Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը շարունակում են դեստրուկտիվ դեր խաղալ երկրի կյանքում

Լեւոն Տեր-Պետրոսյանն ու նրա թիմը շարունակում են դեստրուկտիվ դեր խաղալ երկրի կյանքում

Լեւոն Տեր-Պետրոսյանն ու իր թիմը շարունակում են երկրում դեստրուկտիվ դեր կատարել։ ՀՀ առաջին նախագահը մեկ իր պաշտպանության տակ է առնում Նիկոլ Փաշինյանին եւ իշխանությունների դեմ քայլ անողներին գրեթե հայրենիքի դավաճան անվանում, մեկ՝ ամենավերջին խոսքերն ասում վարչապետի հասցեին, տարանջատվելով նրանից։ Ընդամենը ռետրոսպեկտիվ հիշենք նրա հայտարարություններից մի քանիսը։ 

2020 թվականի ապրիլի 7-ին Տեր-Պետրոսյանը հուժկու հարված հացրեց Փաշինյանի ընդդիմախոսներին՝ նրանց գամելով անարգանքի սյունին․ 

«Մինչ իշխանություններն զբաղված են գրեթե շուրջօրյա տքնաջան աշխատանքով, չգնահատված հանճարների, սադրիչների ու չարակամների մի հսկայական բանակ, հայտնի ուժերի վերահսկողության տակ գտնվող անթիվ լրատվամիջոցներով ու հարյուրավոր ֆեյքերով, փաստորեն պատերազմի երկրորդ ճակատ է բացել նրանց դեմ։ Առերեւույթ օգտակար խորհուրդների եւ կառուցողական առաջարկների շղարշի ներքո այնպիսի ատելություն ու թշնամանք է սերմանվում իշխանությունների հանդեպ, որ լրջագույն կասկած է առաջացնում դրանց հեղինակների «բարեկամեցողության» նկատմամբ։ Իշխանության քննադատների մեծագույն մասն առաջնորդվում է ոչ թե իրավիճակի հաղթահարման գործում վերջինիս օժանդակելու, այլ ընդհակառակը՝ խանգարելու ու դրանով քաղաքական դիվիդենտներ շահելու մտադրությամբ, ինչը եթե բնական է սովորական պայմաններում, ապա պատերազմի ժամանակ հավասարազոր է պետական դավաճանության»։ Իսկ վերջում․ «․․․թերեւս ավելորդ չէ նշել, որ ներկա օրհասական պահին իշխանություններին խանգարող, սատար չկանգնող, նրանց համար լրացուցիչ խնդիրներ առաջացնող յուրաքանչյուր ոք վտանգում է ոչ միայն երկրի ապահովությունը, այլեւ իր մերձավորների կյանքը։ Ես հավատում եմ մեր ժողովրդի ողջախոհությանը և փորձության ժամին բազմիցս դրսևորած համախմբվելու ունակությանը»։

Եւ այսպիսի շռայլ որակումներ իշխանությունների հասցեին թույլ տվող անձը, որին ոմանք համարում են մեր 30-ամյա պատմության ամենալուրջ քաղաքագիտական միտք կրող անձանցից մեկը, ով տասնամյակներ առաջ իբրեւ թե կանխատեսում էր 2020 թվականին տեղի ունենալիք ողբերգական դեպքերն ու կորուստները, այդ դեպքերից ընդամենը մի քանի ամիս առաջ չէր գիտակցում, որ իշխանությունների «տքնաջան աշխատանքն» ուղղված է հենց պատերազմը մոտեցնելուն, իսկ իր նշած «չարակամներն» ընդամենը իրենից լավ են կանխատեսում վերահաս աղետը եւ նրանց ահազանգերն ու քննադատությունները հենց դա կանխելուն են ուղղված։ 

Հաջորդը հունիսի 5-ի հայտնի «Պարզագույն սիլլոգիզմն» էր՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանից․
«a) Կորոնավիրուսը պատերազմ է հայտարարել Հայաստանին,
b)  Պատերազմը վարելու բեռն ընկած է իշխանության ուսերին,
c)  Ով պայքարում է իշխանության դեմ, կամա թե ակամա դավաճանում է ազգին։ Պատերազմի ժամանակ ներքաղաքական պայքարը խելահեղություն է, որը ոչ մի արդարացում չունի»:

Ահա այսպես՝ ով պայքարում է իշխանության դեմ, դավաճան է եւ ոչ թե՝ հակառակը։ Հետո տարվա ընթացքում եւս երկու անգամ նա փորձեց սատար կանգնել իր «հոգեզավակին», թեեւ հաջորդ անգամներն ավելի զգուշորեն՝ ժողովրդական սերն իր պաշտպանյալի հանդեպ նվազում էր եւ արդեն շատերը՝ անգամ լեզուներ չտիրապետող ու քաղաքագիտությունից բոբիկ մարդիկ սկսել էին հասկանալ, թե ինչ սխալ ենք գործել 2018-ին երկրի ղեկավար կարգելով անփորձ ու անհավասարակշիռ անձին։

Մի հայտարարությունն Տեր-Պետրոսյանն արեց պատերազմը սկսելու առաջին օրերին՝ սեպտեմբերի 29-ին։ Այդ հայտարարությունը կոչվում էր․ «Հայկական կողմի համար պահի հրամայականը»․ 
«ա. Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների վիժեցումն ու պատերազմն առանց տարածքային կորուստների դադարեցումն է, 
բ. Ռուսաստանի նախաձեռնությամբ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ ոչ թե ձևական, այլ առարկայական բանակցությունների անհապաղ վերսկսումը»:

Բնականաբար՝ կոչերն ու ցանկությունները մնացին անհետեւանք։ Մյուս հայտարարությունը ՀՀ առաջին նախագահն արեց պատերազմի ավարտից ու խայտառակ համաձայնագրի կնքումից անմիջապես հետո՝ երբ լավագույն պահն էր իշխանափոխության, եւ նա իր հեղինակավոր խոսքով կասեցրեց քաղաքական ուժերի քայլերն ու զսպեց հանրային դժգոհության ալիքը։ 2020թ․ նոյեմբերի 10-ին Տեր-Պետրոսյանը հայտարարեց․ 

«Ստեղծված ճգնաժամային իրավիճակից առանց նոր կորուստների դուրս գալու հրամայականը քաղաքացիական պատերազմի վտանգից խուսափումն ու ներքաղաքական հակասությունների հաղթահարումն է բացառապես սահմանադրական ճանապարհով»։

Իսկ դեկտեմբերի 1-ին անգամ հրապարակեցին մի հայտարարություն, որը Լեւոն Տեր-Պետրոսյանը պատրաստվել էր հրապարակել պատերազմի ժամանակ՝ եթե Փաշինյանը հրադադար կնքեր, «որպեսզի  Փաշինյանի որոշումը անհապաղ հրադադարի վերաբերյալ չդիտվեր որպես նրա անձնական նախաձեռնություն և դրա ամբողջ պատասխանատվությունը չընկներ նրա վրա, ավելի պարզ ասած` նրա դեմքը փրկելու համար»:  Բայց քանի որ հրադադարը չէր կնքվել, հայտարարությունն էլ չէր հրապարակվել։

Իսկ 2021 թ․ մարտի 10-ին նա արդեն խարազանում է Փաշինյանին, թեեւ չի հասկացվում՝ ինչու դա չէր անում նոյեմբերին, երբ նոր էր կնքվել կապիտուլյացիան, հայտնի էին մեր կորուստների չափերը եւ պարզ էր, որ ամեն հաջորդ օրը նոր աղետներ է բերելու մեզ։ Ինչո՞ւ Տեր-Պետրոսյանի նման ինտելեկտուալը չէր կանխատեսում եւ կոչ չէր անում՝ օր առաջ հեռանալ պաշտոնից։ Գուցե այն պատճառով, որ ինքն ու իր քաղաքական ուժը նորից իշխանության գալու շանսեր չունե՞ին, իսկ իր թիմակիցներին՝ Ջհանգիրյան, մյուսներ, դեռ առաջիկա ամիսներին տարբեր պաշտոնների տեղավորելու ծրագի՞ր ուներ։ 

Ինչեւէ, մարտի 10-ին Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց․ «Ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի բուն եւ միակ պատճառը երկիրը ղեկավարելու իր առաքելության մեջ լիովին ձախողված եւ մեր ժողովրդին ստորացուցիչ պարտության մատնած անձի հիվանդագին կառչածությունն է սեփական աթոռին»:

ՀԳ Երկրի հիմնադիր նախագահի կերպարի հետ բոլորովին չի համընկնում այս քայքայիչ, անհավասարակշիռ, սեփական շահերից բխող պահվածքը։ Իր բարձր ինտելեկտը երկրի շահերին ծառայեցնելու, այս օրհասի պահին փրկօղակ դառնալու փոխարեն Լեւոն Տեր-Պետրոսյանն ամեն անգամ, օրիգինալ երեւալու մղումով, մի տարօրինակ ու ապակառուցողական հայտարարություն է անում, խաթարելով բնական պրոցեսների ընթացքը։

Սվետա Մարտիրոսյան