Քաղաքապետարանը դժգոհ է «Ժանգոտ կողպեք» մրցանակից

Քաղաքապետարանը դժգոհ է «Ժանգոտ կողպեք» մրցանակից

Այսօր «Ինֆորմացիայի ազատության կենտրոնն» իրականացրել է ամենամյա «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» մրցանակաբաշխությունը, որի արդյունքներով ԻԱԿ-ը ԶԼՄ-ների և հանրության հետ թափանցիկ աշխատող պետական մարմիններին և կազմակերպություններին հանձնում է «ոսկե բանալի» տիտղոսը, իսկ փակ և ամեն կերպ ինֆորմացիա թաքցնող, ԶԼՄ-ներից ու լրագրողներից խորշող կազմակերպություններին ու պետական մարմիններին՝ «ժանգոտ կողպեք» մրցանակը։ «Ժանգոտ կողպեքին» 2 տարբեր կատեգորիաներում արժանացել են պաշտպանության նախարարությունը, Ազգային ժողովն ու Երևանի քաղաքապետարանը․

«Տեղեկատվության ազատությանը սպառնացող նախաձեռնության հեղինակ պետական կառույց» անվանակարգում բացասական մրցանակ է ստացել Ազգային ժողովը՝ լրագրողների իրավունքները սահմանափակող իրավական նոր կարգավորումներ մշակելու և առանց մասնակցայնության ընդունելու համար։

«Տեղեկություն ստանալու իրավունքը հետևողականորեն խախտած պետական կառույց» անվանակարգում կողպեքներ տրվել են Պաշտպանության նախարարությանը և Երևանի քաղաքապետարանին։ Երևանի քաղաքապետարանը, սակայն, չի ցանկանում ընդունել իր բաժին «ժանգոտ կողպքը»։ Լրատվական վարչության աշխատակից Տարոն Գևորգյանը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշվում է․

««Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի «Ոսկե բանալի, ժանգոտ կողպեք» ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ Երևանի քաղաքապետարանը «արժանացել է» «Ժանգոտ կողպեք»-ի, ինչը մեր տեսակետից առնվազն սուբյեկտիվ և անձնական ամբիցիաների վրա հիմնված անհիմն գնահատական է՝ անհստակ մեթոդաբանությամբ: Որպես պատճառ բերվում է քաղաքաշինության ոլորտի վերաբերյալ արված մեկ, կրկնում եմ մեկ հարցում, որին, ի դեպ, ինչպես և ԻԱԿ-ի մյուս հարցումներին, նույնպես ժամանակին պատասխանվել է (եթե դա հնարավոր չի եղել, օրենքի հղումով ծանուցել ենք 30-օրյա ժամկետում պատասխանելու մասին): Պետական գերատեսչության և լրատվամիջոցի համագործակցության, և ըստ այդմ գործունեությունը որակելու հիմնական ցուցիչը այդ նույն պետական կառույցի լրատվության վարչության հետ տարեկան կտրվածքով արված աշխատանքն է, իսկ այս պարագայում, ԻԱԿ-ի մեր գործընկերները առաջնորդվել են , հավանաբար, այլ չափորոշիչներով: Դատողությունները և հետևությունները թողնում ենք Ձեզ»։

Քաղաքապետարանի այս հայտարարությանն էլ արձագանքել է «Ինֆորմացիայի ազատության կենտրոնի» ղեկավար Շուշան Դոյդոյանը՝ գրելով․

«Մեզ համար ակնկալելի էին Քաղաքապետարանի ինքնապաշտպանական ելույթները։ Քաղաքապետարանը 2020 թվականին հայտնվել է ԻԱԿ-ի Սեւ ցուցակում, իսկ այժմ արդեն Ժանգոտ Կողպեք մրցանակի է արժանացել։ Ի դեպ, ժանգոտ կողպեք ստացել են նախկինում երեք անգամ: Դեմագոգիայի փոխարեն հիմնովին վերանայեք ձեր ներքին հնացած փաստաթղթաշրջանառության համակարգը, պատշաճ պատասխանեք քաղաաքցիների դիմումներին ու հարցումներին, ներքին քննության առարկա դարձրեք նրանց բողոքները, ի վերջո ծառայողական քննություն իրականացրեք պարզելու, թե ովքեր են մեղավոր այս մրցանակի համար։ 
Տեղեկատվության ազատությունը պայքարում է բորբոսի դեմ, մաքրեք ձեր համակարգից այն»: