Պայքար Շիրակի համար եւ ծանոթ անուններ

Պայքար Շիրակի համար եւ ծանոթ անուններ

Հանրապետության 2-րդ քաղաք Գյումրին եւ Շիրակի մարզը մշտապես հանդես են եկել որպես ընտրական «քինդեր-սյուրպրիզներ»։ Սա այն մարզն է, որը 2013 թվականին ընտրեց ընդդիմադիր թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին, նախորդ անգամ էլ գործող նախագահ Սերժ Սարգսյանը Շիրակից անհամեմատ քիչ ձայներ ստացավ։ Պատահական չէ, որ ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերի համար Գյումրին շատ կարեւոր է լինելու։ 

Մենք փորձեցինք պարզել, թե Շիրակի մարզում եւ Գյումրիում սկսված նախընտրական գործընթացներն ինչպես են ընթանում, ովքեր են լինելու այստեղ հիմնական ուժերի, հատկապես՝ ընդդիմության, պատասխանատուները եւ նախընտրական շտաբների պետերը։ Մասնավորապես տեղեկացանք, որ մեծ «պահանջարկ» է վայելում գեներալ-լեյտենանտ, ԱԻ նախկին նախարար եւ պատերազմից հետո հրաժարական ներկայացրած Ֆելիքս Ցոլակյանը, որին հրավիրում են ընդդիմադիր բեւեռի երկու թեւերից էլ՝ թե՛ Սերժ Սարգսյան-«Հայրենիք» եւ թե՛ Քոչարյանի դաշինքից։ Համոզում են, որ լինի իրենց նախընտրական շտաբի պետը՝ կազմակերպի մարզում նախընտրական աշխատանքները։ Սակայն, մեզ հասած տեղեկություններով, Ֆելիքս Ցոլակյանը ոչ մեկին «հա» չի ասում։ Զանգահարեցինք նրան, ասաց․ «Հիվանդ եմ, կորոնա եմ, ոչ մի բանի հետ կապ չունեմ»։ Եղե՞լ են նախընտրական պրոցեսների հետ կապված խնդրանքներ՝ Քոչարյանի թիմից, Սարգսյանի կամ գուցե Փաշինյանի։ Ֆելիքս Ցոլակյանն ասաց․ «Չէ, ոչ մի բան չկա։ Կորոնա է, կորոնայով եմ զբաղված»։

Միաժամանակ տեղեկություններ կան նաեւ Շիրակում ազդեցություն ունեցող այլ անձանց հնարավոր դիրքավորումների մասին․ նախկին ԲՀԿ-ական, ապա ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ըստ այդմ, կողմնորոշվել է դեպի ՀՀԿ-«Հայրենիք», Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էլ բոլոր ճակատների հետ բանակցությունների մեջ է, իսկ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն էլ վիրավորված է Քոչարյանից, որը որպես դաշինքի կողմից լիազորված անձ՝ մարզում տեսնում է ոչ թե իրեն, այլ Շիրակի նախկին մարզպետ, Ռոբերտ Քոչարյանի ժամանակ 6-րդ վարչության պետ Աշոտ Գիզիրյանին, ում հետ Վարդան Ղուկասյանը մշտապես լարված հարաբերություններ է ունեցել։ Թե՛ Մարտուն Գրիգորյանի, թե՛ Բալասանյանի  հետ այս թեմայով խոսել չհաջողվեց․ անհասանելի էին կամ չէին պատասխանում զանգերին։  

Հարցին, թե Ռոբերտ Քոչարյանից առաջարկ եղե՞լ է՝ ներգրավվելու Գյումրու նախընտրական շտաբում, Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը խուսանավեց․ «Հիմա դա քեզ ի՞նչ պետք է, որ դու ինձ էդ հարցը տալիս ես»։ Վիրավորվա՞ծ է, որ նախապատվությունը, հնարավոր է, տրվել է Գիզիրյանին։ «Չէ, ես ոչ մեկից վիրավորված չեմ, ո՛չ Ֆելիքս Ցոլակյանից, ո՛չ Գիզիրյանից, բայց մի բան գիտեմ, որ լեննականցիները միլիցիա, ԿԳԲ-ի աշխատող, դատախազ չեն սիրում։ 41 թվականին Լեննականում կար 3 միլիցիա, երեքն էլ կողքի գյուղերից էին։ Որ ասում էին՝ արեք, միլիցիա եղեք, պատերազմ մի գնացեք, լեննականցիք ասում էին՝ կգնանք ֆրոնտ՝ կգյուլուլվինք, բայց միլիցա չենք էղնի։ Ես իմ գյումրեցոց ցավը տանիմ, բայց ես անձնական հարգում եմ ե՛ւ նրան, ե՛ւ նրան, խնդիր չունենք, մենք աշխատել ենք շատ նորմալ։ Էդ էլ էսպես հումորային կարգով, էլի։ Լեննականյան հումորն ընդունո՞ւմ եք վաբշե»։ Բնականաբար։ Վարդան Ղուկասյանին հարցրինք նաեւ Գյումրիի նախընտրական տրամադրությունների մասին։

Նրա խոսքով՝ բարդ հարց է։ «Ո՞ւմ են ընտրելու, հիմա ո՞վ կարա ասի՝ ում են ընտրելու։ Դու կարա՞ս ասես։ Բայց որ էսօրվա իշխանություններն իրենց սպառել են, ժողովուրդը, մարդիկ զգում են, ամեն ինչ տեսնում են, էդ փաստ է։ Նախկիններից էլ Քոչարյան Ռոբերտը աղետի գոտի է վերականգնել, պատերազմ է հաղթանակել, ու տնտեսական աճով, ամեն ինչով ներգաղթ է եղել, արտագաղթն էլ դադարել է։ Ով որ էդ սկզբունքով է մտածում, Քոչարյան Ռոբերտին էլ կընտրի»։ Իսկ Սերժ Սարգսյանի՞ն, ՀՀԿ-ի՞ն, որը միացել է «Հայրենիքի» հետ։ Վարդան Ղուկասյանն ասում է․ «Չեմ հավատա, որ ՀՀԿ-ին ձայն տան։ ՀՀԿ-ի համար բերեցին Նիկոլին։ Էնքան ատելություն ունի ժողովուրդը ՀՀԿ-ի նկատմամբ, որ ում էլ դնես, բացի Նիկոլից, կանցնի։ Դուք չգիտե՞ք, որ ինձնից եք հարցնում։ Բոլորդ էլ լավ գիտեք»։

Բնականաբար, նախընտրական պրոցեսներին անմասն չէ նաեւ «Իմ քայլը»․ ասացին, որ Շիրակից Կարեն Սարուխանյանն օրերս հանդիպել է «Գազպրոմ Արմենիայի» Արթիկի մասնաճյուղի ղեկավարության հետ (գազամատակարար ընկերությունը 600-700 աշխատող ունի եւ այդքան քվե)։ Թե ինչու՝ կարելի է ենթադրել։ Հանդիպե՞լ եք «Գազպրոմ Արմենիայի» ներկայացուցիչների հետ՝ հարցրինք Կարեն Սարուխանյանին։ Նա հարցին հարցով պատասխանեց՝ ե՞րբ։ Օրերս։ Ասաց՝ 3-4 ամիս առաջ է հանդիպել։ Իսկ ի՞նչ հարցով։ «Ուղղակի ծանոթացել ենք»,- պատասխանեց Սարուխանյանը։ 

Զրուցեցինք նաեւ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ։  

- Սրբազան, Ձեզ «Հրապարակից» լրագրող է անհանգստացնում։ 

- Ո՞ր մեղքիս համար։ 

- Ընտրությունների ենք հունիսի 20-ին, Գյումրու, Շիրակի, առհասարակ, քվեն շատ կարեւոր է։ Շիրակում ի՞նչ տրամադրություններ են։ 

- Խառը։ 

- Խառը, այսինքն, ըստ կուսակցական-ընդդիմադիր-իշխանություն համակրանք-հակակրանքների՞։ 

- Այո։ 

- Իշխող կուսակցությանը՝ ՔՊ-ին, պաշտպանողներ կա՞ն։ 

- Կան։ Ցավոք։ 

- Այն, որ 2-րդ եւ 3-րդ նախագահներն առանձին-առանձին են հանդես գալու, ըստ Ձեզ, կպառակտի՞ նրանց համակիրներին։

 - Ես չեմ կարծում, թե երկրորդ եւ երրորդ նախագահները շատ մեծ համակիրներ ունեն Գյումրիում, եւ բնավ կողմնակիցը չեմ, որ երկրորդ եւ երրորդ նախագահները մտնեն գործընթացի մեջ, որովհետեւ ի սկզբանե ասել եմ եւ կարծիքս հեշտությամբ չեմ փոխում։ Ես ոչ մի նախկին չեմ ուզում տեսնել, չեմ ուզում տեսնել նաեւ այսօրվա իշխանությանը։ 1991 թվականից մինչ այսօր ես ոչ մի նախկինի ու այսօրվա իշխանության չեմ ուզում տեսնել։ 

- Բայց, ուզեք թե չուզեք, հենց նրանք են դիտարկվում որպես ընդդիմադիր բեւեռներ։ 

- Դե, եթե «ուզեք, թե չուզեք», թող լինի այն, ինչ պետք է լինի։ 

- Սրբազան, մարզում նախընտրական պրոցեսները ղեկավարողների անուններ են տրվում՝ Ցոլակյան, Ղուկասյան եւ այլք։ 

- Ես չեմ կարծում, որ Ցոլակյանը կամ Ղուկասյանը․․․ Կարծում եմ՝ իրենք արդեն հոգնած են քաղաքականությունից։ Իսկ եթե հոգնած չեն, ամեն մարդ իրավունք ունի քաղաքականության մեջ խառնվելու։