Արեւմուտքն ուզում է խաղաղության պայմանագրի գլխավոր բրոքերը լինել, բայց ինքն ունակ չէ սահմանափակել Ադրբեջանին

Արեւմուտքն ուզում է խաղաղության պայմանագրի գլխավոր բրոքերը լինել, բայց ինքն ունակ չէ սահմանափակել Ադրբեջանին

Իսպանիայի Գրանադա քաղաքում կայանալիք հանդիպումը չեղարկվեց Ալիեւի կողմից, ով հայտարարեց, որ չի մասնակցելու այդ հավաքին եւ հանդիպմանը։ Պատմական գիտությունների թեկնածու, վերլուծաբան Սերգեյ Մելքոնյանի հետ զրուցել ենք այս թեմայով։

- Ալիեւի հրաժարվելն ինչպե՞ս կմեկնաբանեք։

- Հետեւյալն է՝ Արեւմուտքը կամ շատերը դեռ չեն ուզում հասկանալ՝ Ադրբեջանը շահագրգռված չէ խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում։ Ինչո՞ւ․ որովհետեւ առանց պայմանագրի ինքն ավելի շատ է ստանում, քան փաստաթուղթը, որը կարող է իրեն սահմանափակել։ Եթե նա ինչ-որ թղթի տակ ստորագրի եւ խոստումներ տա, ապա քննարկումներ պետք է լինեն մեխանիզմների, երաշխավորումների, գործիքակազմի եւ այլնի մասին։ Եթե որեւէ բան չկա, Ադրբեջանն ինքն է որոշում, թե որտեղով են անցնում իր սահմանները, ինքն է որոշում` երբ հարձակվել եւ այլն։ 

- Միջազգային դերակատարները չե՞ն հասկանում Ալիեւի իրական մոտիվները, թե՞ սա համատեղ համաձայնությամբ բեմադրություն է, որ հետո նույն Արեւմուտքը պատասխանատվություն չկրի իր մասնակցությամբ գործընթացի համար։

- Ոչ մեկը չի ուզում պատասխանատվությունն իր վրա վերցնել, որովհետեւ գիտեն, թե ինչ դաժան հետեւանքներ կլինեն։ Օրինակ, նույն Եվրոպայում հավաքական Արեւմուտքը, որն ուզում է խաղաղության պայմանագրի գլխավոր բրոքերը լինել, ես վստահ չեմ, որ ինքն ունակ է եւ կարող է պահել, սահմանափակել Ադրբեջանին, որ ինքը կկարողանա հետեւել Ադրբեջանի պարտավորվածությունների կատարմանը։ Հիմա Ալիեւն այս քայլը կարող է ավելի թանկ ծախել Մոսկվային․ տեսեք` ես հրաժարվեցի արեւմտյան դաշտում ինչ-որ խաղաղության պայմանագիր քննարկել, տեսնեմ՝ դուք ինձ ինչ եք առաջարկելու, եթե ավելի շատ բան առաջարկեք, ձեր միջոցով այս հարցը կլուծենք։ 

- Հայաստանի՞ հաշվին։

- Այո, հիմա ամեն ինչ լուծվում է Հայաստանի հաշվին, որովհետեւ Հայաստանը չի ուզում ոչինչ անել։ Կարեւոր չէ` դա կլինի Մոսկվայում, Վաշինգտոնում, Բրյուսելում, կապ չունի, ամեն ինչ լինում է Հայաստանի հաշվին, որովհետեւ Հայաստանը սուբյեկտից նվազեց մինչեւ ֆակտոր, հետո ֆակտորից դարձավ արդեն օբյեկտ։ Հիմա Իրանն Ադրբեջանի հետ համատեղ զորավարժություններ պիտի անցկացնի, ամենաբարձր մակարդակի հանդիպումներ են տեղի ունենում, որովհետեւ ընդհանուր տարածաշրջանում հարցերը որոշվում են առանց Հայաստանի, որովհետեւ Հայաստանը ոչ մի բան չի անում։ Հիմա այն դաշնակիցները, որ կային կամ կարող էին լինել, համագործակցում են Ադրբեջանի հետ, որովհետեւ ինքն է որոշում օրակարգը տարածաշրջանում, իսկ Հայաստանը չի դիմադրում այդ օրակարգերին, ոչ էլ ալտերնատիվ օրակարգ է առաջարկում, ու, հետեւաբար, իմաստ չկա պայմանավորվել Հայաստանի հետ։ 

- Տարածաշրջանում հիմա ասողը Ադրբեջա՞նն է։

- Իհարկե, ասողը Ադրբեջանն է, Հայաստանն էլ կատարողն է։ 

- Իրանի հայտարարությունները, որ թույլ չեն տա տարածաշրջանում սահմանների խախտում, պարզապես քաղաքական հայտարարություննե՞ր են։
 

- Ոչ, իրենք պատրաստ են այդ գիծը պահել, բայց եթե տեսնում են, որ Հայաստանը չի պահում, առանց Հայաստան այդ գիծը դժվար է պահել։ Երբ որ Հայաստանը գնում, Պրահայում ճանաչում է Արցախն Ադրբեջանի կազմում, էլ ո՞վ կպահի, ինչո՞ւ Եվրոպան չպահեց այդ գիծը, որ Արցախն Ադրբեջան չէ, ինչո՞ւ Միացյալ Նահանգները չպահեց, որ Արցախն Ադրբեջան չէ, ինչո՞ւ Իրանը չպահեց, ինչո՞ւ Ռուսաստանը չպահեց. որովհետեւ Հայաստանը հրաժարվեց։ Հիմա Հայաստանը հրաժարվել է դիմադրությունից․ երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 30 տոկոս լճի համար պետք չէ պատերազմել՝ ամեն ինչ պարզ է։ Եթե գլխավոր ֆակտորն Ադրբեջանն է, պիտի գնանք, իր հետ պայմանավորվենք, որ ինքը չհարձակվի, սա անի, այն անի, ու իրեն ինչ-որ բան առաջարկենք։

- Հռոմի ստատուտի մասին Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՀՀ իշխանությունները հաշվի չեն առել հայ հասարակության կարծիքը, եւ դա ճակատագրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա։

- Առաջինը՝ Հայաստանի շահերի հետ Հռոմի ստատուտն ընդհանրապես ոչ մի ընդհանուր բան չունի, նույնիսկ եթե չքննարկենք Ռուսաստանի կոնտեքստում։ Հռոմի ստատուտը ոչ մի ձեւով չի զսպելու Ադրբեջանին։ Ադրբեջանը մերժեց՝ կատարել միջազգային դատարանի որոշումը, որ Բերձորի միջանցքը բացի։ Ադրբեջանը միջազգային քրեական դատարանի անդամ չէ եւ պարտավոր չէ որեւէ բան կատարել։ Ավելին ասեմ՝ որեւէ մի դեպք չկա, որ մի կողմը մեղադրում է մյուս երկրին, որն այդ կազմակերպության անդամ չէ, որն այդ զտումներն է կատարել, ու որեւէ պատժամիջոց կիրառված լինի։ Չեք պատկերացնի, թե Իսրայելի դեմ ինչքան քննարկումներ են գնում՝ ոչ մի բան։ Նույնիսկ Իսրայելի մի քաղաքացի, որը մասնակցում էր որոշում կայացնելու գործընթացին, ոչ մի բան։ Մի բան էլ՝ բոլոր քննարկումները տեւում են 8-10 տարի։ Հիմա՝ 8-10 տարի հետո այս պետությունը կարող է վերջանալ, դադարել գոյություն ունենալուց, եւ ոչ մի զսպող մեխանիզմ, ոչ մի բան չի աշխատելու։ Ընդհակառակը՝ սա գլխավոր միջոցներից մեկն է, որպեսզի հաստատվի Արեւմուտքի դոմինանտությունը տարբեր ֆորմատներում։ Չէ՞ որ կա ԵՄ, կա ԵԱՏՄ, կա ՆԱՏՕ, կա ՀԱՊԿ։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը գնում է Ազատ ինտերնետի կոնֆերանսի, որը փաստացի Արեւմուտքի, ԱՄՆ օրակարգն է` տեղեկատվական անվտանգության առաջմղում, նշանակում է, որ, այո, կա երկու դաշինք, եւ Հայաստանը միանում է արեւմտյան դաշինքին։ Այստեղ նույնիսկ Ռուսաստանի հարցը չէ։

- Ստեղծված իրավիճակում, երբ Իրանը զորավարժություններ է անում Ադրբեջանի հետ, ՌԴ-ն շեշտում է, որ ՀՀ-ն իր նկատմամբ թշնամական քաղաքականություն է վարում, ի՞նչ է սպասվում մեզ։

- Նույն բանը սպասվում է Հայաստանին․ այն, ինչ տեղի է ունեցել Արցախում, տեղի է ունենալու Հայաստանում։ Հայաստանն այսօր Ադրբեջանում եւ Թուրքիայում կոչվում է Արեւմտյան Ադրբեջան։ Ի՞նչ տեղի ունեցավ Արցախում՝ մաս-մաս կտրտեցին, ժողովրդին՝  խաղաղ բնակչությանը սպանեցին, մորթեցին, քաղաքների անվանումներին այլ անվանումներ դրեցին, հայերին տարածաշրջանից հանեցին․ նույն բանը կլինի Հայաստանում։ Ի՞նչ իլյուզիաներ կան՝ չեմ հասկանում։