Հուսանք՝ Հռոմի ստատուտի դեմ Մոսկվայի արշավը խորքում Ալիեւին ICC-ից պաշտպանելու խնդիր չի հետապնդում

Հուսանք՝ Հռոմի ստատուտի դեմ Մոսկվայի արշավը խորքում Ալիեւին ICC-ից պաշտպանելու խնդիր չի հետապնդում

Արդեն մեկ ամսից ավելի Կրեմլում եւ ՌԴ ԱԳՆ-ում ընթացող մամլո ասուլիսներում անվերջ խոսում են Հայաստանից։ ՌԴ լրատվամիջոցներն էլ իշխանությունից ետ չեն մնում եւ հակահայ քարոզչություն են ծավալել, Հայաստանում էլ հակազդում են եւ ՌԴ պետական ու պետության հետ փոխկապակցված հեռուստաալիքների հեռարձակումն անջատել են պահանջում։ Սակայն ՌԴ լրատվամիջոցները երկրորդական են, քանի որ պրոռուսական կամ հակառուսական քարոզչությունը հասարակության վրա, որպես կանոն, ազդեցություն չի գործում։ Իսկ ահա ՌԴ իշխանությունների կողմից Հայաստանի մասին տարածվող մի երկու հիմնարար կեղծիքի անդրադառնալ արժե, մասնավորապես՝ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի կողմից հաճախ կրկնվող։ Առաջինը՝ թե իբր ՌԴ-ում ապրում է այնքան հայ, որքան՝ Հայաստանում, եւ երկրորդ՝ թե իբր Երեւանը Հռոմի ստատուտը վավերացրել է ոչ թե ընդդեմ Իլհամ Ալիեւի, այլ՝ Վլադիմիր Պուտինի։ 

ՌԴ-ում հայերի թիվը 950 հազարի էլ չի հասնում․ Росгосстат

Դմիտրի Պեսկովը սեպտեմբեր ամսվա ընթացքում մի քանի անգամ հրապարակավ հայտարարեց, թե Ռուսաստանում, հնարավոր է, ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանի Հանրապետությունում։ Գուցե սխալվում եմ, տա Աստված` սխալվեմ, բայց այնպիսի տպավորություն էր, որ Երեւանի կողմից Հռոմի ստատուտի վավերացմանն ընդառաջ՝ Ռուսաստանից ակնարկում են, թե այնտեղ գտնվող հայերի մասին պետք է մտածել, եւ թե իրենք Հայաստանի բնակչության թվին հավասար ազդեցության լծակներ ունեն՝ Հայաստանի դեմ գործադրելու։ Իհարկե, ավելի ուշ պրն Պեսկովը եւ Մոսկվան անցան ակնարկներն ուղիղ սպառնալիքներով փոխարինելուն, վերջը՝ հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ «թշնամանք» բառը հոլովելուն, բայց դրանից ոչինչ չփոխվեց։ Հիմա, երբ Հռոմի ստատուտը վավերացված է եւ այլեւս քննարկումից դուրս է, արժե, որ պրն Պեսկովը տեսնի, թե իր եւ Կրեմլի տեղեկություններն ու ընկալումները որքան են հեռու իրականությունից։ Ի գիտություն պրն Պեսկովի եւ Կրեմլի, համաձայն 2020թ․ ՌԴ համապետական մարդահամարի տվյալների, Ռուսաստանում գտնվող հայերի ընդհանուր թիվը (ներառյալ ՌԴ-ում մշտապես բնակվող հայերն ու մարդահամարի պահին ժամանակավորապես այնտեղ գտնվածները, ՌԴ քաղաքացիություն ունեցողները եւ չունեցողները, հայերենը մայրենի լեզու համարողները եւ հայերեն խոսել չկարողացողները, միով բանիվ՝ բոլորը, ովքեր իրենց ազգությունը, էթնիկ պատկանելությունը նշում են՝ հայ) մեկ միլիոնի սահմանը չի հատում, 950 հազարի էլ չի հասնում։  Դա ոչ միայն անհուսալի հեռու է Հայաստանում ապրող երեք միլիոն հայության թվից, այլեւ ցույց է տալիս, որ մոլորակի ցամաքային շերտի 1/9-ը զբաղեցնող Ռուսաստանում սփռված է եւ ապրում է  այնքան հայություն, որքան, ըստ որոշ գնահատականների, ԱՄՆ միայն մեկ քաղաք-կոնգլոմերատում՝ Լոս Անջելեսում։ Բայց ավելի հետաքրքիր ու հիշարժան համեմատությունն այլ երկրի հետ է՝ Ռուսաստանի 17 125 192 քմ տարածքում ապրում է 900 հազարի կարգի հայություն, մինչդեռ փոքրիկ-փոքրիկ Լիբանանում, որ Հայաստանից էլ փոքր տարածք ունի՝ ընդամենը  10 452 քմ, ապրում է 200 հազար հայություն։ Այ թե որն է բարեկամ երկիրը։  

Սակայն վերադառնանք Ռուսաստանի Դաշնություն, 2010 եւ 2020թթ․ մարդահամարի տվյալներին, որ պաշտոնապես հրապարակված եւ հասանելի են ՌԴ Պետական վիճակագրության դաշնային ծառայության (Федеральная служба государственной статистики) պաշտոնական rosstat.gov.ru կայքից։ 2020թ․ մարդահամարի՝ ВПН-2020 (Всероссийская перепись населения - 2020) արդյունքները կայքում հրապարակված են 11 հատորով, որոնցից յուրաքանչյուրը մեկ պարամետրով է բացում ազգաբնակչության մասին տվյալները։ 1-ին հատորը վերնագրված է՝ Итоги ВПН-2020. Том 1 Численность и размещение населения, 2-րդ հատորը՝ Итоги ВПН-2020. Том 2 Возрастно-половой состав и состояние в браке, եւ այդպես՝ մինչեւ 11-րդ հատորը։ 5-րդ հատորը վերնագրված է՝ Итоги ВПН-2020. Том 5 Национальный состав и владение языками: Ինչպես պարզաբանված է փաստաթղթի առաջաբանում՝ հատորը պարունակում է տվյալներ բնակչության ազգային կազմի, մայրենի լեզուների, լեզուների իմացության եւ առօրյա օգտագործման, էթնիկ խմբերի եւ ենթախմբերի թվաքանակի, Ռուսաստանի տարածքում նրանց տեղաբաշխվածության մասին՝ ժողովրդագրական, սոցիալական և տնտեսական բնութագրերի հետ միասին:

Նշեմ, որ ինչպես Итоги ВПН-2020-ի բոլոր մյուս հատորներում, այնպես էլ 5-րդ հատորում ոչ միայն բարեխիղճ եւ մանրամասն տվյալների հավաքագրման-արձանագրման աշխատանք է կատարված, այլեւ տվյալները գիտական խորությամբ են համակարգված-դասակարգված, ամփոփված։ Հատորը ներառում է Մեթոդական պարզաբանումներ եւ 27 աղյուսակ։ Հենց 1-ին աղյուսակում, որ վերնագրված է՝  Таблица 1. Национальный состав населения, կարդում ենք․ 
Армяне (амшенские армяне, амшенцы, армяне-таты, армяно-болгары, армяно-греки, армяно-грузины, армяно-казахи, армяно-карачаевцы, армяно-корейцы, армяно-литовцы, армяно-русские, армяно-татары, армяно-украинцы, армяно-чуваши, армянские таты, арцахцы, ассирийские армяне, бакинские армяне, грузинские армяне, донские армяне, ереванцы, крымские армяне, куралю, нахичеванцы с языком армянским, русским, руские армяне, русские армяне,  русско-армяне с языком армянским, турецкие армяне, чардахлинцы) - 946,172 անձ։
Ինչպես տեսնում ենք, փակագծերում թվարկվող ենթաանվանումները (համշենահայեր, համշեններ, բուլղարահայեր, հունահայեր, վրացահայեր եւ այլն) անգամ արտացոլում են, թե որ տարածքներից կամ երկրներից են այդ հայերը Ռուսաստանի Դաշնությունում հայտնվել: Բացառությամբ համշենահայության, որ Ազովի եւ Սեւ ծովերի ավազանում ապրել է շատ ավելի վաղուց, քան ռուսներն այդտեղ կհայտնվեին, այդ տարածքները Ռուսական կայսրությանը կմիացվեին, մնացյալ հայերը, դատելով ենթաանվանումներից, ԽՍՀՄ այլ հանրապետություններից, արեւելա-եվրոպական երկրներից են ՌԴ տեղափոխվել։ 

Ներկա պահին կարեւորն այն է, որ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող բոլոր հայերը, միասին վերցրած, կազմում են 946,172, որից 510,316-ը տղամարդիկ են, 435,856-ը՝ կանայք։ Քաղաքաբնակ հայերի թիվը կազմում է 612,592, գյուղաբնակներինը (նրանք հիմնականում Կրասնոդարի, Ստավրոպոլի եւ Դոնի Ռոստովի մարզերում են բնակվում)՝ 333,580։ Մի հետաքրքիր թվական տվյալ էլ այն է, որ 946,172 հայից միայն 675,048-ը, այսինքն՝ մոտ 2/3-ն է տիրապետում հայերենին։  Այլ ուշագրավ տվյալներ էլ կարելի է հրապարակել, բայց դա այս հոդվածի խնդրից դուրս է։
Այս հրապարակման նպատակը պրն Պեսկովին ցույց տալն է, որ կա՛մ ինքը կատարյալ անտեղյակության մեջ է, երբ հայտարարում է, թե Ռուսաստանի Դաշնությունում գուցե նույնքան կամ ավելի հայ է ապրում, քան Հայաստանում, կա՛մ գիտակցաբար կեղծիք է տարածում։ Տարբերակներից ոչ մեկն էլ պատիվ չի բերում։ Ի դեպ, 2010-ի մարդահամարի ժամանակ էլ հայերի թիվն առանձնապես մեծ չի եղել՝ 1 մլն 182 հազար 388։ Բնական նվազումն ակնբախ է։ Եթե այդ միտումին էլ գումարենք ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված ֆորսմաժորային տեղաշարժը, երբ տասնյակ հազարավոր ռուսներ, ինքնաբերաբար՝ նաեւ հայեր, տեղափոխվեցին Հայաստան, այժմ Ռուսաստանում 850 հազար հայություն էլ մնացած չի լինի։ 

Խնդրեմ, ինքներդ Իլհամ Ալիեւին տանեիք ICC

Հիմա՝ ICC-ի խնդիրը։ Մի գիրք գոյություն ունի՝ մոտ 2500 տարի առաջ, գուցե դրանից էլ վաղ ստեղծված, կոչվում է՝ Խիկար իմաստունի խրատները, թե պատմությունը։ Խիկար իմաստունն Ասորեստանի արքաներից մեկի դպիրն է եղել, ազգությամբ՝ ասորի եւ այնքան խելացի, սրամիտ լուծումներ, ելքեր է գտել կյանքի տարբեր իրավիճակներում, որ նրա մտքերը, խորհուրդները ժամանակակիցները գրառել են, ժողովածու են կազմել, եւ այն դարերի միջով մեր օրերն է հասել։ 

Ինքս, ցավոք, բոլոր խրատները չէ, որ ժամանակ եմ ունեցել կարդալու, բայց նրանից ինչ կարդացել եմ, մի քանիսն ամբողջ կյանքի համար մնացել են հիշողությանս մեջ, որովհետեւ, իրոք, կյանքի դաս են։  Մի պատմությամբ Խիկար իմաստունը սովորեցնում է, որ երբ կարծում ես, թե ինչ-որ բան այսպես ու այնպես է եղել, եւ արտաքին նշանները, հանգամանքներն էլ հաստատում են քո մտածածը, դա դեռ փաստ եւ ապացույց չէ, որ եղել է հենց այն, ինչ ինքդ մտածում ես։ Բոլոր նշաններն ու հաստատումները կարող են լինել միայն հանգամանքների բերում, համընկնում։ 
Նույնն էլ այս՝ Հռոմի ստատուտի պարագայում։ Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Միջազգային քրեական դատարանի (ICC) կանոնադրությունը վավերացնելու նպատակն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կողմից հայության եւ արցախահայության դեմ գործված ծանրագույն՝  պատերազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների համար վերջինիս քրեական պատասխանատվության ենթարկելն է։ Եթե Ուկրաինան հասել է նրան, որ ուկրաինացի երեխաներին ՌԴ տեղափոխելու ամբաստանությամբ ՌԴ նախագահին քրեական մեղադրանք առաջադրվի, անգամ ձերբակալության սանկցիա տրվի, ապա Իլհամ Ալիեւն անհամեմատ ծանր հանցագործությունների մեջ է խառնված հայության դեմ՝ սով ու աղետ պարտադրելուց մինչեւ ցեղասպանության սպառնալիք, իրականացված էթնիկ զտում եւ այլն։ Հայաստանը ո՞ր տրամաբանությամբ պետք է Իլհամ Ալիեւին խնայի եւ ICC քարշ չտա։ Իհարկե, պետք է դա անի։ 

Իսկ եթե Ռուսաստանում չեն ցանկանում, որ Հայաստանն Ալիեւին ICC  տանելու նախադրյալ ու հնարավորություն ստեղծի Հռոմի ստատուտը վավերացնելով, քանի որ այդ վավերացումը, կամա-ակամա, ՌԴ շահերին է վնասում, ապա այդտեղ կար դյուրին ելք։ Թող Ռուսաստանն ինքը կամ իր բարեկամ երկրներից մեկը (դժվար թե Հռոմի ստատուտը վավերացրած 120-ից ավելի երկրներից մեկը ՌԴ բարեկամ չլինի) ICC-ին դիմեր՝ Իլհամ Ալիեւի կատարած քրեական հանցագործությունների համար նրա դեմ հետապնդում սկսելու հարցով։ Ռուսաստանը կարող է անգամ ավելի հիմնավոր հայց ներկայացնել, քանի որ հայության դեմ Ալիեւի հանցագործությունների մեծ մասն առանց Ռուսաստանի իմացության չէ, որ պատահում է։ Չասելու համար, որ հաճախ ՌԴ գործակցությամբ է պատահում։

Այնպես որ, թող Մոսկվան, եթե իրոք Հայաստանի բարեկամն է,  ինքը կազմակերպեր, որ  միջազգային ծանրագույն հանցագործ Իլհամ Ալիեւի դեմ հայց տարվեր ICC: Տեսնենք, թե դրանից հետո ՀՀ իշխանությունները Հռոմի ստատուտի մասին կհիշեի՞ն կամ եթե հիշեին էլ, ինչո՞վ դրա վավերացումը կհիմնավորեին, կփաստարկեին։ Եթե չեն արել՝ ո՞ւմ են մեղադրում։ Եվ, իհարկե, հուսանք՝ Հռոմի ստատուտի դեմ Մոսկվայի արշավը խորքում Ալիեւին ICC-ից պաշտպանելու խնդիր չի հետապնդում։