Յուրացված հեղափոխությունը
«Դուք եք բերել ինձ ստեղ նստացրել, դուք ինչի՞ համար եք բերել ստեղ նստացրել»,- մայիսի 19-ին իր հերթական ինքնաեթերում շփոթահար եւ հիասթափված հեղափոխական հանրությանը զայրացած դիտողություն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ավելի ճիշտ՝ ոչ թե դիտողություն արեց, այլ գոռաց այդ հանրության անդամների վրա: Նիկոլ Փաշինյանն անդադար խոսում է, եւ այդ խոսելու ընթացքում որոշակի պարբերականությամբ սկսում է նաեւ գոռալ:
Նա գոռում է Ազգային ժողովում, կառավարության նիստում, ինքնաեթերի ընթացքում եւ, հավանաբար, ՔՊ նիստերում ու սեփական ընտանիքում: Գոռում է ՀՀ «երջանիկ եւ հպարտ» քաղաքացու վրա, նախկինների վրա, նախկինների հետ համագործակցության մեջ կասկածվող ԼՀԿ-ի վրա, իր հեղափոխական քայլարշավը րոպե առ րոպե լուսաբանած լրագրողների վրա: Նույնը, թերեւս, նա պահանջում է իր ապաքաղաքական թիմից, որի ներկայացուցիչներից շատերի բառապաշարն ու տոնայնությունը վերջնականապես նմանվում են Նիկոլի՝ «սամասուդով» եւ «դուխով» ուղեկցվող ելույթներին:
Ընդամենը օրեր առաջ չորսուկես ժամ տեւած մամլո ասուլիսից հետո խոսելու իր անհանգ ծարավը չկարողանալով պարպել՝ Նիկոլ Փաշինյանը մայիսի 19-ի ինքնաեթերում շարունակեց խոսել համարավակի, Միքայել Մինասյանի պատասխան ինքնաեթերների, վերջինիս մեղադրանքները հերքել-չհերքելու մասին: Սակայն մոռացավ պատասխանել իր իսկ հարցին՝ «Դուք եք բերել ինձ ստեղ նստացրել, դուք ինչի՞ համար եք բերել ստեղ նստացրել»: Հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն իրականում այդ հարցն ինքն իրեն պետք է տար՝ ինչի՞ համար է այդտեղ՝ վարչապետի գահաթոռին նստել՝ հընթացս յուրացնելով ողջ իշխանությունը: Փաշինյանը հիշում է, թե ինչպես է հասել վարչապետի գահաթոռին, սակայն մոռացել է, թե ինչու:
Նա մոռացել է «Սերժ Սարգսյանի վրայով կարված» Սահմանադրության փոփոխության մասին: Մոռացել է 2014թ. դեկտեմբերի 4-ի Հայաստանի՝ ԵՏՄ անդամակցության պայմանագրին իր «դեմ» քվեարկությունը եւ իր ելույթը. «Մի մեծ սուտ կա՝ ԵՏՄ-ին Հայաստանի միանալու պայմանագրի մասին: Իշխանության ներկայացուցիչներն ասում են, թե սա ինտեգրացիոն պրոցես է: Իրականում Հայաստանի համար սա ոչ թե ինտեգրացիոն, այլ մեկուսացման պրոցես է»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոռացել է ԱԺ նախկին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի՝ 2013թ. հոկտեմբերի 23-ի ԱԺ-ի ելույթը՝ բարձրաստիճան պաշտոնատար անձանց աշխատավարձերի բարձրացման առիթով. «Աղքատության աճի այս պայմաններում քաղաքական էլիտան որոշել է բարձրացնել իր իսկ աշխատավարձը. սա ոչ այլ ինչ է, քան ցինիզմ»:
Հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն արդեն երկու տարի է՝ սուպերվարչապետության կրողն է եւ «Սերժ Սարգսյանի վրայով կարված կոստյումի նոր տերը: Փաշինյանն արդեն երկու տարի է՝ ԵՏՄ ջերմեռանդ աջակիցն է, բարձրաստիճան պաշտոնատար անձանց բարձր աշխատավարձեր շնորհողն ու պետական ապարատին պարգեւավճարներ շռայլողը:
Եվ բոլոր նրանք, ովքեր սկսել են որոնել Փաշինյանի իրական կերպարը, ովքեր թերահավատ են նրա «100 փաստերի» պատումների հանդեպ, ովքեր նրա կառավարումը համարում են անարդյունավետ, ովքեր քննադատում են նրա կադրային քաղաքականությունը, մերժում ղարաբաղյան թեզիսները, ձաղկում պետբյուջեի վատնումը, ովքեր հիասթափված են՝ չտեսնելով հեղափոխական փոփոխություններն ու իրական արդյունքները, նրանց բոլորի վրա գոռալով՝ Նիկոլ Փաշինյանը նույն հարցն է տալիս․ «Ինչի՞ համար եք ստեղ ինձ նստացրել»: Երկու տարի շարունակ հեղափոխական հանրությունը նույն հարցն է տալիս հեղափոխության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին եւ որպես պատասխան՝ բախվում է հեղափոխության մսխմանն ու պետականաշինության ձախողմանը:
Նիկոլ Փաշինյանի ձեռքը կրակն է ընկել ոչ միայն հիասթափված հանրությունը, այլեւ հայոց լեզուն, որ նրա եւ նրա թիմակիցների ջանքերով զրկվել է գրական հիմքից՝ վերածվելով կենցաղային եւ ժարգոնային լեզվի, ճիշտ այնպիսին, ինչպես այժմ քաղաքականության եւ պետական կառավարման լեզուն է՝ աղքատիկ, ժարգոնային եւ ցածրակարգ:
Նիկոլ Փաշինյանը սիրում է անվերջ խոսել հեղափոխության մասին: Նա հեղափոխության մասին է խոսում, երբ ստիպված է պատասխանել միահեծան կառավարման, միանձնյա որոշումների կայացման եւ իր բռնապետական ձգտումների մասին: Նա հեղափոխության մասին է խոսում, երբ պետք է պատասխաններ տա չկայացած «տնտեսական հեղափոխության», համավարակի ծավալների արագ աճի, ՀՀ արտաքին քաղաքականության բացակայության, ղարաբաղյան հիմնախնդրի «լավրովյան պլանի» շրջանառման, խորհրդարանի իրավասությունները գրպանելու, միակուսակցականության հաստատման, մայրաքաղաքի խնդիրների անտեսման, սեփական թիմում կոռուպցիայի աղմկահարույց փաստերի, ձախավեր կադրային քաղաքականության, ընտրովի արդարադատության իրականացման եւ դատաիրավական բարեփոխումների արգելակման մասին: Նա հեղափոխության մասին է պատմում հրկիզված կուսակցական դաշտի եւ ամուլ քաղաքական մտքի, քաղաքական օրակարգի բացակայության, ազգային խնդիրների եւ նպատակների չընկալման պայմաններում:
Նա հեղափոխության մասին է պատմում ամենուր. Բրյուսելում, Մոսկվայում, Նյու Յորքում, Հայաստանի գյուղերում: Նա հեղափոխության մասին է պատմում եվրոպական ամբիոններից, հայկական համայնքի հետ հանդիպումներում, երկարաշունչ մամլո ասուլիսներում: Երկու տարի շարունակ նա հեղափոխության մասին է պատմում, եւ ոչ ոք չգիտե, թե այս երկար պատումը երբ պետք է ավարտվի: Ոչ ոք չգիտե, թե երբ է ավարտվելու երկու տարի առաջ հաղթած հեղափոխությունը:
Հեղափոխությունը միակ ձեռքբերումն է եւ միակ խոստումը, որ Փաշինյանը կարողացել է իրականացնել՝ համախմբելով ողջ հայ ժողովրդին: Կարեւոր ձեռքբերում՝ մսխված ներուժով եւ սպառվող հնարավորություններով:
Նիկոլ Փաշինյանն իրականում յուրացրել է հայկական թավշյա հեղափոխությունը: Նա յուրացրել է հեղափոխության փաստն ու իրողությունը, գաղափարներն ու սկզբունքները՝ փոշիացնելով համընդհանուր ձգտումներն ու հանրային վստահությունը: Նա հեղափոխական հանրությանը թողել է միայնակ սեփական խնդիրների լուծման, արդարության հաստատման եւ օրինականության գերակայության՝ չիրականացված սպասելիքների հետ: Նա հանրության անդամներին զրկել է սեփական կարեւորության գիտակցումից, պետության եւ հանրության կյանքում սեփական նշանակության գնահատումից: Փաշինյանը յուրացրել է հայկական հեղափոխությունը՝ բոլոր հիասթափվածներին կոպտորեն ասելով՝ «դուռն այն կողմն է»: Նիկոլ Փաշինյանը յուրացրել է նաեւ հեղափոխության անունից հանդես գալու իրավունքը:
Վերջին 30 տարվա ընթացքում Հայաստանում երկու թավշյա հեղափոխություն է իրականացվել՝ 1988թ. ղարաբաղյան Շարժմամբ, որը քաղաքական հանգրվանի է հասել 1990թ. մայիսի 20-ին՝ ՀՀ Գերագույն խորհրդի կազմավորմամբ, երկրորդը՝ 2018թ. ապրիլին, որ սկսվել է մարտի 31-ին Նիկոլ Փաշինյանի քայլարշավով, ավարտվել Սերժ Սարգսյանի հրաժարականով եւ մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում Փաշինյանի ընտրությամբ:
Ղարաբաղյան Շարժման քաղաքական ղեկավարությունը՝ «Ղարաբաղ» կոմիտեն, Շարժման այլ առաջամարտիկները սակավադեպ են Շարժումը որակել հեղափոխություն՝ իրենք իրենց երբեք չբնութագրելով որպես «հեղափոխականների»: Նիկոլ Փաշինյանն ու նրա քաղաքական թիմն անվերջ խոսում են «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» հեղափոխության մասին՝ իրենց համարելով այդ հեղափոխության տերն ու տիրականը: Ուշագրավն այն է, որ խորհրդային համակարգում ծնված-մեծացած ղարաբաղյան Շարժման առաջամարտիկներն իրական հեղափոխականներ էին, որոնք ավելի հեղափոխական քաղաքական փոփոխություններ կատարեցին Հայաստանում, քան 2018թ. իշխանության եկած «անկախության սերնդի» ներկայացուցիչները:
Նիկոլ Փաշինյանը յուրացրել է հայկական հեղափոխությունը: Այդ հեղափոխությունը Փաշինյանից եւ նրա քաղաքական թիմից ետ նվաճելը դարձել է հայ ժողովրդի իրավունքն ու պարտականությունը եւ ժամանակի հրամայականը:
Կարծիքներ