Ինչու է Արցախը դուրս թողել ՀՀ տարածքի քարտեզից․ պարզաբանում է դասագրքի հեղինակը

Ինչու է Արցախը դուրս թողել ՀՀ տարածքի քարտեզից․ պարզաբանում է դասագրքի հեղինակը

Այս տարի դասագրքերի մրցույթում հաղթող է ճանաչվել ու ԿԳՄՍ նախարարության երաշխավորությամբ հանրակրթական դպրոցներ է մտել նաեւ Մասնակցային դպրոց կրթական հիմնադրամի կողմից ներկայացված՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած «Հայոց պատմություն - 7» դասագիրքը, որն այս օրերին բուռն քննարկումների տեղիք է տվել ու կրքեր բորբոքել։ Պատճառը գրքում տեղ գտած մի քարտեզ է, որտեղ Արցախի Հանրապետությունը դուրս է թողնված ՀՀ տարածքից եւ ներառված է Ադրբեջանի կազմում։ Ավելին՝ այս օրերին հնչում են դասագիրքը դպրոց չթողնելու եւ այն այրելու կոչեր, քանի որ՝ «սրանով թշնամու ջրաղացին ջուր ենք լցնում ու հայ երեխային դպրոցում կեղծված պատմություն սովորեցնում»։ Մասնագիտական եւ ոչ մասնագիտական հանրույթին այս պարագայում նույն հարցն է հուզում՝ ինչո՞ւ Արցախը որեւէ կերպ սահմանագծված չէ քարտեզում, հակառակ դեպքում ստացվում է, որ մենք նույնիսկ Հայոց պատմության դասագրքում ենք Արցախը ճանաչում Ադրբեջանի կազմում։ 

«Մասնակցային դպրոցն» իր ֆեյսբուքյան էջում դեռ օրեր առաջ ծավալուն հիմնավորում էր ներկայացրել՝ նշելով, որ քարտեզում պատկերված է «Տիգրան Մեծի կայսրությունը՝ Ք․ ա․ 80 թ․ (ժամանակակից սահմաններով)», իսկ դասագրքին ու սույն քարտեզին ուղղված քննադատությունները թյուրըմբռնման կամ միտումնավոր տարընթերցման արդյունք են։ «Հավանաբար, թյուրըմբռնման արդյունք է, քանի որ մեկ քարտեզի մեջ դիտարկվել են երկու տարբեր ժամանակներ, բայց այնպես, որ դրանք հնարավոր է միմյանցից թե՛ զատորոշել, թե՛ համադրել (աշխարհագրական վայրերի անվանումների գունային տարբերակմամբ եւ ժամանակակից պետությունների սահմանների ուրվագծմամբ)։ ․․․․ Ինչպես քարտեզի վերնագիրն է հուշում (Տիգրան Մեծի կայսրությունը Ք․ ա․ 80 թ․ (ժամանակակից սահմաններով)), Տիգրան Մեծի կայսրությունը տեղադրված է ժամանակակից քաղաքական քարտեզին։ Նպատակն է՝ աշակերտներին բացատրել, թե Տիգրան Մեծի կայսրությունն իր ժամանակների եւ ժամանակակից ինչ պետությունների տարածքի հետ է համընկնում կամ ներառում իր մեջ․ դա հստակ է հատկապես քարտեզի վերաբերյալ 2-րդ առաջադրանքից (Կիրառի՛ր աշխարհագրական հմտություններդ: Ի՞նչ պետություններ էր ընդգրկում Տիգրան Մեծի կայսրությունը։ Այսօրվա ո՞ր երկրների տարածքներն է ընդգրկել այն)։ ․․․․ Այս ամենը հնարավորություն է տալիս աշակերտին՝ քարտեզի վրա միաժամանակ տեսնելու Տիգրան Մեծի ժամանակների աշխարհի ու ժամանակակից աշխարհի պատկերը։ Նա կարող է նաեւ տեսնել, թե այսօր Տիգրանյան Հայաստանի համեմատ ինչքան է փոքրացել Հայաստանը, կամ ժամանակակից ինչ պետություններ, որ չկային այն ժամանակ, հիմա կան, ու էլի այլ նրբություններ, որոնք ուսուցչի հարցերի օգնությամբ հնարավոր կլինի վեր հանել»,- մասնավորապես նշված է հիմնավորման մեջ։ 

Հետաքրքրական է, որ օգտատերերից շատերը հակադարձել են, որ հիմնավորումը համոզիչ չէ, ավելին․ «Ձեր այդ քարտեզը շատ արագ կօգտագործեն թշնամիները։ Նրանք հիմա անտրտունջ աշխատում են պատմություն կեղծելու վրա։ Վաղը կոնտեքստից կպոկեն Ձեր այդ քարտեզն ու կասեն, որ դա իրենց հազարամյա գոյության փաստն է, որ նույնիսկ հայերն են ընդունում»։ Ի դեպ, այս օրերին համացանցում տարածվեց Ադրբեջանի միջնակարգ դպրոցների՝ «Ադրբեջանի պատմություն» առարկայի դասագրքի շապիկը, որի վրա պատկերված քարտեզում ներկայացված է Ադրբեջանի տարածքը, որն իր մեջ ներառում է Հայաստանի ու Արցախի հանրապետությունները, ինչպես նաեւ՝ Իրանի հյուսիսը։ 

Մենք կապ հաստատեցինք գրքի հեղինակ Սմբատ Հովհաննիսյանի հետ եւ մի քանի հարց ուղղեցինք նրան, մասնավորապես, թե ինչու է դիմել այդ քայլին, եւ որքանով էր նպատակահարմար երկու տարբեր ժամանակաշրջանների քարտեզները համադրել, հատկապես՝ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում, երբ տարածքային խնդիրներ ունենք։ «Զուտ ինտերակտիվ մտածողություն զարգացնելու համար, բայց, անկեղծ, չէի մտածում, որ նման տարընթերցումների տեղիք կտա։ Եթե այդ բանն իմանայի, հաստատ այդ քայլը չէի անի եւ պարզապես կթողնեի Տիգրան Մեծի քարտեզը, եւ վերջ»։ Այսինքն՝ «միքսված» քարտեզի գաղափարն ի՞ր մտահղացումն է։ «Այո, դա միջազգային փորձառության մեջ կիրառված տարբերակ է, որպեսզի աշակերտները պատմական անցյալը կարողանան բաղդատել ներկա աշխարհագրական իրավիճակի հետ»,- նկատում է գրքի հեղինակը։ 

Ներկայացված քարտեզում ինչո՞ւ է Արցախը Հայաստանի տարածքից դուրս թողել։ «Տեսեք, եթե ես դնեի 2020-ից հետո ստեղծված իրավիճակով պայմանավորված իրական տարբերակը, դա ճիշտ չէր լինի, եւ դա Արցախը չէր, եթե դնեի 2020-ից առաջվա Արցախը, ապա եւս ճիշտ չէր լինի եւ չէր համապատասխանի իրականությանը, ես որոշեցի, իբրեւ սահմանի նշան, կիրառել «Լեռնային Ղարաբաղ, Արցախ» գրությունն ուղղահայացով, որն իր մեջ ներառում է նաեւ Շահումյանը, Արծվաշենը, Գետաշենը, եւ այնպիսի մտայնությամբ էր դա կառուցված, որը, այսպես ասած՝ նշանային դաշտում ցույց էր տալիս, որ այստեղ կա պայքար Ադրբեջանի հետ, եւ Արցախը Ադրբեջան չէ»։ 

Այդուհանդերձ, Արցախն Ադրբեջանի կազմում է պատկերված։ «Նորից եմ ասում՝ եթե ես այդ կետագծերը դնեի, ոչ մեկը ճիշտ չէր լինի, դրա համար այս համակարգն եմ օգտագործել, որպեսզի ստանամ այդ հավանական տարբերակը, բայց կրկնում եմ՝ եթե իմանայի, որ այսպիսի տարընթերցումների ու թյուրըմբռնումների տեղիք կարող էր տալ, բնականաբար՝ դա չէի անի ու կկիրառեի այս մոդելն ուրիշ քարտեզի վրա»։ 

Հարցին, որ 2020-ից հետո, երբ փաստացի դելիմիտացիա եւ դեմարկացիա դեռ չեն արվել, ինչո՞ւ է շտապել եւ քարտեզի վրա Արցախն Ադրբեջանի կազմում ներառել, Ս․ Հովհաննիսյանը զայրացավ․ «Ես չեմ շտապել, եւ Արցախն էլ Ադրբեջանի կազմում ներկայացված չէ․․․, նորից եմ ասում՝ Արցախը ներկայացված է այնպես, ինչպես որ ես պատկերացնում եմ. ինքը կարող էր լինել՝ Շահումյանը, Գետաշենը, Արծվաշենը եւս ներառյալ։ Արցախը բնավ չի ենթադրում Ադրբեջանի կազմում, եւ դա ես արտահայտել եմ նշանային դաշտով՝ «Լեռնային Ղարաբաղ, Արցախ» գրությամբ՝ ուղղահայացով, որը տարբերվում է մյուս հորիզոնական գրություններից․․․․ իսկ եթե սպիտակ կետագծերով անեի, ապա պետք է 2 հազար քառակուսի կմ-անոց Արցախ դնեի, որն Արցախը չէր, եթե դնեի 7 շրջաններով՝ 2020-ից առաջ, եւս ճիշտ չէր լինի, դրա համար դրել եմ այս մոդելը եւ միջանկյալ որոշում եմ կայացրել այսպիսի տարբերակով ու բնավ նկատի չեմ ունեցել, որ Արցախն Ադրբեջանի կազմում է, ճիշտ հակառակը՝ Արցախն ավելին էր, քան էր մինչեւ 2020-ը, քան է 2020-ից հետո»։