«Աշխարհը, այո, շուռ է եկել»

«Աշխարհը, այո, շուռ է եկել»

Իմ սերնդակիցները պատմության դասագրքերից կհիշեն Լեւ Տրուցկուն վերագրվող «Ո՛չ պատերազմ, ո՛չ խաղաղություն, իսկ բանակը ցրում ենք» դատողությունը: Այն իբրեւ թե բարձրաձայնվել է Առաջին համաշխարհային պատերազմի վերջում կենտրոնական պետությունների (Գերմանիա, Ավստրո-Հունգարիա, Բուլղարիա եւ Օսմանյան Թուրքիա) հետ Սովետական Ռուսաստանի կապիտուլյացիոն պայմանագիր մշակելու ընթացքում:

Դրան նախորդել էր ռուսական կայսրությունում փետրվարյան հեղափոխությանը հաջորդած բոլշեւիկյան հեղաշրջումը, բանակի վերջնական կազմալուծումն ու Սովետական Ռուսաստանի պարտությունը: Բոլշեւիկյան ղեկավարությունը կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրմանը գնաց հանուն իշխանության պահպանման, քանի որ համոզված էր համաշխարհային հեղափոխության հաղթանակի հարցում: Եվ դրա երկրորդ փուլը պետք է լիներ արդյունաբերական Գերմանիայի սովետականացումը (առաջինը Ռուսաստանն էր): Գաղափարը, իհարկե, վիճահարույց էր, սակայն 20-րդ դարասկզբին այն այս կամ այն չափով կյանքի կոչվելու մեծ շանսեր ուներ:    

Իսկ հիմա վերադառնանք մեր օրեր: 2018-ից այս կողմ պետական կառավարման բոլոր ոլորտների կարգավորմանն ուղղված ծրագրային եւ համակարգված պետական քաղաքականության փոխարեն իշխանությունն իրականացնում էր հատվածական փոփոխություններ: Դրանք իշխանության (իմա՝ Նիկոլի) քիմքին հաճո փոփոխություններ էին եւ որեւէ առնչություն չունեին պետության զարգացման քաղաքականության հետ: Այսինքն՝ պետք էր «սեփական» անձին գործի նշանակել եւ կամ նախկիններից մնացած այս կամ այն պաշտոնյային գործից հանել կամ նույնիսկ դատապարտել՝ պատրաստ էր օրենսդրական փոփոխությունը: Պետք էր պաշարել Ազգային ժողովի շենքը կամ փակել երկրի բոլոր դատարանների մուտքերը՝ բավական էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի հակասահմանադրական կոչը: Կամ՝ պետք էր նախարարությունները միավորել ու որպես մեկ ամբողջություն «հատկացնել» ապաշնորհ մեկի կառավարմանը՝ դրանի՜ց էլ հեշտ բան: Պետք էր անօրինական հանրաքվե կազմակերպել, իսկ հետո էլ անօրինական եղանակով չեղարկել այն՝ խնդրեմ, հարց չկա: Կամ՝ պետք էր կորոնավիրուսի համավարակի առումով պարետին այս կամ այն լիազորությունը տրամադրել՝ կրկին խնդրեմ, ի՞նչ հարց կարող է լինել: 

Այդ ամենը տեղի էր ունենում 2018-ից այս կողմ. կատարվում էին սխալ, անօրինական փոփոխություններ, ինչի արդյունքում այսօր գտնվում ենք աղետալի վիճակում: Եվ այդ փոփոխություններից մեկը բանակի գլխատումն էր՝ նախկիններից ազատվելու կեղծ եւ վնասակար դրույթի հիման վրա: Ի դեպ, այդ երեւույթն ամբողջովին տեղավորվում է 20-րդ դարասկզբի բոլշեւիկյան հեղափոխականության մեջ: Ազատված տեղերն էլ, բնականաբար, լրացվում էին երիտասարդ, անփորձ ու ապաշնորհ կադրերի հաշվին: Դրա աննորմալ դրսեւորումներից մեկը, օրինակ, 27 տարին չլրացած երիտասարդի կարիերային աճն էր: Ընդամենը երկու տարի առաջ կապիտանի կոչում ունեցող մեկը 2020 թվականի պատերազմը դիմավորել էր արդեն գնդապետի ուսադիրներով: Դրա մասին լրատվականներից մեկին հայտնել է անհայտ կորած զինծառայողի հայր Ջիվան Միքայելյանը, որն անձամբ էր խոսել այդ երիտասարդի հետ: 

Հայտնագործություն արած չեմ լինի, եթե ասեմ, որ խաղաղ ժամանակներում կապիտանից գնդապետ կոչումային թռիչքն աննախադեպ երեւույթ է ողջ մարդկային պատմության մեջ: Սակայն նման բան կարող էր լինել պատերազմական իրադրությունում: Համենայնդեպս, մեկը տեղի է ունեցել 1943 թվականին՝ Հայրենական պատերազմի տարիներին: Սովետական երկրի ղեկավար Իոսիֆ Ստալինն անձամբ է կապիտան Միխայիլ Նաումովին շնորհել գեներալ-մայորի կոչում: Եվ դա եղել է ավելի քան արդարացված. պարտիզանական բավական մեծ միավորման հրամանատար, կապիտան Նաումովն իր ջոկատները տանում է դեպի արեւմուտք, այսինքն՝ թշնամու թիկունք: 65 օրում միավորումը կտրում է 2400 կմ՝ հաջողությամբ իրականացնելով 300 ռազմական գործողություն, եւ վերջում միանում է Բելառուսիան ազատագրած Կարմիր բանակին: 

Մեր օրերում, Նիկոլի օրոք ծագած պատերազմի ընթացքում գործում էր հակառակ կանոնը՝ հարավային ուղղությամբ՝ Արաքսի հովտով պաշտպանությունը տապալած հրամանատարը ստանում է Ազգային հերոսի կոչում եւ նշանակվում է նախարար: Ինչպե՞ս չհիշես այստեղ հանրահայտ «Աշխարհը, այո, շուռ է եկել» արտահայտությունը: Եվ մենք շարունակում ենք ապրել այդ շուռ եկած աշխարհում այնպես, կարծես թե ոչինչ էլ չի պատահել: Ու հենց դրանով է պայմանավորված ՀՀ վարչապետի պաշտոնում Փաշինյան Նիկոլ անուն-ազգանունով անձի մնալը: Դժվար է ասել, թե էլ ինչ պետք է պատահի երկրի հետ, որպեսզի լեթարգիական քնից արթնանա այն զանգվածը, որը խայտառակ պարտությունից հետո հունիսի 20-ին ապահովել է վերջինիս վերարտադրությունը վարչապետի պաշտոնին: