պայքարելը։

Եթե այդ չակերտյալ իրավապաշտպաններն ազնիվ եւ սկզբունքային լինեին իրենց նպատակներում, եթե նրանց իրապես մտահոգեին մարդու իրավունքների համատարած ոտնահարումները, ապա կխախտեին ավելի քան երեք տարի շարունակվող լռության ուխտը եւ կբարձրաձայնեին իշխանության կողմից արդարադատության դեմ իրականացվող հանցագործությունների մասին։
Նախկինում բացահայտ քաղաքական ակցիաներ անող, անգամ ոստիկանական բաժիններում խոշտանգման դեպքերը հիմք ընդունելով՝ նախագահի եւ իշխանության հրաժարականը պահանջող իրավապաշտպանները ձկան պես համր են այս իշխանության ցցուն օրինախախտումների պարագայում։ Փոխարենը՝ իրենց քաղաքական ծառայություններն են առաջարկում իշխող ուժին, օրինակ՝ վեթինգի կամ լյուստրացիայի մասին շարունակական հարցազրույցներ եւ ելույթներ, որոնցում ոչ միայն չեն դատապարտի իրավական կամայականությունները, այլեւ իշխանությանը կոչ կանեն ավելի կոշտ գտնվել ընդդիմախոսների հանդեպ։

Լեւոն Բարսեղյան, Արթուր Սաքունց, Տիգրան Եգորյան, Լուսինե Հակոբյան, Դանիել Իոաննիսյան, տասնյակ այլ անուններ՝ մարդիկ, որոնք, օրինակ, Սահմանադրական դատարանի կամ Բարձրագույն դատական խորհրդի նկատմամբ ակնհայտ հարձակումները ոչ միայն չէին դատապարտում, այլեւ արդարացնում էին՝ դա հիմնավորելով իբր օրինականության հաստատման նպատակով։

Վարչապետի օգնականը խմբագրում է կոնկրետ քրգործերի դատավարական փաստաթղթերը, վարչական դատարանը հայցի ապահովման միջոց է կիրառում, մինչդեռ կառավարությունն այդ դատական ակտի սեփական կամայական մեկնաբանությամբ է հանդես գալիս, ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ այլանդակ հակաքարոզ տանելով՝ հաջողվում է նրան հեռացնել եւ նոր նախագահ կարգել հայտնի ընտրակեղծարարի համբավ ունեցող Գագիկ Ջհանգիրյանին, խորհրդարանն ընդլայնում է ԲԴԽ գործառույթները՝ սահմանափակելով դատավորների եւ դատարանների անկախությունը, Սյունիքի համայնքապետերը շինծու քրեական հետապնդումների են ենթարկվում՝ վարչապետի վրեժխնդրությանը հագուրդ տալու նպատակով, եւ այլն, եւ այլն։

Բայց պարզվում է՝ այս եւ հարյուրավոր այլ ակնհայտ հանցադրվագների մեջ արտառոց որեւէ բան չկա։ Եթե լիներ, իրավապաշտպան հանրույթը հավանաբար կարձագանքեր, օր ու արեւ չէր տա օրվա կառավարությանը, կիրացներ հասարակական վերահսկողության իր մանդատը, մշտապես զգոն կպահեր իշխանությանը։ Օրինականացված ապօրինությունների մենաշնորհը տրված է պետությանը, դրա գովերգողն էլ իրավապաշտպան ՀԿ-ներն են՝ իրենց դրամաշնորհատու կառույցներով։

Ամիսներ առաջ հայաստանյան քաղհասարակության ամենահայտնի դեմքերից մեկը, որին պատվիրակել էին նոր Ընտրական օրենսգիրք գրել, ապա եւ Գերագույն դատարանի ստեղծման մասին խոսույթ բացել, իր խուլիգանախմբի հետ ներխուժել էր պետական հիմնարկ եւ ծեծել նախկին գործընկերոջը։ Քրեական գործ չհարուցվեց, նա պատասխան չտվեց դրա համար։ Այս անպատժելիության գինը գուցե իշխանությանը նրա մատուցած ծառայություննե՞րն են։ Չէ՞ որ նա հակառուսական քարոզի առաջամարտիկներից է Հայաստանում, բացի այդ՝ կարծում է, որ Հայաստանի նախկին նախագահներն առանց դատավճռի պետք է բանտարկվեն։ Սա ասում է մեկը, որն իրեն համարում է իրավապաշտպան։

Տասնյակ հետխորհրդային եւ անգամ արեւմտյան երկրներ վաղուց ընդունել են օտարերկրյա գործակալ կազմակերպությունների մասին օրենքներ, որով կանոնակարգում են, թե ինչ բնույթի, ինչ ուղղվածության, դրամաշնորհատու ինչ կառույցներից սնվող քաղհասարակություն կարող է գործել այդ երկրում։ Պետականության հիմքերն ակնհայտորեն խարխլող եւ մաշող, քայքայիչ գործունեությամբ զբաղվող գործակալական ցանցերն այդ երկրներում արգելված են։ Օրինակարգ իշխանության հաստատման դեպքում Հայաստանն այս հարցում լուրջ անելիք ունի։

Դավիթ Սարգսյան