Նախկին նախարարի եղբորն ազատեցին դեսպանի պաշտոնից
Այսօր հայտնի դարձավ, որ Թաթուլ Մարգարյանը հետ է կանչվել Բելգիայում և Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի, ինչպես նաև Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավարի պաշտոնից:
Նախագահի հրամանագրով Բելգիայում ՀՀ դեսպան, ինչպես նաև Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար է նշանակվել Աննա Աղաջանյանը։
Թաթուլ Մարգարյանը, հիշեցնենք, դեսպան էր նշանակվել 2014-ին, մինչ այդ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն էր։ Նա ՀՀԿ-ական հանգուցյալ նախարար Արմեն Մովսիսյանի հարազատ եղբայրն էր, չնայած նրանց ազգանունների տարբերությանը։
Ինչ վերաբերում է Աննա Աղաջանյանին, ապա 2013-2018թթ․ Ինդոնեզիայում ՀՀ դեսպանն էր և ընտանեկան հանգամանքներով պայմանավորված՝ հրաժարվել էր պաշտոնից և խնդրել իրեն տեղափոխել Եվրոպա։
ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞վ է պայմանավորված Մարգարյանի հետկանչը, պատասխանեց ․«ԱԳՆ-ում գործող ռոտացիայի կարգով», հնարավո՞ր է այլ տեղ նշանակվի․«Ես այս պահին նման տեղեկություն չունեմ»։
Արման Կիրակոսյանի մահվանից հետո՝ 2019 թվականի հուլիսից թափուր է նաեւ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը, հետաքրքրվեցինք՝ ինչու՞ է ուշանում դեսպանի նշանակումը․ «Պայմանավորված է ներքին՝ մեր և իրենց ընթացակարգերով»,- ասաց Նաղդալյանը՝ նշելով, որ ավելին չի կարող մանրամասնել։
Կարծիքներ