Կոնսերվատորիայի ռեկտորը կատարել է դատարանի որոշումը եւ նույն օրը լուծարել հաստիքը

Կոնսերվատորիայի ռեկտորը կատարել է դատարանի որոշումը եւ նույն օրը լուծարել հաստիքը

Երկուսուկես տարի առաջ` 2021 թվականին, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի թանգարանի վարիչ Նանա Մարգարյանն անակնկալ կերպով հեռացվեց աշխատանքից, նրա պնդմամբ` անմարդկային ու գռեհիկ ձեւով կոտրել են իր աշխատասենյակի դռան կողպեքը եւ իրեն առանց որեւէ հիմնավոր պատճառի հեռացրել աշխատանքից: Մարգարյանի խոսքով` պատճառն այն է, որ ինքը ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի «կռուգից» չէ եւ չի հարում նրա գաղափարներին, նաեւ չի մասնակցել 2018-ի հեղափոխությանը: Այս հեռացումը Կոնսերվատորիայի որոշ շրջանակների մոտ վրդովմունք էր առաջացրել:

Նանա Մարգարյանի խոսքով` իրեն ապօրինաբար աշխատանքից հեռացնելու կապակցությամբ դեռ երկուսուկես տարի առաջ դատարան է դիմել` իրեն աշխատանքում վերականգնելու եւ փոխհատուցում ստանալու պահանջով: 2023-ի սեպտեմբերին, շուրջ երկու տարի տեւած դատական պրոցեսն ավարտվել էր հայցվոր Մարգարյանի հաղթանակով: Դատարանը վճռել էր վերականգնել վերջինիս, սակայն, ըստ Մարգարյանի, ռեկտոր Սոնա Հովհաննիսյանը Վերաքննիչ դատարան է դիմել՝ վճիռը բողոքարկելու նպատակով: Ամիսներ տեւած դատական պրոցեսներից հետո Վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել առաջին ատյանի կայացրած վճիռը` վերականգնել Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի թանգարանի վարիչ Նանա Մարգարյանին եւ փոխհատուցել այս ընթացքում չվճարված աշխատավարձը։ Սակայն հիմա էլ ռեկտոր Հովհաննիսյանը գրություն է ուղարկել, որ տվյալ հաստիքը կրճատվել է։ «Գրության մեջ ռեկտորը նշել է, որ գումարը կփոխանցեն` սեղմ ժամկետում: Ուշագրավն այն է, որ ինձ նույն օրում վերականգնել է ու կրճատել է թանգարանի վարիչի հաստիքը եւ նշում է, որ այլ հաստիք չկա` ինձ վերականգնելու համար, իբր թե Կոնսերվատորիայում կրճատումներ են եւ այլն: Իմ նկատմամբ տեղի է ունենում ապօրինություն: Որեւէ մեկն իրավունք չունի Վերաքննիչ դատարանին դեմ գնալու, սակայն փաստացի ռեկտորը դեմ է գնում: Ո՞վ է նման բան տեսել՝ նույն օրում վերականգնել ու կրճատել նույն հաստիքը: Դիտավորյալ են անում, որ անգործ մնամ: Երեք տարի է՝ դատարաններում եմ, ես էլ ի՞նչ անեմ այս անարդարությունների դեմ: Պատճառը նրա ստորությունն է, նրա չարությունը, ես գնալու եմ արդարության ետեւից մինչեւ վերջ: Նա չի ուզում, որ ես հայտնվեմ իր «կլանի» մեջ»,- նշում է Մարգարյանը: